Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամի կողմից, Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված, հունիսի 1, 2, 3-ին կկազմակերպվի եռօրյա բարեգործական տոնական համերգ` «Հեքիաթն է կանչում» խորագրով։ Համերգները տեղի կունենան` հունիսի 1-ին` Գյումրիու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, հունիսի 2-ին` Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան համերգասրահում, հունիսի 3-ին` Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանը նշեց, որ համերգին մասնակցելու են օպերային թատրոնի նվագախումբը, մեներգիչները, երգչախումբը, ինչպես նաև հանրապետության էստրադային, ջազային երգիչները, մանկական երգչախմբերը, անսամբլները, տիկնիկային թատրոնի և Մայիլյանի անվան թատրոնի դերասանները։
«Համերգին հնչելու են հայ կոմպոզիտորների հայտնի մանկական երգերն ու մեղեդիները՝ մշակված սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար: Մեր նպատակն է երեխաներին կապել օպերային արվեստի հետ, և հետո` մենք ցանկանում էինք, որ հատկապես մարզերի երեխաները հաղորդակից լինեին մշակութային անցուդարձին, քանի որ հիմա ամեն ինչ կենտրոնացված է Երևանում»,- ասաց Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ երաժիշտ-մանկավարժները 1 տարի դասընթացներ կանցկացնեն երեխաների հետ, կներկայացնեն երաժշտական գործիքները, և այն երեխաները, ովքեր հետաքրքրություն կցուցաբերեն այս կամ այն գործիքի նկատմամբ, հնարավորությւոն կունենան մասնագիտական դասընթացներ ստանալու:
Ի դեպ, «Հեքիաթն է կանչում» համերգի հյուրերն են լինելու մանկատան երեխաները, համերգից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է մանկատներին:
Նախագծի հեղինակ Շմավոն Գրիգորյանն էլ նշեց, որ ուղղակի անհրաժեշտություն է, որ գյուղերի երեխաները լավ երաժշտություն լսեն, քանի որ հիմա նրանք այն տարիքում են, որ վերցնում են այն, ինչ մատուցվում է. «Պետք է նման միջոցառումների միջոցով գեղեցիկի հանդեպ ճիշտ ընկալում ստեղծել»:
Նախագծի օրհներգի հեղինակ Արտակ Հակոբյանն էլ հավելեց, որ անհրաժեշտության դեպքում կտրամադրվեն նաև երաժշտական գործիքներ: Նրա տեղեկացմամբ` նվագախմբերից արդեն իսկ հավաքագրվել են բոլոր այն գործիքները, որոնք չեն օգտագործվում և վերանորոգման կարիք ունեն: Շվեյցարիայում բնակվող հայ երաժիշտներից մեկն էլ խոստացել է վարպետներ ուղարկել Հայաստան` դրանք վերանորոգելու համար: