կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-10 16:23
Հասարակություն

Միկոյանի դերը հայ ժողովրդի ճակատագրում միանշանակ բացասական է եղել. պատմաբան

Միկոյանի դերը հայ ժողովրդի ճակատագրում միանշանակ բացասական է եղել. պատմաբան

Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման մտադրության մասին տեղեկատվությունը բուռն բողոք է առաջացրել հասարակության շրջանում: Քննարկումն ընթանում է հարցազրույցների, բանավեճերի մակարդակով, սակայն պետական մարմիններն անընդհատ փորձում են շեշտել, թե փաստագրական առումով իրենց ձեռքի տակ ոչինչ չկա, եւ դա է պատճառը, որ նման որոշում է կայացվել. այսօր' Երեւանում Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման կապակցությամբ հրավիրված գիտաժողով-քննարկման ժամանակ, նշեց ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Բագրատ Եսայանը:

 

ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն, ըստ նրա, հենց այդ նպատակով է հրավիրել այդ քննարկում-գիտաժողովը, որպեսզի քննարկումների արդյունքում ծնվելիք փաստաթղթերն ընդունվեն որպես հիմնավորում եւ փաստաթղթային բազա, որպես այդ որոշումը բեկանելու փաստաթղթային հիմք:

 

Քննարկման ժամանակ, որին մասնակցում էին մի շարք գիտնականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, ներկայացվեց Անաստաս Միկոյանի անցած ուղին, գործունեությունը, լույս սփռվեց հասարակության լայն հատվածների համար դեռեւս անհայտ` Անաստաս Միկոյանի իրական անձի ու կերպարի վրա:

 

ՀՅԴ Բյուրոյի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Լեւոն Մկրտչյանը ելույթում նշեց, թե այս խնդիրը, որը թվում է, թե կենտրոնացել է ընդամենը մեկ անձի վրա, շատ ավելի խորքային է, եւ այդ առումով բոլորի ուշադրությունը կենտրոնացրեց այն խնդրի վրա, որն ավելի շատ հոգեբանական, սոցիալ-հոգեբանական հարթությունում է գտնվում: Նա նշեց, որ այսօր մենք փոքր-ինչ ուշացած, բայց մի հարց պետք է տանք` մեր այսօրվա Հայաստանում' անկախության 20-22 տարվա անկախ պետականության ընթացքում, մեր երեքհազարամյա պատմության ո՞ր պետական կամ պատմական գործչի արձանը պետք է դնենք:

 

«Ո՞ւր է մեր ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի առաջին կերտողի' Արտաշես թագավորի արձանը, ուր են մեր թագավորների արձանները: Դինաստիաներ ենք ունեցել, որոնցից յուրաքանչյուրը տվել է այնպիսի դեմքեր, ովքեր պատիվ կբերեն տասնյակ ժողովուրդների: Արդյո՞ք մենք այսօր իրավունք չունենք տեսնելու Աշոտ Երկաթի արձանը, ով առաջին ազատագրական պայքարի ռահվիրան էր»,- նշեց Լեւոն Մկրտչյանը:

 

Արձանն ու փողոցն այն տեղն են, ըստ նրա, որ պապիկը թոռնիկին պետք է ցույց տա արձանն ու ասի, որ այս մարդն այսինչն է եղել, ու դրանով ինչ-որ բան սովորեցնի թոռնիկին: Եվ Երեւանի քաղաքապետարանը պետք է հստակ քաղաքականություն ունենա, թե ո՞րն է փողոցների ու արձանախմբերի դերը մեր երեխաների' մեզ բոլորիս համար, ու սա է, ըստ Լեւոն Մկրտչյանի ամենակարեւոր խնդիրը:

 

«Եթե զարկված, զրկված հայությունը, սովետական տարիներին կարողացել է իր համար ընտրել այն կերպարներին, որոնք մեզ հոգեհարազատ են' Վարդան Մամիկոնյան, Գայ, մարշալ Բաղրամյան, Իվան Իսակով եւ այլն, ու հպարտացել ենք նրանցով, ապա անկախության տարիներին պետք է կարողանանք ընտրել այնպիսի կերպարներ, որ մեր երազը' մեր երեքհազարամյա պատմությունը խորհրդանշեն: Մենք մեզ չենք կարող թույլ տալ, որ մեր պատմությունը սկսվի 19-րդ դարավերջից-20-րդ դարասկզբից»,- շեշտեց Լեւոն Մկրտչյանը` հավելելով, որ նման շռայլություն իրենց կարող են թույլ տալ մեր այն հարեւանները, ում պատմությունը սկսվում է այդ ժամանակաշրջանից:

 

Ըստ նրա` Խորհրդային միության ժամանակ սա հասկացել են' Սասունցի Դավթի, Հայկ նահապետի, Վարդան Մամիկոնյանի արձաններն են դրել: Անկախության ժամանակ ի՞նչ այդպիսի գործ ենք արել մեր քաղաքը, մեր երկիրը զարդարելու համար: Ո՞ւր է Աշոտ Մեծագործի արձանը, որը նայում է Անիին, ով հիմնադրել է այդ քաղաքը»,- վերջում նշեց Լեւոն Մկրտչյանը եւ ասաց, որ սա, նախեւառաջ, պատմաբանների, քաղաքական գործիչների ու հասարակության խնդիրն է:

 

Պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Ներսիսյանը ներկայացրեց Անաստաս Միկոյանի կերպարը` իր ելույթը վերնագրելով «Անաստաս Միկոյանի դերը հայ ժողովրդի ճակատագրում», եւ ամենասկզբից շեշտեց' այդ դերը եղել է միանշանակ բացասական:

 

Պատմաբանը պատմական փաստերով իր ասածը հիմնավորելուց առաջ նշեց, որ Անաստաս Միկոյանի արձանը կանգնեցնելը Երեւանում մեծ հարված է Հայաստանի անկախության գաղափարին, քանի որ Միկոյանն իր ողջ կյանքի ընթացքում, մասնավորապես` Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո' Հայաստանի անկախության կորստյան տարիներին, պայքարել է Հայաստանի դեմ:

 

«Ընդ որում' ոչ միայն պայքարել է, որ իր կուսակիցների' բոլշեւիկների կողմից Թուրքահայաստանի մասին դեկրետը չիրականացվի, այլեւ կա 1919 թվականի դետեմբերին' Լենինին հասցեագրված մի նամակ, որով կոչ է անում հրաժարվել Թուրքահայաստանի մասին դեկրետից, եւ, առհասարակ, հարված է հասցրել միացյալ Հայաստանի ստեղծման գաղափարին»,- նշեց պատմաբանը:

 

Ըստ նրա` Միկոյանն է իր աստրախանյան հայտնի ելույթով կոչ արել ու հետագայում հասել այն բանին, որ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը փակվի եւ վերափոխվի Ռուսաստանի կոմունիստական բանվորական կուսակցության մասնաճյուղի, հետո Արեւմտյան Հայաստանի վերաբերյալ հայկական պահանջատիրության դեմ է հանդես եկել, ինչպես նաեւ իր կուսակիցների հանդեպ լավ վերաբերմունք չի ունեցել: Պատմաբանը նշեց, թե սկզբում Միկոյանը անցել է Պարսկաստան` Անդրանիկի գումարտակին կամավորագրվելու, բայց կարճ ժամանակ հետո մի ապտակ է ստացել Անդրանիկից ու լքել գումարտակը' հետագայում անդամագրվելով բոլշեւիկյան կուսակցությանն ու հանդես գալով հայ ժողովրդի շահերի դեմ:

 

Իսկ դիվանագետ Արա Պապյանն անդրադարձավ այն «միֆին», թե Անաստաս Միկոյանի շնորքն էր, որ երրորդ համաշխարհային պատերազմ չսկսվեց, Կարիբյան ճգնաժամը հարթվեց: Նախկին դիվանագետը շեշտեց, թե ճգնաժամը հարթել են բոլորովին այլ մարդիկ, բայց բոլշեւիկյան կուսակցական վերնախավին պետք էր, որ ճգնաժամի հարթումը վերագրվեր կուսակցությանն ու նրա ղեկավարությանը: Իսկ Միկոյանի դերն այդ ամբողջ պատմության մեջ եղել է երիտասարդ Ֆիդել Կաստրոյին հանգստացնելը, ով ռադիոյով էր լսել, որ ԽՍՀՄ-ն ատոմային մարտագլխիկները հանում է Կուբայից ու սաստիկ վրդովվել էր:

 

Վերջում քննարկման մասնակիցները նշեցին, որ արձանի տեղադրման մասին որոշումը հենց պարզ դարձրեց, թե իրականում ով է եղել Միկոյանը ու ինչքան բացասական դեր է խաղացել հայ ժողովրդի պատմության համար: