կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-10 18:32
Հասարակություն

Սկաուտներին տված հողը հետ են վերցնում

Սկաուտներին տված հողը հետ են վերցնում

Հունիսի 12-ի նիստում կառավարության հաստատմանը կներկայացվի մի ուշագրավ որոշման նախագիծ: Ըստ օրակարգում ընդգրկված 5-րդ կետի` գյուղատնտեսության նախարարությունը կառավարությանը պետք է առաջարկի ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության` 2014 թվականի մարտի 27-ի նիստի N 12 արձանագրության 8-րդ կետը:

 

2014 թվականի մարտի 27-ի նիստի արձանագրության 8-րդ կետը վերաբերում է «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպությանն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմանը:

 

Դրանով նախատեսվում էր «Հայանտառ» ՊՈԱԿ-ին անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված՝ Երևանի վարչական սահմաններում գտնվող' «Երևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Երևանի անտառպետության (անտառտնտեսության տարածքային միավոր) 7-րդ քառակուսու 21-րդ և 24-րդ տեղամասերում գտնվող 3 հեկտար անտառային հողը  անհատույց օգտագործման իրավունքով անժամկետ տրամադրել «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպությանը' մշակութային նպատակով' սկաուտական պարապմունքներ, համահայաստանյան ու միջազգային բանակումներ կազմակերպելու համար:

 

Ինչպես նշվում էր կառավարության` մարտի 27-ին ներկայացված որոշման նախագծի հիմնավորումներում, քանի որ «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» ՀԿ-ն, որի նպատակն է դաստիարակել պատասխանատու, գիտակից, հասարակայնորեն ակտիվ, հոգեպես ամուր, հայրենասեր երիտասարդ սերունդ, ունի բազմաթիվ անդամներ, հաշվի առնելով համահայկական միջոցառումների նկատմամբ հետաքրքրության և դրանց մասնակցել ցանկացողների թվի տարեցտարի աճը, ինչպես նաև այն հանգամանքը, որ կազմակերպության զբաղեցրած ներկայիս տարածքն իր չափերով և պայմաններով չի բավարարում պահանջներին' սկաուտական պարապունքներ, համահայաստանյան ու միջազգային բանակումներ կազմակերպելու համար, 3 հեկտար հողատարածք տրամադրելու դեպքում կազմակերպությանը հնարավորություն կընձեռվի առավել արդյունավետ կազմակերպել իր գործունեությունը:

 

Որոշման ընդունման դեպքում, նշում էր նախագիծը ներկայացնողը, կազմակերպությունը կապահովի իր կանոնադրական խնդիրների կատարումը, ավելի մեծ թվով պատանիներ կներգրավվեն Հայաստանում կազմակերպվող սկաուտական միջոցառումներում, որն իր հերթին կնպաստի մանկապատանեկան զբոսաշրջության զարգացմանը: Կառավարությունը նշում էր, թե հատկապես Սփյուռքից սկաուտական միջոցառումներին մասնակցող պատանիների թվաքանակը կաճի, որի արդյունքում, ի հաշիվ նրանց հարազատների, կավելանա նաև Հայաստան այցելողների թիվը:

 

Տարածքի տրամադրման դեպքում, նշվում էր հողը տրամադրելու վերաբերյալ որոշման կայացման ժամանակ, կազմակերպությանը հնարավորություն կընձեռվի բարելավելու առկա պայմանները, միջոցառումները դարձնելու առավել արդյունավետ և պատանիների համար գրավիչ ու հետաքրքիր, ինչպես նաև պայմաններ կստեղծվեն ոչ միայն համահայկական, այլև միջազգային բնույթի միջոցառումներ կազմակերպելու համար:

 

Դա նախորդ կառավարության պաշտոնավարման ժամանակաշրջանն էր: Բայց հարկ է նշել, որ մարտի 27-ի' սկաուտներին հող հատկացնելու վերաբերյալ որոշման նախագծի հեղինակը նույն գյուղատնտեսության նախարարությունն էր` նույն Սերգո Կարապետյանի գլխավորությամբ:

 

Նոր կառավարության համար, պարզվում է, ՀԱՍԿ-ի նախկին պահանջը հիմա հիմնավոր չէ: Որովհետեւ նախագծի հեղինակներն իրենց ներկայացրած նախագծի հիմնավորումներում նշում են, թե 2009 թվականի փետրվարի 2-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «ՀԱՍԿ» ՀԿ-ի միջև կնքված անտառային հողերի վարձակալության պայմանագրով «ՀԱՍԿ» ՀԿ-ին 25 տարի ժամկետով տրամադրվել է Երևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Երևանի անտառպետության 7-րդ քառակուսու 21-րդ և 24-րդ տեղամասերում գտնվող 0.96 հա անտառային հող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի «Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և  «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին» N 533-Ն որոշմա,բ Բյուրականի անտառապետության մեկ հեկտար անտառային նշանակության հողամասը փոխադրվել է հատուկ պահպանվող տարածքների կատեգորիայի  և անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել է «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» ՀԿ-ին' խաղահրապարակ կառուցելու համար:

 

«Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ պահանջված հողամասի վերաբերյալ չկան բավարար հիմավորումներ` ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի նիստի N 12 արձանագրության 8-րդ կետը ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը»,- նշում են նախագծի հեղինակները: