կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-24 17:01
Իրավական

Ընկերությունը հեղինակազրկվել է, այցելուներն էլ` պակասել. «Յունիբանկ»-«Հին Էրիվան» վեճը` քրեական դաշտում

Ընկերությունը հեղինակազրկվել է, այցելուներն էլ` պակասել. «Յունիբանկ»-«Հին Էրիվան» վեճը` քրեական դաշտում

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, սկսվեց «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունվարին «Հին Էրիվան» ընկերությունը սնանկ ճանաչվեց:

 

Տեր-Առաքելյանը նախորդ տարվա սեպտեմբերի 25-ին դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն, ԱԱԾ և ոստիկանություն` պահանջելով քրեական գործ հարուցել «Յունիբանկի» գլխավոր տնօրեն Վարդան Աթայանի կատարած ապօրինությունների փաստի առթիվ: Դրա համար հիմք էր հանդիսացել ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Ա. Գաբուզյանի` բանկի և ընկերության միջև առկա վեճի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը, որով պարզվել էր, որ «Յունիբանկի» գործողություններում առկա են խարդախության հատկանիշներ: Սակայն ոստիկանության կենտրոնականի բաժնի հետաքննիչը մերժել էր քրգործի հարուցումը` նշելով, որ Աթայանի արարքում բացակայում է հանցակազմը, ինչից հետո Տեր-Առաքելյանը դիմել էր Երևանի դատախազ Դավթյանին, ով նույնպես մերժել էր նրան:

 

Այսօրվա դատական նիստում «Հին Էրիվանի» ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայտարարեց, որ քննիչը պետք է պարզեր, թե արդյո՞ք առկա է հանցագործության դեպք, այլ ոչ թե ինչ-որ մեկի գործողություններին գնահատական տար: Ըստ նրա` քննիչն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել, մասնավորապես` չի հարցաքննել ո’չ Աթայանին և ո’չ էլ «Յունիբանկի» աշխատակիցներին` պարզելու համար` հանցագործության դեպք կա՞, թե՞ ոչ: Ալումյանը ափսոսանքով նշեց, որ հետաքննիչը, որին ինքը մի քանի կարևոր հարցեր ուներ ուղղելու,  չի ներկայացել նիստին:

 

Մանվել Տեր-Առաքելյանը դատարանից խնդրեց բավարարել իր բողոքը «Յունիբանկի» ապօրինությունների վերաբերյալ քրեական գործ հարուցելու վերաբերյալ: «Ես պետականության կայացման ակունքներում եմ եղել և չէի ուզենա` մի պաշտոնյայի սխալ գործողությունների արդյունքում վնասվեր իմ 25 տարվա աշխատանքը»,- հայտարարեց նա:

 

Կենտրոն և Նոր-Մարաշ վարչական շրջանների դատախազ Ենոքյանը, սակայն, դատարանում պնդեց, որ հետաքննիչի և դատախազի որոշումներն օրինական են: Դատավոր Մակյանն էլ հայտարարեց, որ գործի հետագա քննության համար անհրաժեշտ է ապահովել հետաքննիչի ներկայությունը:

 

Այսպիսով` այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց ապրիլի 11-ին:

 

Yerkir.am-ի հետ զրույցում «Հին Էրիվան»-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը նշեց, որ ինքն ամեն բան անելու է` «Յունիբանկի» ապօրինությունները բացահայտելու համար: Նրա խոսքով` շուրջ 3 տարի տևած դատական գործընթացից հետո իրենց ընկերությունը հեղինակազրկվել է, այցելուներն էլ` պակասել: 

 

Տեր-Առաքելյանը նշեց, որ եթե օրհասական իրավիճակ ստեղծվի և իրենք հասկանան, որ չեն կարողանում շենքը պահել, մեծ մամլո ասուլիս կհրավիրեն, որի ընթացքում ուշագրավ փաստեր կհրապարակեն: «Այսօր հեղինակազրկված է փոքր և միջին բիզնեսի վառ ներկայացուցիչ»,- ասաց նա:

 

Մանրամասն` yerkir.am-ի տեսանյութում: