Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի արտարժութային շուկայում դրամի շարունակվող թուլացումն ամենայն հավանականությամբ պայմանավորված է թյուր հիմքի վրա ձևավորված սպասումներով։ Դրամի արժեզրկման համար օբյեկտիվ մակրոտնտեսական գործոններ կարծես թե չկան։ Թույլ դրամը ձեռնտու է միայն արտարժութային պահուստներ կուտակած տնտեսավարողներին, որոնք մինչև ապրիլի 15-ը պետք է շահութահարկ վճարեն։ Հայաստանի ֆինանսական շուկան ինտեգրվում է համաշխարհայինին, հատկապես՝ արտարժութային բաղադրիչով։
Համաշխարհային արժութային շուկայում եվրոյի նկատմամբ ամերիկյան դոլարի թուլացումը, հատկապես վերջին շաբաթվա ընթացքում, կարծես ճիշտ հակառակ միտումն է դրսևորում Հայաստանի ներքին շուկայում։ Հունվարին 3-ից ի վեր՝ դոլարը եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 0,12 կետով կամ 9%-ով, իսկ Հայաստանում դրամի նկատմամբ դոլարն ամրապնդվել է 12,57 կետով կամ 3,4%-ով։ Ասել թե՝ հայաստանյան արժութային շուկայի միտումները բացարձակապես ընդհանրություն չունեն համաշխարհային արժույթների պատերազմի տրամաբանության հետ։
Ապրիլի 2-ից Հայաստանի ներքին շուկայում ազգային արժույթը դոլարի նկատմամբ սկսել է կտրուկ արժեզրկվել։ Այսպես՝ եթե ապրիլի 2-ին միջին փոխարժեքը կազմում էր $/Դ366, ապա երեկ այն հասել էլ $/Դ376-ի։ Այսինքն՝ ընդամենը տասը օրվա ընթացքում դրամն արժեզրկվել է 10 կետով կամ 2,7%-ով։
Օբյեկտիվ գործոններ չկան
Նման թռիչքային արժեզրկման համար օբյեկտիվ պատճառներ թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկայում չկան։ Համենայնդեպս, արտաքին գործոնների այնպիսի փոփոխություններ (գնաճի թռիչքային աճ, ազգային արժույթի ամրապնդում), որոնք կարող էին հանգեցնել դրամի արժեզրկմանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկեր երկրներում, վերջին տասնօրյակում չեն եղել։
Ներքին շուկայում նույնպես կարծես բացակայում են դրամի նման արժեզրկման համար մակրոտնտեսական օբյեկտիվ պատճառները։ Մասնավորապես՝ դրամի արժեզրկման համար օբյեկտիվ գործոն կարող է լինել դոլարային հոսքերի կտրուկ նվազումը, որը կարող էր պայմանավորված լիներ արտահանման կրճատմամբ կամ մասնավոր փոխանցումների կտրուկ նվազմամբ։ Բայց ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների (վերջին տվյալները՝ փետրվարը համեմատած հունվարի հետ)՝ արտահանումն աճել է 35,7%-ով, և եթե հաշվի առնենք, որ արտահանման ծավալներում 38%-ը բաժին է ընկել ոչ թանկարժեք մետաղներին, իսկ 30,7%-ը՝ հանքահումքային արտադրանքին, աճի տեմպերը, ամենայն հավանականությամբ, պահպանվել են թե՛ մարտին, թե՛ ապրիլին։
Համենայնդեպս, համաշխարհային շուկայի պահանջարկը նպաստավոր է։ Մասնավորապես, թեև մարտի ընթացքում և ապրիլի առաջին տասնօրյակում արձանագրվել են պղնձի գների տատանումներ, ապրիլի 13-ին պղնձի 1 տոննայի գինը կազմել էր $9,642 հազ.: Այս նույն ժամանակահատվածում գրեթե նույն մակարդակի վրա է պահպանվել մոլիբդենի գինը՝ երեկվա դրությամբ կազմելով $38,1 հազ.՝ 1 տոննայի դիմաց։
Իսկ Նովրուզի տոնին Հայաստան «եկած» ավելի քան $20 մլն-ը պետք է նպաստեր դրամի արժևորմանը, այլ ոչ արժեզրկմանը։
Սպեկուլյատիվ սպասումներ
Ներկրողներին դրամի ներկայիս արժեզրկումը ձեռնտու չէ, քանի որ արտաքին շուկայում գնումները կատարում են արտարժույթով, իսկ ներքին շուկայում իրացնում են ազգային արժույթով։ Դրամի արժեզրկումը ենթադրում է ներքին շուկայում ներկրված ապրանքների գների բարձրացում, ինչը ներկայիս բարձր գների ֆոնին պատկերացնելը բավական դժվար է, քանի որ գների նոր բարձրացումները կարող են հանգեցնել սպառման ծավալների հետագա կրճատման։ Դրամի արժեզրկումից միայն շահում են արտահանողները։
Կարող ենք ենթադրել, որ վերջին մի քանի օրերին դրամի արագ տեմպերով արժեզրկումը գլխավորապես սպեկուլյատիվ բնույթ է կրում և հիմնված է միայն բացասական սպասումների վրա, ինչը դոլարի արհեստական դեֆիցիտի հետևանք է։ Օրինակ՝ եթե մարտի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է $78,4 մլն, և վաճառվել է $75,3 մլն, ապա ապրիլի 4-8-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է $46,5 մլն, և վաճառվել է $62 մլն։
Իսկ անցած շաբաթ ֆոնդային բորսայում վաճառված $17,3 մլն-ից $15,7 մլն-ը բաժին է ընկել Կենտրոնական բանկին։ Այն, որ սպեկուլյացիայի և բացասական սպասումների ֆոնին ավելանում է դոլարի պահանջարկը, ինչն իր հերթին բերում է դրամի արժեզրկման, վկայում է, օրինակ, ապրիլի 12-ին բորսայում կատարված գործարքների ծավալը. այդ օրը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է Դ7,1 մլն-ի առք և վաճառք՝ $1/Դ377.33 միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է Դ377.5։
Երեկ բորսայում դոլարի առք ու վաճառքի գործարքները ($6,45 մլն) գերազանցել են միջին օրականը (սովորաբար գործարքների ծավալը օրական կազմում է $4-5 մլն)։ Միջին կշռված փոխարժեքը նախորդ օրվա համեմատ որոշակիորեն նվազել է և կազմել $1/Դ376.83: Փակման գինը կազմել է Դ376: Ամենայն հավանականությամբ, դրամի չնչին ուժեղացման գործում իր մասնակցությունն է ունեցել ԿԲ-ն։ Նշենք, որ երեկ բանկերի մեծ մասը $1-ը գնում էր Դ375-ով և վաճառում Դ378-ով։
Ինչու թուլացավ դրամը
Դրամի կարճաժամկետ (ըստ էության՝ արհեստական) արժեզրկումն առաջին հերթին ձեռնտու է բանկերին և արտահանողներին, քանի որ ապրիլի 15-ին ավարտվում է 2010թ. շահութահարկի վճարման ժամկետը, և, ըստ էության, թույլ դրամի հաշվին կարելի է քիչ հարկ վճարել։ Արտահանողների, հատկապես՝ հանքարդյունաբերական ընկերությունների, ինչպես նաև բանկերի՝ 2010թ. ընթացքում վճարած ուղղակի հարկերի համար հիմք են հանդիսացել 2009թ. ֆինանսական ցուցանիշները։
Օրինակ՝ 2010թ. դեկտեմբերի վերջի դրությամբ առևտրային բանկերի շահույթը մինչև հարկումը կազմել է Դ38,9 մլրդ, իսկ արդեն զուտ շահույթը՝ Դ30,2 մլրդ։ Այսինքն, ըստ Պետեկամուտների կոմիտեի, տեղեկատուի բանկերը պետբյուջե են վճարել Դ8,9 մլրդ-ի շահութահարկ։ Բանկերն անցած տարի վճարել են շուրջ Դ13 մլրդ-ի հարկեր, որից Դ11,5 մլրդ-ը՝ ուղղակի հարկեր։ Այդ ցուցանիշը համեմատելով 2009թ. վճարած հարկերի ցուցանիշի հետ՝ ստացվում է, որ բանկերը Դ4 մլրդ-ով կամ 24%-ով քիչ հարկ են վճարել։ Եթե հաշվի առնենք, որ առևտրային բանկերի վճարած հարկերի շուրջ 90%-ն ուղղակի են, իսկ ուղղակի հարկերում շահութահարկի մասնաբաժինը կազմել է 77,3%, ապա մինչև ապրիլի 15-ը բանկերը պետք է անցած տարվա շահութահարկի գծով լրացուցիչ վճարումներ կատարեն։ Շահութահարկի գծով լրացուցիչ վճարումներ պետք է կատարեն նաև հանքարդյունաբերական ընկերությունները։
Պաշտոնական տվյալների համաձայն (փետրվարի վերջի դրությամբ)՝ բանկային համակարգում ձեռնարկությունների դրամային ցպահանջ ավանդները բանկային համակարգում կազմել են Դ65 մլրդ, իսկ արտարժութային ավանդները՝ Դ42,7 մլրդ, ժամկետային դրամային ավանդները կազմել են Դ16,8 մլրդ, իսկ արտարժութայինը՝ Դ41 մլրդ։ Եթե տնտեսավարողները վճարելիք շահութահարկի համար արտարժույթը փոխանակեն դրամի հետ ներկայիս փոխարժեքով, ապա միայն այս տասը օրվա ընթացքում փոխարժեքի գործոնի արդյունքում յուրաքանչյուր Դ1 մլն-ի հաշվով նրանք կտնտեսեն շուրջ Դ30 հազ.։ Եթե ապրիլի 2-ին Դ1 մլն-ը հավասար էր $2,74 հազ-ի, ապա երեկվա փոխարժեքով՝ արդեն $2,66 հազ-ի:
Սխեման բավական գրավիչ է ու իրագործելի, եթե հաշվի առնենք, որ թե՛ բանկերը, թե՛ արտահանողներն իրենց գործակալների միջոցով կարող են բորսայում արհեստականորեն կարճաժամկետ կտրվածքով բարձրացնել դոլարի փոխարժեքը, սխալ ազդակների միջոցով սպառողների շրջանում ստեղծել դրամի հետագա արժեզրկման սպասումներ և ձևավորել դրա հավելյալ պահանջարկ։ Սխեման նաև իրագործելի է այն տեսակետից, որ ԿԲ-ն վերջին շրջանում լրջորեն չի միջամտել արտարժութային շուկային և ավելի շատ դիտորդի կեցվածք է ընդունել։