կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-26 16:23
Քաղաքական

Հայաստանի և Ադրբեջանի Պրահան

Հայաստանի և Ադրբեջանի Պրահան

Հայաստանի նախագահն արդեն Երևանում է, որտեղ այսօր ՀՀԿ ԳՄ նիստը պետք է վարի, որի ընթացքում էլ հայտնի պետք է դառնա, թե ում է առաջադրում ՀՀԿ-ն ԱԺ նախագահի պաշտոնում, այսինքն` պարզ պետք է դառնա ԱԺ հաջորդ նախագահի անունը, որովհետև ՀՀԿ-ի թեկնածուն դասական իմաստով թեկնածու չէ:

 

Ու քանի որ Սերժ Սարգսյանն այլևս Պրահայում չէ, որտեղ, հիշեցնենք, տեղի ունեցավ ԵՄ Արևելյան գործընկերության անդամ երկրների բարձր մակարդակի /երկրների ղեկավարների մակարդակի/ հանդիպում, ուրեմն Սերժ Սարգսյանն այլևս Չեխիայի մայրաքաղաքում որևէ հանդիպում ունենալ չի կարող: Ըստ էության` Հայաստանի նախագահը Պրահայում հանդիպումներ չունեցավ էլ:

 

Ըստ նախագահի պաշտոնական կայքի` Սերժ Սարգսյանը Պրահայում գտվելու երկու օրերի ընթացքում մասնակցել է Արևելյան գործընկերության անդամ երկրների բարձր մակարդակի երկու հանդիպման, երկուսում էլ ելույթ է ունեցել, ապա մասնակցել է Պրահայում հայ-չեխական բարեկամությանը նվիրված խաչքարի օծմանը:

 

Թե երբվանի՞ց է սկսվել և ի՞նչ կոնկրետ ձեռքբերումներ, արդյունքներ ունի հայ-չեխական բարեկամությունը, դժվարանում ենք ասել, մյուս կողմից` դա բոլորովին այլ խոսակցության թեմա է:

 

Փաստորեն, Հայաստանի նախագահը Պրահայում չի հանդիպել ո'չ հյուրընկալող Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի, ո'չ Արևելյան գործընկերությունում ներկայացված` Պրահայի բարձր մակարդակի հանդիպմանը ներկա երկրներից որեւէ մեկի նախագահի հետ, բացառությամբ` Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլիի: Սա նշանակում է, որ Հայաստանի նախագահի օրակարգում եվրոպական համարվող այս երկրների, ավելի կոնկրետ` Մոլդովայի, Ուկրաինայի, ինչպես նաև Արևելյան գործընկերության «ճարտարապետ» համարվող Լեհաստանի ղեկավարների հետ հանդիպում նախատեսված չէ: Դրանց օրակարգում` ևս: Սա իր հերթին նշանակում է, որ Հայաստանն, ըստ էության, այս պահին եվրոպական օրակարգ չունի, և Եվրոպան էլ Հայաստանի հետ կապված որևէ հարց չունի, ինչը ենթակա կլինի բարձր մակարդակի լուծման, փոխհամաձայնեցման, պայմանավորվածությունների ձեռք բերման:

 

Մինչդեռ Արևելյան գործընկերությունում, չգիտես` ինչպես, և որն ավելի կարևոր է` ինչու հայտնված Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում կարդում ենք, որ նախագահ Ալիևը Պրահայում, բացի Արևելյան գործընկերության անդամ երկրների երկօրյա նիստերին ներկա գտնվելուց և երկու օրերի ընթացքում էլ ելույթ ունենալուց, հանդիպումներ է ունեցել ոչ միայն Վրաստանի նախագահի հետ, այլև Չեխիայի, ինչպես նաև Մոլդովայի ու Լեհաստանի: Ճիշտ է, Իլհամ Ալիևը Պրահայում չեխ-ադրբեջանական բարեկամությունը խորհրդանշող որևէ հուշարձան չի բացել, բայց դա, հավանաբար, այն պատճառով, որ չեխ-ադրբեջանական բարեկամություն, ըստ էության գոյություն չունի, բացի այդ` ադրբեջանցիները հայտնի են` խաչքար քանդելով, ոչ թե հիմնելով:

 

Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահը Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը «որոշում ունի կայացրած»` միանալու Մաքսային միությանը: Ադրբեջանի նախագահը Ադրբեջանի նման որոշման մասին չի հայտարարել և, ըստ տպավորության, չի էլ ուզում հայտարարել: Փոխարենը Իլհամ Ալիևը ամեն հարմար առիթով հայտարարում է, որ, «ի տարբերություն ոմանց», Ադրբեջանը անկախ պետականություն ունի և իր ազդեցիկ ձայնը` միջազգային ասպարեզում:

 

Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը, «ի տարբերություն ոմանց», նաև եվրոպական քաղաքական օրակարգ ունի: Ինչն ամենևին չի նշանակում, որ Ռուսաստանը դադարեցնում է ռուս-ադրբեջանական ընդլայնվող և բազմաոլորտ համագործակցությունը:

 

Ահա այսպիսի «հայ-ադրբեջանական Պրահա»: