Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում նոր ինտրիգ է հասունանում. մեր աղբյուրները հայտնում են, որ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ջանքեր են գործադրում ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի պաշտոնանկությանը հասնելու համար։ Լուրեր կան, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մտադիր է այս թեմայով խոսակցություն ունենալ Սերժ Սարգսյանի հետ։
Այն, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ինչպես նաև նրա խնամին՝ Գագիկ Ծառուկյանը, իրականում բարիդրացիական հարաբերություններ չունեն գործող ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, թերևս շատերին է հայտնի։ Իշխանական շրջանակներում խոսում են նաև, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է ոստիկանապետի պաշտոնում տեսնել փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին։ Վերջինս 2004–08թթ. եղել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ։
Սա կարևոր փաստ է, եթե հաշվի առնենք, որ Արարատը համարվում է Հովիկ Աբրահամյանի կալվածքը, իսկ Գագիկ Ծառուկյանը լայնածավալ բիզնես ունի այդ մարզում։ Ուշագրավ է, որ երեկ առավոտից խոսակցություններ էին պտտվում, թե Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը, ում անունը, ի դեպ, այս ընթացքում կապվել է զանազան աղմկոտ պատմությունների հետ, ձերբակալվել է։
Ոստիկանության լրատվական ծառայությունից, սակայն, մեզ հայտնեցին, թե նման բան չկա։
«Անհեթեթություն է»,– պատասխանեցին լրատվականից։
Մեր աղբյուրները պնդում են, սակայն, որ Ազգային անվտանգության ծառայությունը լրջորեն հետաքրքրվում է Արշակ Հակոբյանով և նրա աղմկահարույց գործունեությամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: