կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-31 16:27
Հասարակություն

Եզդի ժողովրդի դերը բանակաշինության գործում մեծ է

Եզդի ժողովրդի դերը բանակաշինության գործում մեծ է

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ ընդունել է «Մեդիա-Շանգալ» եզիդների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչներին. հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը:

 

Ողջունելով հյուրերին` ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել եզդի ժողովրդի ներդրած ավանդը Արցախյան ազատամարտում, նրանց մասնակցությունը ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանությանը և նրանց ունեցած մեծ դերը բանակաշինության գործում: Ս.Օհանյանը ընդգծել է, որ Հայաստանում որևէ խտրականություն գոյություն չունի ազգային փոքրամասնությունների նկատմամբ. եզդի ժողովուրդը հայ ժողովրդի հետ միասին մասնակցում է Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը:

 


Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` «Մեդիա-Շանգալ» հասարակական կազմակերպության նախագահ Ամո Շարոյանը նշել է, որ իրենց նորաստեղծ ՀԿ-ն նպատակ ունի իր մասնակցությունը բերել նաև ՀՀ զինված ուժերի արդիականացման գործին, պայքարել ԶՈւ-ում առկա արատավոր երևույթների դեմ, նվազեցնել բանակում մահվան ելքով դեպքերը և ապահովել ԶԼՄ-ների կողմից դրանց ճիշտ լուսաբանումը, բարձրացնել բարոյահոգեբանական մթնոլորտը: Ա.Շարոյանը եզդի ժողովրդի անունից վստահեցրել է, որ եզդիները ՀՀ մյուս քաղաքացիների հետ միասին պատրաստ են պաշտպանել ՀՀ սահմանները թշնամիների հարձակումներից: 

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ: