կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-27 19:20
Հասարակություն

Քաղաքապետարանում ՀԿ-ներին ցույց տվեցին` ով է տան տերը

Քաղաքապետարանում ՀԿ-ներին ցույց տվեցին` ով է տան տերը

Երևանի քաղաքապետարանում շարունակվում է ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման հանձնաժողովի առաջին նիստը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են վարորդների և սպառողների շահերը պաշտպանող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բուհերի դասախոսներ, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ: Նրանց թվում է նաև քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

 

Նիստին հրավիրված 36 անդամներից ներկայացել էին 31-ը: Ի դեպ, նիստին չէին ներկայացել Երևանի ավագանու «Բարև Երևան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները:

 

Նիստի ձևաչափի վերաբերյալ առարկություններ եղան մի քանի ՀԿ-ների ներկայացուցիչների և ՄԻՊ-ի խորհրդականի կողմից: Մասնավորապես` «Սպառողների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանն առաջարկեց ոչ թե հանձնաժողովի ինստ գումարել, այլ խորհրդակցություն անել: Ըստ նրա` քաղաքացիների շահերն ընդամենը մի քանի հոգի են ներկայացնում, ինչի արդյունքում, եթե քվեարկություն իրականացվի, բնականաբար, կանցնի քաղաքապետարանի ներկայացրած առաջարկը:

 

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ, ինչպես ավելի վաղ հայտնել էր yerkir.am-ին, առաջարկեց նիստը փոխարինել հանրային քննարկման` պատշաճ կերպով իրազեկելով բոլոր շահագրգիռ կողմերին:

Հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, սակայն, չընդունեց ներկայացված առաջարկները` նշելով, որ քաղաքապետի կողմից ընդունված իրավական ակտը փոխարինման ենթակա չէ: Նա միաժամանակ հավաստիացրեց, որ նիստերից հետո անպայման հանրային լսումներ տեղի կունենան:

 

Հանձնաժողովի անդամ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանն էլ ՀԿ-ների ներկայացուցիչներին հասկացնել տվեց, որ իրենք քաղաքապետարանում հյուրի կարգվիճակով են և պետք է հաշվի նստեն այն խաղի կանոնների հետ, որն առաջարկում են իրենց:

 

«Տնավարի օրինակ բերեմ. տանտերը հյուրեր է հրավիրում ծնունդի, հյուրերից մեկն ասում է` մենք այդպես չենք ուզում, մենք ուզում ենք միայն ուտել-խմել, մյուսն էլ ասում է` ես էլ ուզում եմ հետս 10 մարդ բերեմ»,- ասաց նա և հավելեց, որ ով չի ցանկանում այս ձևաչափն ընդունել, կարող է գնալ Մաշտոցի պուրակ` ելույթներ ունենալու:

 

Հանձնաժողովի նախագահը կողմերին հորդորեց միմյանց առաջարկներին չարձագանքել, փոխարենը քննարկման ներկայացրեց ուղևորափոխադրումների վարձի ձևավորման չափորոշիչները: Հանձնաժողովի անդամների կողմից հնչեցին մի շարք առաջարկներ: Ոմանք առաջարկեցին ` նախ բարելավել փոխադրամիջոցների սանիտարական վիճակը, վարորդներին ապահովել միասնական արտհագուստով, տրանսպորտի ուղեվարձն իրականացնել քարտային եղանակով, ինչը թույլ կտա որոշակի սոցիալական խմբերի համար զեղչեր սահմանել , գազելները փոխարինել այլ տեսակի արտադրության միկրոավտոբուսների և այլն:

 

Հանձնաժողովի մեկ այլ անդամ, «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ի նախագահ Գևորգ Մելքոնյանն էլ, ով հանրությանն առավել հայտնի է դասադուլներից, առաջարկեց հաշմանդամ ուսանողների համար ավտոբուսներ ստեղծել, որպեսզի նրանք մասնավոր տաքսիներից չօգտվեն, բացի այդ նաև բուհական տարածքներում առավոտյան ժամերին ավելացնել փոխադրամիջոցների թիվը: Հանձնաժողովի անդամների կողմից այլ կարծիքներ ևս հնչեցին: Իսկ գլխավոր` տրանսպորտի սակգնի վերաբերյալ հարցը, ենթադրվում է կքննարկվի հանձնաժողովի հաջորդ նիստերի ընթացքում:

 

Այս պահին քաղաքապետարանում շարունակվում է նիստը, իսկ քաղաքապետարանից դուրս նույն իրավիճակն է , ինչ ամիսներ շարունակ. մեկ տասնյակ ակտիվիստներ Նավասարդյանի հրաժարականն են պահանջում, քաղաքապետարանի առջևի խոտածածկը «եռանդով» ջրվում է, մի քանի ոստիկաններ էլ կանգնած` կարգն են պահպանում:

 

Հ.Գ. Ի դեպ` այս անգամ ոստիկանները, նախքան սակավամարդ բողոքի ակցիայի մեկնարկը` քաղաքապետարանի պատուհանների տակ ծիկրակում էին` միմյանց հարցնելով` հը՞ մարդ հավաքվել ա, հելնենք դուրս: