կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-08 17:45
Մշակույթ

Դու քո տրամադրությանը հետևիր, քո գույնն ունեցիր, մնացածը` հեչ

Դու քո տրամադրությանը հետևիր, քո գույնն ունեցիր, մնացածը` հեչ

Բոլորս էլ գրքերի մեջ ծաղկաթերթիկ չորացրած կամ գտած կլինենք: Ժողովրդական վարպետ Նունե Խաչատրյանը դեռ մանկուց սիրել է ձմռան համար հիշողություններ հավաքել` ծաղկաթերթիկների տեսքով: Սակայն եկել է մի շրջան, և Խաչատրյանը նկատել է, որ ծաղկաթերթիկներն այնքան են շատացել, որ գրքերում այլևս չեն տեղավորվում: Դրանք թափելու փոխարեն Խաչատրյանը սկսել է աշխատել դրանցով` ծաղկաթերթիկներով պատկերելով հայոց տառերը: Տառերից հետո, սակայն, Խաչատրյանը նաև հայկական տարազներ է ստեղծել` կրկին ծաղկաթերթիկներով:

 

Վերջերս Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի ունեցավ «Հայկական տարազներ» խորագրով` նկարչուհու անհատական ցուցահանդեսը: Ցուցադրվեցին ծաղկաթերթիկներով ստեղծված 26 աշխատանքներ, 32 հայկական տարազներ /Մուշի, Վասպուրականի, Սասունի, Զեյթունի, Ագուլիսի…/:

 

Yerkir.am-ի զրույցում Նունե Խաչատրյանը նշեց, որ ծաղկաթերթիկների հետ աշխատելը դժվար է, դրանք չորանում և շուտ են փշրվում, իսկ չորանալու ընթացքում ծաղկաթերթիկների գույները նաև խամրում են:

 

«Դժվարն իրենց կտրտելն է, քանի որ շատ բարակ են: Եթե նկարիչ չլինեի` դժվար կլիներ, միգուցե չկարողանայի: Ես նույն բանը կարող եմ ներկերով անել, քանի որ ներկերով ավելի հեշտ է: Մի շրջան կար` ես ուղղակի տարված էի ծաղկաթերթիկներով: Մանկությունից ծաղկաթերթիկներ շատ եմ չորացրել, երբ ձմռանը բացում էի գիրքը և չորացրած ծաղկաթերթիկը տեսնում` ինչ-որ հիշողություն էր արթնանում` ամռան հետ կապված: Հետո դրանք այնքան շատացան, որ ձմռանն ամառ էի ապրում»,- ասաց Խաչատրյանը:

 

Նկարչուհին ծաղկաթերթիկներով տարազներ կերտելիս օգտվել է «Հայկական տարազներ» գրքից: Տարազներում փորձել է պատմությունը ներկայացնել, քանի որ յուրաքաչյուր շրջանի տարազ իր պատմությունն ունի:

 

«Կերպարներ եմ ստեղծել, միայն հագուստը չեմ կերտել: Նկարներում այն մարդկանց եմ ներկայացրել, ում տեսել եմ մանկությունից, փորձել եմ կերպարները շարժման մեջ դնել, նաև սիլվոլիկ կերպով պարային ինչ-որ շարժումներ եմ ներկայացրել: Այսինքն` ուզում էի տարազների միջոցով նաև մեր ավանդույթները ներկայացնել: Հիմա շատ բան է փոխվել, դժվար է պահպանել հինը, բայց կարևորը, հիմնականը, այն, ինչ բնութագրում է հային, պահպանվել է և չի էլ կորչի»,- ասաց Խաչատրյանը:

 

Նկարչուհին նկատում է` թեեւ հայ կանայք վախենում են գույներից, սակայն վերջին շրջանում սկսել են «չսևավորվել»: Խաչատրյանը խորհուրդ է տալիս չխուսափել գույներից, քանի որ դրանք տրամադրություն են ստեղծում.«Ես ինքս սիրում եմ համադրել գույները թե' հագուստ եւ թե' զարդեր կրելիս: Անպայման չէ հետևել տարվա գույներին, դու քո տրամադրությանը հետևիր, քո գույնն ունեցիր»: