Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Վերնիսաժի» մոտ մայիսի 17-ին արձակված կրակոցների առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը դեռևս շարունակվում է, և դեպքի վերաբերյալ ընդամենը պատառիկներ են հայտնի հանրությանը: Փաստաբաններն ու գործին մասնակից այլ անձինք լռում են` ելնելով նախաքննության գաղտնիությունից:
Սակայն օրեր առաջ մի շարք փաստեր բացահայտեց կրակոցներից վիրավորված և ներկայումս հիվանդանոցում գտնվող Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
Այս մանրամասների մասին Yerkir.am-ը զրուցեց կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանի հետ: «Այնպիսի տպավորություն է, որ որևէ մեկը Գոռի նկատմամբ բռնություն չի կիրառել, ու Գոռն առանց որևէ բանի կրակել է»,- ասաց փաստաբանը:
Վալերիի փաստաբանը նշել էր, որ, հակառակ այն լուրերի, թե կրակոցներն արձակվել են դրսում, Վալերիի վրա Գոռը կրակել է այն ժամանակ, երբ նա նստած է եղել մեքենայի ղեկին: Երկրորդ անգամ կրակել է, երբ Վալերին դուռը բացել ու ցանկացել է փախչել:
Երեմ Սարգսյանը այս հանգամանքի վերաբերյալ հայտնեց հետևյալը. «Մեքենայի մեջ» ասվածը հարաբերական է: Չեմ կարող ասել, թե նման տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, սակայն պետք է հստակ պատկերացնել, թե նա ինչի է գնացել, մեքենան նստել: Այ, երբ դա պատկերացնեմ, կխոսեմ»:
Իսկ այն հակադարձմանը, որ մեքենան նստել է, որ հեռանա, ճանապարհն էլ բացի, Ե. Սարգսյանն ասաց. «Այ, դա իրականությանը չի համապատասխանում: Եթե անհրաժեշտություն լինի, հետագայում կանդրադառնանք դրան»: Փաստաբանը հավելեց նաև, որ որոշ ժամանակ հետո գուցե կարողանա ավելի ազատ խոսել, սակայն դեռևս շատ հարցերին մեկնաբանություններ անել չի կարող, քանի որ այդ դեպքում կ հրապարակի որոշ մանրամասներ, ինչի իրավունքը չունի:
Լևոն Բաղդասարյանը հայտնել էր նաև, որ դեպքից հետո վիրավորների և ներկայումս արդեն գործով մեղադրյալ Ներսես Մելքոնյանին հիվանդանոց տեղափոխել են Վալերիի վարած մեքենայով (այն պատկանել է Վալերիի հորը` Սամվել Հովհաննիսյանին): Դրանից հետո մեքենան անհետացել է, իսկ նախաքննական մարմինը քայլեր չի ձեռնարկում` այն գտնելու համար:
Երեմ Սարգսյանը նշեց, որ այս տեղեկության մասին իմացել է Լ. Բաղդասարյանի հայտարարությունից, և ինքն էլ է կարևորում մեքենան հայտնաբերելը. «Մենք նույնպես շատ ցանկանում ենք, որ գտնվի մեքենան: Այդ հանգամանքը լույս կսփռի շատ հարցերի վրա»,- նշեց նա:
Նշենք, որ այս գործով արդեն երկու մեղադրյալ է անցնում: Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1, 6, 10 կետերի հատկանիշներով` «խուլիգանական դրդումներով սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով» և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «ապօրինի կերպով ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»: Իսկ Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով`«մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը»: Երկու մեղադրյալն էլ ներկայումս կալանքի տակ են: