կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-11 14:19
Հասարակություն

ՀՀԿ-ական պատգամավորը դեմ չէ՞ Քիմ Քարդաշյանի արձանի տեղադրմանը

ՀՀԿ-ական պատգամավորը դեմ չէ՞ Քիմ Քարդաշյանի արձանի տեղադրմանը

Հետաքրքիր է' կա՞ն աշխարհի երեսին էլի ազգեր, որոնց կեսի համար մի մարդ կարող է լինել հերոս, մյուս կեսի համար' թշնամի. այսօր' լրագրողների հանդիպման ժամանակ, նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը' անդրադառնալով Երեւանում Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցին:

 

Պատգամավորը նշեց, որ հարցը վիճահարույց է, քանի որ կարծիքները բախվում են: «Բայց հաստատ համոզված եմ, որ եթե չլիներ ինքը, վատ գործերը միգուցե ավելի շատ կարող էին լինել: Միակ հայազգին է եղել, որ այդքան բարձրաստիճան' գերտերության երկրորդ դեմքն է եղել, ու պատմությանը հայտնի է, թեկուզ, որպես երրորդ համաշխարհային պատերազմը կանխած մարդ»,- նշեց Արագած Ախոյանը:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանն էլ նշեց, թե ինքն այն կարծիքին է, որ, բոլոր դեպքերում, իր ազգային պատկանելությամբ հայ ժողովրդի զավակն է Միկոյանը: «Դա մեզ մոտ ինքնին պետք է դրական վերաբերմունք առաջացնի: Եթե անգամ ազգությամբ հայ, հայկական պատկանելություն ունեցող խոշոր ու ճանաչված մարդ լիներ, որ ապրում էր Ֆիլիպիններում, ով ո'չ Հայաստանի տեղը իմանար, ո'չ հայերեն խոսեր, ո'չ էլ հայ ժողովրդի համար մի որեւէ օգտակար գործ արած լիներ, նա նույնպես իր ազգային պատկանելությամբ պետք է հպարտություն մեր մեջ առաջացներ: Այնպես որ` Միկոյանը եղել է գերտերության երկրորդ դեմք ու ազգությամբ հայ, եւ ես կարծում եմ, որ կարելի է սրան ըմբռնումով մոտենալ: Ընդունել ու ոչ թե հերոսացնել Միկոյանին, այլ հայրենիքում նրա հուշարձան ունենալն ինձ համար ընդունելի է»,- նշեց Վարդապետյանը:

 

Yerkir.am-ը Վարդապետյանից հետաքրքրվեց` եթե ազգային պատկանելությունն ու ճանաչումն է չափորոշիչ, հնարավո՞ր է, որ մի օր է Երեւանի փողոցներում հանդիպենք Քիմ Քարդաշյանի կամ մերկապարուհի Վարդայի արձաններին, ովքեր, ի դեպ, որոշ լավ գործեր հայերի համար արել են' բարերարություն, կոչեր և այլն: ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ եթե հայտնի մարդ է, հայտնի հայ է` կարելի է կանգնեցնել: «Այդ գնահատականը թողնենք սերունդներին: Մենք նաեւ թողնենք, որ սերունդներն այդ գնահատականը տան: Ամեն դեպքում` այդ մարդն անհատականություն է եղել, գերտերության խորհրդարանի ղեկավարն է եղել' երկրորդ դեմքը, այսպես ասած»,- շեշտեց պատգամավորը:

 

Երբ պնդեցինք պատասխանել' միայն հայտնի հայ լինելու փաստարկմամբ հնարավո՞ր է, որ Միկոյանի արձանից հետո տեղադրենք Քիմ Քարդաշյանի ու Վարդայի արձանները, Տաճատ Վարդապետյանը նշեց, թե ինքը կողմնակից է, որ Վահան Տերյանի արձանն ավելի նորոգ վիճակում կանգնեցվի եւ Դերենիկ Դեմիրճյանի շիրմաթմբի վրայից գողացված կիսանդրին վերականգնվի: Հետո ավելացրեց. «Արձանագիտության իմ գիտելիքներն այնքան էլ վառ չեն»:

 

Իսկ Արագած Ախոյանը, անդրադառնալով մեր հարցին, ասաց. «Դուք ճիշտ եք: Ցավոք, կարող է մի ժամանակ գալ, երբ դրան էլ հասնենք, Քարդաշյանի եւ նմանների արձանը դնենք, եթե մենք հրաժարվենք մեր ազգային-տրադիցիոն արժեքներից, որի համար մենք աշխատում ենք օր ու գիշեր»:

 

Yerkir.am-ի հարցին, թե Միկոյանի կերպարով ի՞նչ ուղերձ ենք հղելու սերունդներին ու ի՞նչ ենք փորձելու դաստիարակել նրանց մեջ, Ախոյանը պատասխանեց, թե, իր կարծիքով, արձանի տեղադրումով ինչ-որ լուրջ հարց չի լուծվելու: Մեր դիտարկմանը` այդ դեպքում ինչո՞ւ ենք դնում, Ախոյանն արձագանքեց. «Ես չեմ դնողը, դնողը Երեւանի ավագանին է, հարցրեք իրենց»: