կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-29 13:15
Իրավական

Սպանված զինվորների ծնողները միշտ էլ հնարավորություն ունեցել են իրենց մտահոգությունները հայտնելու. գլխավոր դատախազ

Սպանված զինվորների ծնողները միշտ էլ հնարավորություն ունեցել են իրենց մտահոգությունները հայտնելու. գլխավոր դատախազ

Ցանկացած գործ, որում կա օբյեկտիվության պակասի զգացում, կարող է քննարկման առարկա դառնալ' ստորադասությունից մինչեւ վերադասություն` մինչեւ ՀՀ գլխավոր դատախազ. լրագրողներին այսօր' կառավարության նիստից հետո, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը' անդրադառնալով դիտարկմանը, թե բանակում զոհված կամ մահացած զինվորների ծնողները պարբերաբար բողոքում են, որ իրենց զավակների մահվան կապակցությամբ հարուցված գործերում խախտումներ են արվում, բազմաթիվ փաստեր հաշվի չեն առնվում եւ այլն:

 

Գլխավոր դատախազը վստահություն հայտնեց, որ յուրաքանչյուր գործով ծնողները հնարավորություն ունեցել են եւ ունեն անարգել իրենց առարկությունները, դժգոհությունները, դիրքորոշումները հայտնելու թե' օրենքով սահմանված' իրենց տրված լիազորությունների շրջանակներում եւ թե', դրանից զատ, համապատասխան վարույթ իրականացնող մարմնի կամ դատախազի հետ:

 

«Ես նաեւ վստահ եմ, որ զինվորական դատախազն այդ առումով խիստ հետեւողական է, եւ համոզմունք ունեմ, որ եթե որեւէ մեկը նախաձեռնություն հայտներ եւ զինվորական դատախազի հետ քննարկեր իր մտահոգությունները կամ մտավախությունները, ապա այդ հնարավորությունից միանշանակ կօգտվեր»,- ասաց նա` հավելելով, որ այլ հարց է, որ ծնողները կամ որեւէ մեկն այդ պայմաններում անգամ բավարարվածության զգացում չունենան օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառով:

 

Նման դեպքերում, հավաստիացրեց Գեւորգ Կոստանյանը, ինքը միշտ պատրաստակամություն է հայտնել անձամբ քննարկել նման հարցերը: