Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«2006 թվականին ամուսինս մահացել է: Իսկ դրանից հետո նրա բարեկամներն ամեն կերպ ցանկանում են, որ մենք Հովսեփ Էմին 19ա հասցեում գտնվող տնից, որտեղ ես ապրել եմ 19 տարի, ոչ մի բաժնեմաս չունենաք: Անգամ վտարման պահանջով են մտել դատարան, երբ երեխաներս 8 և 10 տարեկան էին»,- Yerkir.am-ին պատմեց Հռիփսիմե Վելիկյանը:
Հ. Վելիկյանի սկեսրայրը` Սուրեն Կարապետյանը, 2006 թվականին վտարման պահանջի հիմքում դնում է հետևյալը` 1954 թվականին իրեն հատկացված հողամասում կառուցվել է 128 քմ բնակելի մակերեսով տուն, իսկ հանգուցյալ կնոջ հետ ամուսնությունը գրանցվել է 1957 թվականին, հետևաբար` այն չէր կարող համարվել համատեղ ամուսնական գույք, և կնոջ մահից հետո տան որևէ մասնաբաժին, որպես ժառանգություն, չէր կարող անցնել իր որդուն` Հ. Վելիկյանի հանգուցյալ ամուսնուն:
Սակայն առաջին ատյանի դատարանը մերժել է վտարման հայցը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տունը և հողամասը օրինականացվել և գույքագրանցվել են 1989 թվականին, հետևաբար` Սուրեն Կարապետյանի գույքի հանդեպ սեփականության իրավունքը ծագել է այդ պահից: Այդ ժամանակ ամուսնացած է եղել, հետևաբար` գույքի ½ մասը պատկանել է կնոջը, ում մահից հետո ժառանգ է համարվել նաև որդին` Գուրգեն Կարապետյանը:
Առաջին ատյանի դատարանը 2006 թվականին բավարարում է Հ. Վելիկյանի և նրա երկու որդիների` ժառանգության հիման վրա` գույքի սեփականության իրավունքը ճանաչելու մասին հայցը` 440 քմ հողամասի ½-րդ մասի և 128 քմ մակերեսով բնակելի շենքի նկատմամբ:
2009 թվականին Սուրեն Կարապետյանը նոր հայց է ներկայացնում դատարան` ընդդեմ Հ. Վելիկյանի և երկու անչափահաս երեխաների` պահանջելով տունն ու հողամասը բաժանել և մուտքերն առանձնացնել: Առաջին ատյանի դատարանի որոշմամբ` 161.6 քմ տան 128 քմ մակերեսով հատվածը, ինչպեսև հողամասից 110 քմ հատվածն անցնում է Վելիկյանին և որդիներին: Վերաքննիչ դատարանը առաջին ատյանի վճիռը թողնում է ուժի մեջ, իսկ Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չի ընդունում:
Նույն թվականին դատարան հայց է ներկայացնում Սուրեն Կարապետյանի եղբորորդին` Ռուբեն Շահմուրադյանը, ով «R&V Comfort» ընկերության նախագահն է, և պահանջում Հ. Վելիկյանից և Ս. Կարապետյանից ազատել իրեն պատկանող, սակայն նրանց կողմից օգտագործվող 77 քմ հողակտորը: Հ. Վելիկյանի խոսքով` թեև պնդել են, փաստաթղթեր ներկայացրել, որ ի սկզբանե պետության կողմից Ս. Կարապետյանին հատկացված է եղել 500 քմ հողամաս և դեռ իրենց հատկացված հողամասի մի մասն էլ հետագայում անցել է Շահմուրադյանին (սեփականության վկայականով` իրենց հողամասը 440 քմ է), և որ չկա որևէ փաստաթուղթ, որում նշված լինի, որ իրենց հողակտորը 363 քմ է, դատարանը բավարարել է Ռ. Շահմուրադյանի հայցը:
«500 քմ հողհատկացման փաստաթուղթը կա, սակայն դատարանը բանի տեղ էլ չդրեց: Նույնիսկ չէր ընդունում մեր հակընդդեմ հայցը և մի կերպ երրորդ կողմ ներգրավեց»,- ասեց Հռիփսիմե Վելիկյանը:
Նշենք, որ այս գործով նույնպես վերաքննիչ դատարանը չի փոփոխել առաջին ատյանի վճիռը, իսկ վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չի ընդունել:
Հռիփսիմե Վելիկյանը պատմեց, որ Ռուբեն Շահմուրադյանն իր հայրական տունը քանդել է և պատրաստվում է տեղում 7 հարկանի բազմաֆունկցիոնալ շենք կառուցել: Ի դեպ, նա մեզ ցույց տվեց 2007 թվականին բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման համար տրված շինթույլտվությունը:
«2009 թվականին Շահմուրադյան Ռուբիկը Արաբկիրի նոտար Կարինե Ադամյանի մոտ ինձնից համաձայնագիր վերցրեց, որ իր տունը քանդելու է և կարճ ժամանակահատվածում նոր տուն կառուցի նույն տեղում: Բայց դա խարդախություն էր: Բանից պարզվեց, որ ոչ թե նոր տուն է կառուցում, այլ բազմաֆունկցիոնալ 7 հարկանի շենք, բայց ո՞նց է դա հնարավոր անել` իրարից 3 մ հեռավորությամբ գտնվող երկու սեփական տների միջև»,- ասաց նա:
Սակայն պլանն իրագործելու համար Ռ. Շահմուրադյանը, կնոջ խոսքով, ցանկանում է ձեռք գցել նաև իրեն պատկանող հողամասն ու տունը: Դատական երրորդ գործի ժամանակ Շահմուրադյանի կողմից առաջարկ է եղել` Կոմիտասի փողոցում երեք սենյականոց բնակարան գնել Վելիկյանի և երեխաների համար` վերոնշյալ հասցեի գույքի դիմաց: Սակայն հետո հետ է կանգնել առաջարկից: Վելիկյանի խոսքով` վերջին անգամ էլ առաջարկել է ընդամենը 6600 դոլարով գնել տունը, սակայն առաջարկված գումարը շատ քիչ է, համաձայնության չեն եկել:
Տիկին Վելիկյանը քաղաքապետարան ահազանգել է նաև այն մասին, որ Ռ. Շահմուրադյանը, իր հայրական տունը քանդելով, վնասել է նաև իր տան հիմքը. Ժամանակի ընթացքում այն գնալով թուլանում է: Սակայն քաղաքապետարանից պատասխանել են, թե դա հիմնավորելու համար պետք է փորձագետի դիմել, այնուհետև, համապատասխան եզրակացությունը հիմք ունենալով, դիմել դատարան` պահանջելով պարտավորեցնել Ռ. Շահմուրադյանին բետոնապատման աշխատանքներ կատարել:
«Եթե ես գումար չունեմ, ինչի՞ մասին է խոսքը, բա քաղաքապետարանի գործը ո՞րն է»,- վրդովվում է կինը` փաստելով, որ արդեն ինն ամիս է` աշխատանք չունի, երկու երեխաներն էլ դեռ անչափահաս են: Ի դեպ, նրա համոզմամբ, հենց Ռ. Շահմուրադյանն է «հոգ տարել», որ իրեն աշխատանքից հեռացնեն: Գործը ներկայումս քննվում է դատարանում:
Yerkir.am-ը երկրորդ կողմին լսելու նպատակով փորձեց կապվել Ռուբեն Շահմուրադյանի հետ: Մի քանի անգամ զանգահարեցինք «R&V Comfort», ամեն անգամ մեզ ասում էին, որ նա տեղում չէ, վերջին անգամ խորհուրդ տվեցին խոսել Գայանե Ազիզյանի` Ռ. Շահմուրադյանի կնոջ հետ: Վերջինս պնդեց, որ Վելիկյանի և ոչ մի խոսքը իրականությանը չի համապատասխանում:
«Ճիշտ չի ասում ինքը, էդքան բան: Ամեն ինչ թղթով, օրենքով կա, արդեն որոշված ա: Իրա բաժնից ինչի՞ ենք քանդել, մեր հասանելիք տերիտորիան ա, քանդել ենք, վերջ, էդքան բան: Իսկ թե ինքը ի՞նչ կասի, ո'չ ինձ հետաքրքրում է, ո'չ էլ ուզում եմ լսել, ո'չ էլ Շահմուրադյանն է ուզում լսել: Եղա՞վ»,- ասաց Շահմուրադյանի կինը:
Հարցին` արդյո՞ք պատրաստվում են ինչ-որ բան կառուցել նշված հողամասում, Գ. Ազիզյանը պատասխանեց. «Եթե դատարակ հող է, բնականաբար, մի բան պիտի կառուցվի, կարող է մենատուն ենք կառուցում կամ հավերի ֆերմա ենք կառուցում կամ բազմահարկ շենք ենք կառուցում: Ինչ կորոշի Շահմուրադյանը, էն էլ կանի, դեռ էդպես մնում ա»: