Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ հուլիսի 6-24-ը Երևանում ընթացող «Երևանյան միջազգային կիթառի փառատոնի» շրջանակներում երեկ տեղի ունեցավ հերթական համերգը: Համերգին ելույթ ունեցավ Ռուսաստանի Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայի և Մոսկվայի Մշակույթի պետական համալսարանի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Արտյոմ Դերվոեդը: Ի դեպ, փառատոնն անցկացվում է Երևանի Կիթառահարների ասոցիացիայի և Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի հետ համատեղ: Փառատոնը կազմակերպել է Երևանի կիթառահարների կսոցիացիայի նախագահ, Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Ժորա Սարգսյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը նշեց, որ Ժորա Սարգսյանի նախաձեռնությունը` փառատոնը կազմակերպելու կարողությունն ու ուժը, իրեն ուղղակի հիացնում է: «Սա իսկապես տոնական իրադարձություն է մեր երաժշտական կյանքում` դասական կիթառ, հրավիրված հրաշալի երաժիշտներ և դասական ծրագիր, ընդ որում` գործերի մեծ մասն առաջին անգամ է հնչում Երևանում: Ժորայի արած աշխատանքն արժանի է մեծագույն հարգանքի»,- ասաց մաեստրոն:
Մանսուրյանը նշեց նաև, որ մինչև հիմա գտնվում է փառատոնի նախորդ` հանրաճանաչ դասական կիթառահար Դավիթ Դյակովի մասնակցությամբ համերգի ազդեցության տակ: «Ի՜նչ համերգ էր, ի՜նչ համերգ էր, ուղղակի անմոռանալի էր: Գիտե՞ք` Հայաստան եկած յուրաքանչյուր երաժիշտ իր գույնն է բերում: Այսօր լսեցի Արտյոմ Դերվոեդին և կարող եմ ասել, որ կյանքի մեծ ճանապարհ անցած, լուրջ, պրոֆեսիոնալ, բարձր կարողություններով օժտված երիտասարդ է: Շատ սիրեցի իր նվագը»,- ասաց նա: