կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-02 10:52
Հասարակություն

Եվ` երկիր

Եվ` երկիր

Սահմանադրական դատարանը շուտով որոշում կկայացնի: Անկախ այն բանից, թե որոշումն ինչպիսին կլինի, քննության ընթացքը, բացի այն, որ երևան բերեց պատասխանող կողմի, այն է՝ իշխանության ներկայացուցիչների պրոֆեսիոնալ անհավասար մակարդակը հայցվոր կողմի ներկայացուցիչների համեմատ, նաև ակնհայտ դարձրեց, թե իշխանությունների ձեռքով ում է վստահված սոցիալական ոլորտի օրենսդրական սպասարկումը:

 

Խոսքը ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի` արդեն «չորս սազիվ» պատգամավոր աշխատող մարդու զարմանալի անհամարժեք ներկայությունն էր դատարանում: Այս կերպարով ու այս մակարդակով իշխանությունները գուցե փորձել էին հումորի հուն ուղղորդել քննության ընթացքը և այդ շոուով «փոխհատուցել» ՍԴ-ի կանխորոշված որոշումը, մոտավորապես այսպիսի` «բավարարող որոշում չստացաք, բայց մեծ բավականություն պատճառած հումորային ներկայացում ստացաք, էլ ի՞նչ եք ուզում» տրամաբանությամբ:

 

Իր առջև դրված տեքստը դժվարությամբ կարդացող վերոնշյալ պատգամավորը, անկասկած, հանդիսատեսի հիշողության մեջ կմնա ո'չ «կուտակայինի հոր» զավեշտալի, ո'չ էլ «նահանջ տարիների» ծիծաղելի հիշատակությամբ: Նա հայ պառլամենտարիզմի պատմության մեջ կմնա իր այն հայտարարության շնորհիվ, որ հնչեց ի պատասխան հայցվոր կողմի պնդման, թե իշխանությունները կուտակային համակարգը ներդնում են` առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու:

 

Ըստ Հ. Հակոբյանի՝ այդ խնդրով եթե հանրաքվե չի էլ եղել, ապա հաստատ դրա նման մի բան եղել է` անցյալ խորհրդարանական ընտրությունները, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ յուրօրինակ հանրաքվե, որով ժողովուրդը կանխավ իր հավանությունն է տվել Հանրապետական կուսակցության բոլոր մեծ ու փոքր ձեռնարկումներին, որոնք նա կանի այդուհետ:

 

Այդպիսով, իշխանությունների` ժողովրդի կարծիքը չլսելու մեղադրանքին ի պատասխան, Հ. Հակոբյանն իր համեստ օրինակով ցույց տվեց, որ ժողովուրդը քանի որ իրեն է ընտրել, ուրեմն իրեն և իր կուսակցությանն արտոնել է ժողովրդի անունից ճակատագրական որոշումներ կայացնելու իրավունքը: Ուրեմն` էլ ի՛նչ հանրաքվե, ի՛նչ բան, իրենք էլ՝ հանրապետականները, էն գլխից մանդատավորված են ցանկացած որոշում կայացնելու, էն գլխից «հանրաքվեավորված»: (Չի բացառվում, որ այս տրամաբանությամբ շուտով սահմանադրական փոփոխություններն էլ կընդունվեն. արդեն «չորս սազիվ» իշխող Հանրապետականը ինքն էլ կընդունի այդ փոփոխությունները): Ու այս մակարդակով ԱԺ հանձնաժողով են ղեկավարում, նաև` ԱԺ ու կառավարություն: Եվ` երկիր:

 

Բ. Գասպարյան