Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ տեղի ունեցավ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող Ազգային կինոյի «Հայակ» մրցանակաբաշխությունը:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Հայակ»-ն արդեն իր հաստատուն տեղն ունի կինոյի աշխարհում: «Շատերն են մեծ ոգևորությամբ սպասում այս տոնին, քանի որ մեր երկրում երկար տարիներ հետին պլանում էին մնացել այն ստեղծագործողները, որոնք այսօր արժեւորվելու եւ գնահատվելու են»,- ասաց նա:
«Հայակ-2013» մրցանակաբաշխության ժյուրիի նախագահ Դավիթ Մուրադյանն էլ նշեց, որ դժվար էր 5-10 տարի առաջ պատկերացնել, որ հնարավոր կլինի Հայաստանում նման մրցանակաբաշխություն անցկացնել, քանի որ վերջին տարիներն այնքան էլ «բարենպաստ» չէին հայկական կինոյի համար:
«Հանդիսատեսի համար՝ ինտրիգ, կինոգործչի՝ նեւրոզ»,- այսպես բնութագրեց «Հայակը» Մուրադյանը եւ հավելեց, որ կինոիրականությունը գնահատելու երկու ծայրահեղություն կա՝ հախուռն ժխտողականությունը եւ գունավոր ակնոցը, երկուսն էլ, ըստ Մուրադյանի, փակուղի են տանում. «Գլուխգործոցների շքերթ չէր, եւ մեր արտադրանքի ծավալն էր այնքան շատ չէր, որ «Օսկարի» պես նախընտրական փուլ անցկացնեինք: Ամենակարեւորը` ահրաժեշտ է հասկանալ, թե ինչ է կատարվում այսօր հայկական կինոյում եւ ինչպիսին կլինի կինոյի վաղվա օրը»:
«Մոսֆիլմ»-ի ղեկավար, հանրահայտ ռեժիսոր Կարեն Շահնազարովն ուրախ է, որ իր «Սպիտակ վագր» ֆիլմը ներկայացված է «Հայակ»-ին, այն նաեւ «Օսկարի» հավակնորդ է:
«Հայաստանում կինոն միշտ իր տեղն ունեցել է: Այստեղ քաղաքական գործոնները պակաս ազդեցություն ունեն կինոարտադրության գործում, եւ հուսով եմ` այդպես էլ կշարունակվի: Կարծում եմ` եթե ճիշտ աշխատանքներ տարվեն, ապա «Հայակը» հնարավորություն կունենա իր կայուն տեղն ունենալ ԱՊՀ տարածքում»,- ասաց Շահնազարովը:
«Հայակ - 2013» ազգային կինոմրցույթին ներկայացվել է 48 ֆիլմ, որից 6-ը` արտերկրից, իսկ 42-ը` Հայաստանից:
Ժյուրիի կազմում էին` ժյուրիի նախագահ կինոգետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյան, կինոգետ, արվեստագիտության թեկնածու Անետա Երզնկյան, դրամատուրգ, արձակագիր, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյան, դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Էլբակյան, նկարիչ, մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյան, կինոգետ, արվեստագիտության թեկնածու Սիրանուշ Գալստյան, արվեստաբան Նարեկ Թովմասյան, գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյան, կինոօպերատոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուդոլֆ Վաթինյան, դերասան, ՀՀ ժող արտիստ Ազատ Գասպարյան, կինոգետ, արվեստագիտության թեկնածու Սուրեն Հասմիկյան, կոմպոզիտոր, ՀՀ ժող արտիստ Մարտին Վարդազարյան, կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյան: