կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-27 20:15
Առանց Կատեգորիա

Հովիկ Աբրահամյանի ամենակարեւոր հանձնարարությունը

Հովիկ Աբրահամյանի ամենակարեւոր հանձնարարությունը

 Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը գազալցակայաններում անվտանգության ռեժիմները խիստ վերահսկելու հանձնարարություն է տվել ԱԻ եւ տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանին, շեշտելով, որ «դա շատ կարեւոր է»:

 

Պետք է նկատել, որ Հովիկ Աբրահամյանը հաճախ է այս կամ այն ոլորտի պատասխանատուներին հանձնարարություններ անում եւ դա, իհարկե, շատ կարեւոր է, միեւնույն ժամանակ` բնական: Մասնավորաբար դա նշանակում է, որ կոնկրետ խնդիրները գտնվում են կառավարության ղեկավարի /կառավարության` առհասարակ/ ուշադրության կենտրոնում , եւ վարչապետը հանձնարարում է ոլորտի պատասխանատու նախարարներին` հետամուտ լինել առկա խնդիրները կարգավորելու-լուծելու-պարզելու գործում: Բայց, այստեղ մեկ այլ կարեւոր բան կա:

 

Բանն այն է, որ եթե անգամ նախարար Երիցյանը վարչապետից ստացած այսօրվա հանձնարարականը չանտեսի եւ անվտանգության ռեժիմները վերահսկելու գործընթաց սկսի Հանրապետության բոլոր գազալցակայաններում, մենք այդ մասին ոչինչ չենք իմանալու: Պարզ է, որ եթե նախարարը /կապ չունի` ով/ վարչապետի հանձնարարությանը ընթացք չտա, այդ մասին մենք առավել եւս ոչինչ չենք իմանալու: Մինչդեռ, շատ կարեւոր է նաեւ կառավարության գործունեության հանրային իրազեկումը: Մինչդեռ հատկապես վարչապետի բարձրաձայնած հանձնարարությունը ստանալուց հետո տվյալ նախարարությունը պարտավոր է ոչ միայն հետամուտ լինել խնդրին, այլեւ ներկայացնել հանրությանը, թե ի՞նչ ստացվեց: Եթե խնդիրը լուծվեց, ապա ինչպե՞ս, եթե չլուծվեց, ապա ինչո՞ւ

 

Հո միայն հանձնարարություն տալով եւ ստանալով ու խնդիրները ծածկադմփոցի ենթարկելով չի՞, գործունեության հանրամատչելի եւ մանրակրկիտ ներկայացումն էլ հո ընտրություններ չե՞ն, որտեղ ժողովուրդին բանի տեղ դնող չկա:

 

Այնպես որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ամեն անգամ որեւէ նախարարի նոր հանձնարարություն տալուց առաջ կամ հետո լավ կանի մեկ ուրիշն էլ տա` «հանձնարարում եմ իմ հանձնարարության կատարման ընթացքը, անկախ ելքից, պարզ, հստակ, եւ մատչելի կերպով եւ հայերեն լեզվով ներկայացնել ինձնից բացի առաջին հերթին`ժողովրդին: Դա շատ կարեւոր է. ամենակարեւորը»:

 

 Հովիկ Աֆյան