կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-18 12:23
Քաղաքական

Պարտադիր կուտակայինի կապակցությամբ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությունը դեռևս հստակություն չի մտցնում

Պարտադիր կուտակայինի կապակցությամբ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությունը դեռևս հստակություն չի մտցնում

«Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամ Տիգրան Մարտիրոսյանը չի կարող գնահատել վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա հանձնարարությունը` պարտադիր կուտակայինի հետ կապված տույժերը կասեցնելու վերաբերյալ օրինագիծ մշակել, քանի դեռ պատրաստ չի լինի այդ օրինագիծը: Այս մասին նա ասաց Yerkir.am-ի հետ զրույցում:


Հիշեցնենք, որ երեկ երեկոյան վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է շահագրգիռ պետական մարմիններին` սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով, մինչեւ Սահմանադրական դատարանի 2014-ի ապրիլի 3-ի որոշմամբ նախատեսված` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը, Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը։

 

Ըստ Տիգրան Մարտիրոսյանի` խոսքը տույժ-տուգանքների կասեցման մասին է, այսինքն` այն անորոշ վիճակը, որ մինչև հիմա կար, շարունակվելու է: «Տույժ-տուգանքները կասեցվեն, հետո ի՞նչ է լինելու: Պարզ չէ` գանձումները շարունակվելո՞ւ են, թե՞ ոչ, ֆոնդեր ընտրելը շարունակվելո՞ւ է, թե՞ ոչ, հաշվետվության ձևը փոխվելո՞ւ է, թե՞ ոչ: Այնպես որ` ամեն ինչ կախված է նախագծի բովանդակությունից»,- ասաց նա:

 

Մեր այն հարցին` հնարավո՞ր է, որ «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնությունն իր մասնակցությունը ունենա այդ օրենքի նախագծի մշակմանը, քանի որ հարցերն ու ոչ հստակ պահերը շատ են, Տիգրան Մարտիրոսյանը պատասխանեց, որ նախաձեռնությունն արդեն իր առաջարկություններն ու պահանջները  հրապարակավ ներկայացրել է, և խոսքը էլեկտրոնային հաշվետվությունների ձևը փոխելու և ֆոնդեր ընտրելը ավտոմատ կասեցնելու մասին է: «Եթե միայն տույժ-տուգանքները կասեցվեն, գործատուն ի՞նչ պետք է անի` պահի, բայց չփոխանցի՞, ի՞նչ պետք է անի, անորոշ վիճակ կա»,- ասաց նա:

 

Խոսելով, կուտակային օրենքի հետ կապված, մասնավոր և պետական սեկտորների վարքագծի տարբերությունների մասին, Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ կան տարբերություններ, քանի որ մասնավոր սեկտորն ավելի շատ է շահագրգռված, որ աշխատողի կողմից լինի: Նրա խոսքով`  պետական սեկտորում էլ կան մարդիկ, որոնք կանգնում են աշխատողի կողքին, սակայն պետական սեկտորի կախվածությունը, բնականաբար, խանգարում է: