կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-08 22:58
Քաղաքական

Սերժ Սարգսյանը Մոսկվայում հանդիպել է Վլադիմիր Պուտինին

Սերժ Սարգսյանը Մոսկվայում հանդիպել է Վլադիմիր Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը տարածել է հետևյալ հաղորդագրությունը:

 

«Երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, նախանշել ռազմավարական գործընկեր երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդման ու խորացման ուղղությամբ հետագա աշխատանքները:

 

«Հարգելի Սերժ Ազատի, թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել Ձեզ Մոսկվայում, շնորհակալություն հայտնել, որ մեզ այցելել եք մայիսի 9-ի նախօրեին, ևս մեկ անգամ շնորհավորել և Ձեզ, և ամբողջ հայ ժողովրդին՝ Հաղթանակի գալիք տոնի կապակցությամբ: Հայաստան իմ այցելությունից հետո մեծ աշխատանք է կատարվել այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ:

 

Ես ուրախ եմ Ձեզ հետ ժամացույցի սլաքներն ուղղելու հնարավորության համար, տեսնելու, թե լրացուցիչ ի՞նչ է պետք անել, որտեղ է մեզ պետք արագացնել համատեղ աշխատանքի տեմպը: Ամեն դեպքում, հաճելի է նշել, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերը, անցյալ տարի, նախորդ տարվա համեմատ, մեզ մոտ գրեթե 11 տոկոսով (10,6 տոկոսով) աճել է ապրանքաշրջանառությունը: Եվ այս տարի ապրանքաշրջանառության աճի դրական տեմպերը և դրական դինամիկան պահպանվում են, այնպես, ինչպես Ռուսաստանը՝ որպես ներդրող, պահպանում է հայաստանյան տնտեսության մեջ առաջին տեղը»,-Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

Շնորհակալություն հայտնելով ՌԴ Նախագահին ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում Մոսկվա այցելելու հրավերի և հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների կարևորագույն հարցերի քննարկման հնարավորության համար՝ նախագահ Սերժ Սարգսյանը փոխադարձաբար շնորհավորել է գործընկերոջը և Ռուսաստանի ժողովրդին՝ Մեծ հաղթանակի կապակցությամբ:

 

«Ես ուրախ եմ, որ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, դաշնակցային գործընկերությունը դինամիկ կերպով զարգանում են: Մենք այսուհետ ևս առավելագույն ջանքեր կգործադրենք այդ հարաբերությունների խորացման համար: Ձեր պետական այցի ընթացքում և սեպտեմբերի 3-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունները, իհարկե, հարստացրեցին մեր օրակարգը: Եվ, իհարկե, այդ պայմանավորվածությունների իրականացումը բոլոր ոլորտներում՝ և արտաքին քաղաքականության, և ռազմատեխնիկական, և տնտեսական, սերտ համագործակցության նոր հնարավորություններ է ստեղծում:

 

Մենք պատրաստ ենք ակտիվ աշխատանքի: Եվ ես կարծում եմ, որ միայն դա է համապատասխանում մեր ժողովուրդների միջև բարեկամության պատմական ավանդույթներին և դա է համապատասխանում մեր ժողովուրդների կամքին, ուստի մենք պատրաստ ենք: Ես ուրախ եմ, որ այսօր Մոսկվայում եմ: Շնորհակալություն հրավերի և այն զրույցի համար, որը մենք արդեն ունեցել ենք»,- ՌԴ Նախագահի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը»: