կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-16 17:39
Հասարակություն

Երբ տնօրենը «գործ է տալիս» իր աշխատողի դեմ

Երբ տնօրենը «գործ է տալիս» իր աշխատողի դեմ

Սպորտի վարպետ, գեղարվեստական մարմնամարզության մարզիչ` 47-ամյա Հռիփսիմե Վելիկյանն արդեն տասը ամիս է` չի աշխատում: Նրան աշխատանքից ազատել են Երևանի Արաբկիր համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցից` մեկ ամսում երեք նկատողություն ստանալու հիմքով:

 

Նկատողությունների օրինականությունը  քննելու պահանջով Հ. Վելիկյանը դիմում է Աշխատանքի պետական տեսչություն, որտեղ լսումների ժամանակ պարզվում է, որ մարզադպրոցի տնօրինության կողմից խախտվել են Վելիկյանի աշխատանքային իրավունքները: Մասնավորապես` տեսչության կողմից մարզադպրոցին ուղղված` 16.05.2013 թվականի հանձնարարականում գրված է«Պարբերաբար խոչընդոտներ են ստեղծվել Հռիփսիմե Վելիկյանի աշխատանքային իրավունքներն իրականացնելու, աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները պատշաճ կատարելու համար, որի մասին վկայում են նաև Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության կողմից «թեժ գծով» ուսումնասիրությունների արդյունքները»:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Հ. Վելիկյանը պատմեց, որ մարզադպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնատար Արթուր Պողոսյանը 2012-ի դեկտեմբերի 3-ին քաղաքապետարանի թեժ գիծ է զանգել, ներկայացել Գևորգ Համբարձումյան և ասել, թե Հ. Վելիկյանը 5000-ական դրամ է հավաքում երեխաներից: Իսկ վերահսկողության վարչության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվում է, որ իրականում զանգը կատարվել է հենց Արթուր Պողոսյանի բնակարանից:

 

Աշխատանքի պետական տեսչությունը հանձնարարում է վերացնել խախտումները: Սակայն Ա. Պողոսյանը ոչ միայն չի կատարում հանձնարարականը, այլև օրեր անց` 2013-ի մայիսի 17-ին, Վելիկյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծում է:

 

Որոշ ժամանակ անց Աշխատանքի պետական տեսչությունում նոր նիստ է լինում այս գործով,  Ա. Պողոսյանը նոր փաստաթղթեր է ներկայացնում, ինչի արդյունքում էլ տեսչությունը  փոխում է իր դիրքորոշումը  և հանգում նրան, որ Վելիկյանին նկատողություններ տալն ու աշխատանքից ազատելն իրավաչափ է:

 

Հռիփսիմե Վելիկյանը համոզված է, որ իրեն աշխատանքից ազատելու հիմքում ոչ թե նկատողություններ են, այլ որոշ մարդկանց` իրեն ճնշելու անձնական դրդապատճառները: Կինը պատմեց, որ ամեն ինչ արվել է, որ իր աշխատանքում խախտումներ և այլ պատճառներ «հայտնաբերվեն», որ ազատվեն իրենից:

 

Մասնավորապես`  գեղարվեստական մարմնամարզության ՀՀ հավաքականի ներկայիս մարզիչ Գայանե Ներսիսյանը ջանացել է, որ Վելիկյանի սաները  տեղափոխվեն այլ մարզիչների մոտ. «Կոնկրետ իմ սաներից երկուսը նրա մոտ են գնում, որոնց հետ ես 7-8 տարի աշխատել եմ, սարքել եմ մարզուհի»:

 

Վելիկյանի խոսքով, սակայն, ամենամեծ պատճառը իր և R&V Comfort ընկերության նախագահ Ռուբեն Շահմուրադյանի միջև առկա կոնֆլիկտն է. «Շամուրադյան Ռուբիկն անձամբ հոգ է տարել, որ ես չաշխատեմ: Արաբկիրի թաղապետ Հրայր Անտոնյանին է դիմել, որ ինձ ազատեն աշխատանքից»:

 

Վելիկյանի խոսքով` 2013-ի ապրիլի 6-ին, Անտոնյանի գլխավորությամբ, Վելիկյանի հարցով ժողով է լինում, որին մասնակցում են մարզադպրոցի մի քանի աշխատակիցներ և տնօրենի ԺՊ Ա. Պողոսյանը. «Մի էնպիսի խայտառակ ժողով էր կազմակերպել: Իբր դու դուրս ես եկել Շահմուրադյան Ռուբիկի դեմ, մենք էլ ծնողներին քո դեմ կհանենք, կազատենք աշխատանքից, էդպես էլ արեցին»,- պատմեց կինը` հավելելով, որ այդ ժողովից հետո իր սաներից հինգի ծնողները դիմումներ են գրում ոստիկանություն, թե Վելիկյանը դրամահավաքություն է կատարում: Սակայն դրանց ընթացք չի տրվում, քանի որ ապացույցներ չեն լինում: Բացի այդ` ոստիկանություն են դիմում նաև այլ ծնողներ և հերքում տեղեկությունները:

 

Ներկայումս Հ. Վելիկյանի աշխատանքային վեճը քննվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` Ալվարդ Հունանյանի նախագահությամբ:

 

Ի դեպ, Հռիփսիմե Վելիկյանը պատմեց նաև, որ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի իրավաբան Գեղամ Կարապետյանը, ով նաև դատարանում ներկայացնում է մարզադպրոցի շահերը, իրեն առաջարկել էր հայցից հրաժարվել և դրա դիմաց խոստացել գումար` պարապուրդի մեջ գտնված ժամանակահատվածի համար` ամսական աշխատավարձի չափով, սակայն այդպես էլ գումարը չեն վճարել:

 

«Ներքին համաձայնություն է եղել` հետ վերցնեմ իմ հայցադիմումը, կվճարեն: Ինքն է առաջարկել, ես չեմ առաջարկել: Ես դեռ շատ անելիքներ ունեմ և առողջական խնդիրներ էլ ունեմ, չէի ցանկացնա ավելորդ լարվածության մեջ լինել: Դրա համար էլ համաձայնել եմ»,- պատմեց Հ. Վելիկյանը:

 

Yerkir.am-ը կապվեց նաև Գեղամ Կարապետյանի հետ: Նա կտարականպես հերքեց այն, թե որևէ համաձայնության է եկել Վելիկյանի հետ. «Ես նմանատիպ խոսակցություն կնոջ հետ չեմ ունեցել և դրա բարոյական իրավունք էլ չունեմ»:

 

Ինչ վերաբերում է գործի մյուս հանգամանքներին, Գ. Կարապետյանն ասաց, որ ինքն անձնական դիրքորոշում չունի, այն համընկնում է վարչական շրջանի անձնակազմի և մարզադպրոցի տնօրինության դիրքորոշման հետ, որն էլ արտահայտել է դատարանում: «Իսկ ավելի մանրամասն կարդացեք հայցադիմումի պատասխանի մեջ: Վելիկյանը հանգիստ կարող է բոլոր նյութերը տալ: Ավելի շատ բան նրանից կարող եք իմանալ, քան ինձնից»,- պատասխանեց Գ. Կարապետյանը: