Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել նախորդ տարվա սեպտեմբերին Վարդենիկի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտների և ֆիզկուլտուրայի ուսուցչի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ գործը:
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով, դպրոցի աշակերտներ Մեսրոպ Գրիգորյանը, Արկադի Պողոսյանը և Աբրահամ Շահինյանը մեղավոր ճանաչվեցին ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետով և դատապարտվեցին, համապատասխանաբար, մեկ տարի և 6-ական ամիս ազատազրկման:
Այսօր լրագրողների հետ զրույցում անչափահաս դատապարտվածների փաստաբան Ալիկ Ստեփանյանը հայտնեց, որ Վերաքննիչ դատարանից պահանջել է բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը և արդարացնել տղաներին: Փաստաբանի խոսքով` գործի թե’ նախաքննության, թե’ դատաքննության ընթացքում թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ: Մասնավորապես` նախաքննության ընթացքում իր պաշտպանյալներին առաջադրվել են նույնաբովանդակ մեղադրանքներ, որոնք վերացական են և կոնկրետացված չեն, բացի այդ` նրանց հարցաքննության ընթացքում չի ապահովվել մանկավարժի ներկայությունը, խախտվել է անչափահասների` օրինական ներկայացուցիչ ունենալու իրավունքը, դատավճռի հիմքում դրվել են միմյանց հակասող ցուցմունքներ և այլն:
Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ երեկ է ինքն իմացել, որ այս գործում որպես վկա է ներգրավված եղել նաև տնօրենի աղջիկը: Նրա խոսքով` քննիչը, եթե գործը քններ ֆիզկուլտուրայի դահլիճում սկսված վիճաբանության պահից, ամեն բան այլ կերպ կլիներ, սակայն, ըստ նրա, քննիչն անդրադարձել է միայն դպրոցի բակում տեղի ունեցած դեպքին:
Ստեփանյանը փաստում է, որ դահլիճում ուսուցիչն իրեն վատ է պահել, վիճելով աշակերտներից մեկի հետ` նրան հրավիրել է դուրս և հայհոյել, ինչն էլ անպատասխան չի մնացել: «Իմ վստահորդներին մեղադրանք է առաջադրված խուլիգանության հատկանիշներով, որը նրանք չեն ընդունում»,- ասաց նա:
Նշենք, որ գործով որպես տուժող ներգրավված ֆիզկուլտուրայի ուսուցիչը` Սևակ Բադալյանը, Վարդենիկի դպրոցի տնօրենի եղբայրն է:
Դատապարտված Մեսրոպ Գրիգորյանի հորեղբոր` Սմբատի խոսքով` աշակերները նախկինում լավ հարաբերություններ են ունեցել ուսուցչի հետ, նրան օգնել շատ հարցերում, սակայն, ըստ նրա, ուսուցիչը չարաշահել է երեխաների` իր հանդեպ հարգանքը և հրահրել վեճը: Նրա խոսքով` ուսուցիչն անգամ մասնագիտական որակավորում չունի: «Տնօրենի ամբողջ գերդաստանը դպրոցում է աշխատում»,- ասաց Գրիգորյանը: