կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-11 16:34
Քաղաքական

Երևանի քաղաքապետարանը դեմ է Արամ Մանուկյանի կենսագրական տվյալներով ցուցանակի տեղադրմանը

Երևանի քաղաքապետարանը դեմ է Արամ Մանուկյանի կենսագրական տվյալներով ցուցանակի տեղադրմանը

Մի քանի ամիս առաջ ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեն դիմել էր Երեւանի քաղաքապետարանին՝ առաջարկելով Արամ Մանուկյանի արձանի դիմաց տեղադրել բազմալեզու մի ցուցանակ, որ ամփոփ կերպով կներկայացներ Առաջին Հանրապետության հիմնադրին։

Երեւանի քաղաքապետարանը մերժել է առաջարկը։

Հրապարակում ենք թե՛ առաջարկությունը պարունակող նամակը, թե՛ քաղաքապետարանի պատասխանը։

Նախքան գրավոր պատասխանը, քաղաքապետարանից ուղղակի կապ են հաստատել մեզ հետ ու փորձել համոզել մեզ, որ այդ ցուցանակի կարիքը չկա, պատճառաբանելով՝

«Աշխարհում չկա ոչ մի արձան, որի կողքին տեղադրված լինի ցուցանակ՝ կենսագրական մանրամասնություններով»։ «Զբոսաշրջիկը կարող է «գուգլ»-ով (Google) որոնել եւ իր ուզած տվյալները կարդալ»։ «Ինչո՞ւ եք ուզում անպայման կուսակցականացնել Արամ Մանուկյանին»։

Որպես պատասխան`

1 - նամակների կողքին հրապարակում ենք աշխարհի տարբեր երկրներում գտնվող արձանների լուսանկարներ, որտեղ երևում են արձանը մարմնավորող անձնավորության մասին կենսագրական և այլ մանրամասնություններ։

2 - Իսկ ինչո՞ւ սպասել, որ զբոսաշրջիկն ի՛նքը փորձի տվյալներ որոնել Արամ Մանուկյանի մասին, երբ կարելի է այդ բոլորը հակիրճ հրամցնել ցուցանակով։ Մի՞թե զբասաշրջությունը քաջալերելու հիմնական միջոցը զբոսաշրջիկին ամեն բան դյուրին հասանելի դարձնելը չէ։

3 - Եվ, վերջապես, մեր առաջարկած գրության մեջ դուք որտե՞ղ կարդացիք Դաշնակցություն բառը։

Քաղաքապետարանի գրավոր պատճառաբանություններին կարելի է ծանոթանալ պատասխան նամակից։

ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեն այս հարցը չէր բարձրաձայնում, քանի որ մերժումի նամակը ստացվել էր համավարակի տարածման եւ արտակարգ դրության հայտարարության նախօրյակին։ Սակայն վերջերս քաղաքային իշխանության՝ երկրում տիրող իրադրությունից կտրված քննարկումները Մահաթմա Գանդիի արձանի տեղադրման մասին, մեզ մղեցին այս հարցը հրապարակավ արծարծելու։

ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեն իր հերթին մերժում է քաղաքապետարանի մերժողական պատասխանը եւ շարունակելու է հետամուտ լինել Արամ Մանուկյանի արձանի դիմաց ճարտարապետական նորմերին համապատասխան ցուցանակի տեղադրման արտոնության ձեռքբերմանը։ Այս իմաստով հրապարակավ դիմում ենք Երեւանի Ավագանու բոլոր խմբակցություններին՝ այս հարցը քննարկելու Աւագանու հաջորդ նիստին եւ հաստատելու ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեի առաջարկը։

Իսկ ինչ վերաբերում է պատասխան նամակում նշված երկրորդ կետին՝ Առաջին Հանրապետության Կառավարության շենքի ճակատին ցուցանակ տեղադրելուն, որ դարձյալ առաջարկել էինք քաղաքապետարանին եւ համաձայնություն ստացել, ապա էսքիզի պատրաստության աշխատանքները արդեն ընթանում են, եւ շուտով նախագիծը կներկայացնենք քաղաքային իշխանություններին։