կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-13 12:54
Քաղաքական

ՕԵԿ-ը դիմել է դատախազություն. համալսարանի հետ հողային վեճը նոր զարգացումներ է ստանում

ՕԵԿ-ը դիմել է դատախազություն. համալսարանի հետ հողային վեճը նոր զարգացումներ է ստանում

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողներից մեկը ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչներին հարց ուղղեց ՕԵԿ-ի և ագրարային համալսարանի միջև առկա հողային վեճի վերաբերյալ: Հիշեցնենք, որ երեկ այդ մասին գրել էր Yerkir.am-ը:

 

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարեց. «Մենք ունենք տարածք, ունեցել ենք դահլիճ, ունենք սահմանված կարգով` դեռեւս 2008-ից, բոլոր համապատասխան փաստաթղթերը, որ ՕԵԿ-ը կառուցել է այդ դահլիճը: Ակնհայտ ապատեղեկատվություն է, մեկ գրում են ութ հարկանի շենք է կառուցվում, մեկ գրում են հեռուստաընկերություն է կառուցվում: Դա իրականությանը չի համապատասխանում: Մենք ութ տարի, օգտագործելով ու կառուցելով այդ դահլիճը, ընդամենը վերանորոգել ենք մեր դահլիճը` ունենալով բոլոր փաստաթղթերը: Այլ խնդիր է, որ երկու տարի առաջ, չգիտեմ` ինչու, 18 հազար քառակուսի մետր տարածքի հետ մեկտեղ համալսարանի տնօրինությանը հատկացվել է այդ 256 քառակուսի մետրը, բայց չի կարող նման բան տեղի ունենալ, որովհետև մենք ունենք այդ տարածքի վկայականը` կադաստրի կողմից տրված, քաղաքապետարանի կողմից որոշում, շինթույլտվություն, որի արդյունքում կառուցվել է այդ դահլիճը»:

 

Նա հավելեց, որ  դահլիճի ներքևում ավտոկայանատեղի կա, և ՕԵԿ-ը ունեցել է հանձնարարական` դա ապամոնտաժել, որը չեն արել` ընդառաջելով: «Մենք դիմել ենք դատախազություն, որ պարզաբանում ստանանք, թե ինչ փաստաթղթերի հիմա վրա է մեր այդ տարածքը հանկարծ հայտնվել ակադեմիայի տնօրինության տակ»,- ասաց պատգամավորը:

 

Հարցին` հնարավո՞ր է ՕԵԿ-ի ընդդիմադիր դառնալն է պատճառ հանդիսացել, որ ցանկանում են ՕԵԿ-ից վերցնել այդ տարածքը, Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Քաղաքական ենթատեքստ ունի, թե` ոչ, կյանքը ցույց կտա, գործընթացը ցույց կտա: Պարզից էլ պարզ է, որ այդ հարցն առաջացավ բոլորովին վերջերս: Մենք ութ տարի օգտագործել ենք այդ տարածքը` սահմանված կարգով, ու նման խնդիր չի եղել: ՕԵԿ-ի կենսագրության ընթացքում ՕԵԿ-ը իրեն թույլ չի տվել որևէ մեկից որևէ մի քառակուսի հողատարածք կամ շենք-շինություն զավթել, թույլ չենք տա մեզանից զավթել: Մենք ընդամենը օրենքով սահմանված կարգով օգտագործել ենքհամապատասխան փաստաթղթերով մեզ սեփականության իրավունքով տրված տարածքը»: