կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-08 14:14
Իրավական

Նիկոլայ Բաղդասարյանի և դատախազության վեճը հասավ դատարան

Նիկոլայ Բաղդասարյանի և դատախազության վեճը հասավ դատարան

Այսօր Շենգավիթի վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում, դատավոր Ա.Ազարյանի նախագահությամբ, տեղի ունեցավ փաստաբաններ Նիկոլայ Բաղդասարյանի և Նազելի Վարդանյանի վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու մասին որոշումը վերացնելու` դատախազի որոշման օրինականության վերաբերյալ դատական նիստը:

Հիշեցնենք, որ Նիկոլայ Բաղդաարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով, այն է՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը: Ըստ նախաքննական մարմնի` Բաղդասարյանն ապօրինի տեղեկություններ է հավաքել և տարածել իր պաշտպանյալի մասնակցությամբ քրեական գործերից մեկով անցնող վկայի վերաբերյալ, որի ցուցմունքը դրվել է նրա պաշտպանյալի մեղադրանքի հիմքում:

Դռնբաց դատական նիստի ժամանակ Բաղդասարյանը դատարանին միջնորդել է այդ անձի վերաբերյալ քրեական գործի համար էական նշանակություն ունեցող տեղեկություններ պահանջել, ինչը բավարարվել է դատարանի կողմից: Այնուհետև դատարանը փաստաբանին է ուղարկել գրության պատասխանը, համաձայն որի` պարզվել է, որ Բաղդասարյանի պաշտպանյալի դեմ ցուցմունք տված անձը հոգեկան հիվանդությամբ է տառապում: Այս ամենից հետո Նիկոլայ Բաղդասարյանը քրգործով անցնող վկայի՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունենալու վերաբերյալ տեղեկությունը հրապարակել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ժամանակ, ինչն էլ դիտվել է ՔՕ 114-րդ հոդվածի խախտում:

Փաստաբանի խոսքով՝ ինքը վկայի՝ հոգեկան խնդիրներ ունենալու մասին ենթադրել է datalex տեղեկատվական համակարգում հրապարակված տեղեկություններից, համաձայն որոնց՝ անձը առաջին կարգի հաշմանդամ է: Եվ քանի որ անձը ֆիզիկական խնդիրներ չի ունեցել, ուսումնասիրելով բժշկական գրականությունը` փաստաբանը միջնորդել է պարզել` արդյո՞ք վկան հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, թե՞ ոչ: Փաստաբանը հայտնում է, որ տվյալ տեղեկությունն առանց անհրաժեշտության չի ստացել, այլ ստացել է՝ նպատակ հետապնդելով պաշտպանել իր վստահորդի շահերը:

Բաղդասարյանը նշում է, որ եթե ինքն այդ տեղեկությունը չպահանջեր և հետագայում պարզվեր, որ նման բան կա, իր վստահորդն արդարացիորեն կարող էր դիմել Փաստաբանների պալատ՝ իր դեմ կարգապահական վարույթ հարուցելու համար՝ այն հիմքով, որ փաստաբանն ինչպես հարկն է չի իրականացրել իր վստահորդի պաշտպանությունը: Իսկ ինչ վերաբերում է տեղեկություններն ապօրինի հավաքելուն, փաստաբանը նշեց, որ դատարանը, բավարարելով իր միջնորդությունը, պահանջել և ստացել է փաստաթուղթը:

Նշենք, որ վեճի առարկա հանդիսացած գործը քննվել է դեռևս 2012-ին, և 2 տարի է, ինչ փաստաբանն այս գործով քաշքշուկների մեջ է: Այս գործով նախաքննական մարմինը նախ որոշում էր կայացրել Նիկոլայ Բաղդասարյանի և Նազելի Վարդանյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժել, ինչը վերահսկող դատախազը վերացրել էր, ապա նաև որոշել էր փաստաբանների դեմ հարուցված քրեական գործը կարճել:

Այսօրվա դատական նիստում Նիկոլայ Բաղդասարյանի փաստաբան Լուսինե Սահակյանը դատախազից հետաքրքրվեց, թե ո՞րն է իր վստահորդի կողմից տեղեկություններ հավաքելու և տարածելու ապօրինությունը, սակայն դատախազը պատասխանեց, որ այդ հարցին կանդրադառնա բողոքի պատասխանում, որը կներկայացնի դատարանին:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 15-ին: