Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության` ապրիլի 10-ի նիստում կառավարության հաստատմանը կներկայացվի Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև ավտոմայրուղու շինարարության ավարտման համար սահմանված ժամկետները երկարաձգելու մասին որոշման նախագիծը:
Նոր ավտոմայրուղու շինարարությունը նախատեսվում էր ավարտին հասցնել 2013 թվականի հոկտեմբերի 31-ին, իսկ ներկայացվող որոշման նախագծով առաջարկվում է այդ ժամկետը երկարաձգել 7 ամսով և շինարարության ավարտի ժամկետ նշանակել 2014 թվականի մայիսի 31-ը:
Համապատասխան որոշման համար քաղաքապետարանի կողմից ներկայացվող հիմնավորման մեջ նշվում է, որ Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև ավտոմայրուղու շինարարության ավարտման համար սահմանված ժամկետում' մինչև 2013 թվականի հոկտեմբերի 31-ը, հնարավոր չեղավ իրականացնել շինմոնտաժային աշխատանքները, ինչը պայմանավորված էր մի շարք օբյեկտիվ պատճառներով' ավտոմայրուղու անցկացման տեղամասում ժայռային գրունտների առկայությամբ, որը պիտանի չէր ճանապարհային լիցքի համար, և անհրաժեշտություն է առաջացել քաղաքի տարբեր տեղամասերից IV կարգի գրունտ լրացուցիչ տեղափոխել շինհրապարակ, ժայռային գրունտների մշակմամբ, փխրեցմամբ, տեղափոխմամբ, ավտոմայրուղուն հատկացված հողատարածքում գոյություն ունեցող ավտոտնակների քանդման և տեղափոխման աշխատանքներով, Իսակովի պողոտայի վրա կառուցվող կամրջի սահմաններում և այլ հատվածում բարձրավոլտ էլեկտրագծերի վերատեղադրմամբ և այլն:
Նշվում է, թե «բացահայտված վերոհիշյալ խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշումների նախագծերը»:
Այստեղ հարցեր են առաջանում' մինչև շինարարության ավարտի ժամկետ սահմանելը բարձրավոլտ էլեկտրական գծերի հսկա աշտարակները կամ առկա ավտոտնակները ոչ ոք չէ՞ր նկատել, կամ ընդերքի ուսումնասիրությունը ցույց չի՞ տվել, որ ճանապարհի անցկացման տեղամասում ընդերքը ճայռային գրունտ ունի:
Մի խոսքով' քաղաքապետարանում համոզված են, որ ժամկետների երկարաձգմամբ կապահովվի Ծովակալ Իսակովի պողոտան և Լենինգրադյան փողոցը կապող ավտոմայրուղու շինարարության իրականացման հետ կապված խնդրի լուծումը։