կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-19 13:07
Հասարակություն

Կրթության ոլորտում գումարները միշտ քիչ են. Աշոտյանի մտահոգությունները

Կրթության ոլորտում գումարները միշտ քիչ են. Աշոտյանի մտահոգությունները

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր խորհրդարանում 2016 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ներկայացրեց եկող տարի կրթության ոլորտին հատկացվելիք գումարների տեղաբաշխումները: Նախարարը նշեց, որ հաջորդ տարվա համար կրթության ոլորտի հատկացումները, նոմինալ առումով, ավելի մեծ են, քան ընթացիկ տարվա բյուջեի հատկացումները:

Աշոտյանի խոսքով` հաջորդ տարվա համար հանրակրթության ոլորտին հատկացումներ կատարելու համար նախատեսված են ավելի շատ գումարներ`ելնելով այն ուրախալի փաստից, որ հաջորդ տարվանից մեզ մոտ ավելանալու է աշակերտների թիվը: Նախարարը նշեց, որ նշված ոլորտի հատկացումները 366 հազար աշակերտների ուսումնառության ապահովման համար են. աշակերտների թիվը 13 հազարով ավելի է, քան ընթացիկ տարի:

Ըստ նրա` այդ հատկացումներից զգալի գումար է տրամադրվելու 1990-ական թվականներից անմխիթար վիճակում գտնվող նախադպրոցական հաստատությունների վերակառուցման ու գործարկման համար: «Փորձում ենք վերականգնել նախադպրոցական կրթության հասանելությունը»,- ասաց Աշոտյանը` հավելելով. «Ավելանալու են նաև կրթության առանձնահատուկ պայմանների անհրաժեշտություն ունեցողների հատկացումները: Դա, մասնավորապես, վերաբերում է ներառական կրթություն իրականացնելու հատկացումներին: Խոսքը 5000 աշակերտների մասին է, իսկ ընթացիկ տարում եղել է 3500 աշակերտ: Սա նշանակում է, որ եկող տարի Հայաստանում կավելանա ներառական կրթություն իրականացնող դպրոցների և աշակերտների թիվը»:

Հաջորդ տարվա բյուջեով նախատեսվում է ավելի շատ ֆինանսական հատկացումներ կատարել նաև բարձրագույն կրթության ոլորտին` 800 միլիոն դրամ:

Թեև նախարարն, ընդհանուր առմամբ, գոհ էր իր ղեկավարած գերատեսչության բյուջետային հատկացումներից, սակայն չթաքցրեց նաև իր մտահոգությունները. «Ոչ մի երկրի կրթության ու գիտության ոլորտին հատկացվելիք գումարները բավական չեն`ազգի և ժողովրդի ամբիցիաները բավարարելու համար, կրթության ոլորտում գումարները միշտ քիչ են: Խոսքը բոլոր երկրների մասին է»:

Աշոտյանը նշեց նաև, որ ցանկալի կլինի, որ Տավուշի մարզի մի շարք համայնքների դպրոցահասակ երեխաների սննդի ապահովման համար արվեն ֆինանսական հատկացումներ, որոնք, ըստ իրենց նախնական հաշվարկների, կկազմեն 50 միլիոն դրամ: