Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցը, ինչը կարող է նախադեպային որոշում ստեղծել. Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՀԿ անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
«Մենք նախ վիճարկում ենք բուն այն որոշումը, որով խմբակցության մանդատների թիվը նվազած է մնում՝ 17։ Ես ԿԸՀ նիստում էլ ասացի, որ դրա լուծումը՝ կա՛մ մեկ մանդատի ավելացումը, կա՛մ այդ մանդատի հետ վերցնելը, լիազոր մարմինների որոշելիքն է, և այստեղ նախադեպային վճիռ կարող է ստեղծվել, թե ինչպես է այս հարցը կարգավորվելու առհասարակ։ Վերաքննիչ դատարանը կարող է հենց այդ դերակատարումը ստանձնել և երկու նախադեպ ձևավորել. մեկը կլինի այն, որ խմբակցությունը կդառնա դատարան դիմելու հնարավորություն ունեցող սուբյեկտ, երկրորդը՝ կհանգուցալուծվի այս խորհրդարանում անկախ պատգամավորի մտացածին հարցը»,- ասաց Խաժակյանը։
Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն, նա պատասխանեց, որ ԼՀԿ-ն վստահ է իր դիրքորոշման մեջ և շարունակելու է պաշտպանել այն տարբեր ատյաններում։
«Եթե ատյան առ ատյան որոշեն այդ նախադեպը չստեղծել, որովհետև այն որոշակի բարձր իրավակարգավորումներ է ենթադրում, մենք քայլ առ քայլ գնալու ենք նրան, որ ապացուցենք՝ երբ Սահմանադրությամբ ասվում է, որ այս խորհրդարանը պետք է լինի 100 տոկոս համամասնական, դրանից բխում է նաև, որ չի կարող լինել անկախ պատգամավորի կարգավիճակ, և եթե այդ ատյանների դատարաններն այդ վճիռը չկայացնեն, կարծում եմ՝ Սահմանադրական դատարանն ամբողջությամբ կկարողանա քննել և հարցին հանգուցալուծում տալ»,– ընդգծեց Խաժակյանը։
Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն վարչական դատարան բողոք էր ներկայացրել ԿԸՀ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության 18-րդ մանդատը չվերականգնելու որոշման մասով, մինչդեռ վարչական դատարանը մերժել էր վարույթ ընդունել բողոքը՝ նշելով, որ խմբակցությունը չի կարող հայցադիմող կողմ լինել։ Վերաքննիչ դատարանը պետք է որոշում կայացնի առ այն, թե արդյո՞ք խմբակցությունը դատական կողմ է, ինչպես նաև դիրքորոշում հայտնի խմբակցությունում մեկով նվազած մանդատն ավելացնելու մասին։
Նշենք, որ խորհրդարանում ԼՀ խմբակցությունն ուներ 18 մանդատ, իսկ Արման Բաբաջանյանի՝ խմբակցությունը լքելուց հետո «Լուսավոր Հայաստանի» մանդատները 17-ն են։ ԿԸՀ-ն մերժել էր խմբակցության դիմումը՝ նշելով, որ բացակայում են իրավական հիմքերը, ըստ որոնց՝ կարելի է վերականգնել որևէ խմբակցության մանդատ, եթե պատգամավորներից մեկը լքել է խմբակցությունը, սակայն վայր չի դրել մանդատը։ ԿԸՀ նախագահն ընդգծել էր, որ Ընտրական օրենսգրքում ամրագրված հաշվարկի բանաձևի համաձայն՝ 7-րդ գումարման Ազգային ժողովը պետք է ունենա 132 պատգամավոր, հետևաբար՝ անհնար է մանդատ ավելացնել և պատգամավորների ընդհանուր թիվը դարձնել 133։