Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ցավով տեղեկացանք, որ կյանքից վաղաժամ հեռացել է ՀՅԴ անվանի գործիչ, «Երկիր» պաշտոնաթերթի նախկին խմբագիր Շաղիկ Մարուխյանը:
Հոր` ՀՅԴ Բյուրոյի երկարամյա անդամ Հրայր Մարուխյանի` 1992 թ. հայրենիքից արտաքսվելուց հետո հաստատվելով Հայաստանում, Շաղիկ Մարուխյանն Արցախում և ՀՀ-ում իր կատարած աշխատանքներով ու մեծածավալ ծրագրերով նեցուկ է կանգնել հայկական երկու պետությունների կայացմանն ու զարգացմանը:
Շաղիկ Մարուխյանը հանդիսացել է նաև ՀՅԴ Հայաստանի կազմակերպության օրգան «Երկիր» պաշտոնաթերթի խմբագիրը:
Yerkir.am-ի խմբագրակազմը ցավակցում է սիրելի ընկերուհի Շաղիկ Մարուխյանի հարազատներին և, իբրև հիշատակ, ներկայացնում նրա` կայքէջին տված հարցազրույցներից մեկը:
Հարցազրույցը հրապարակվել է 2020 թ. մարտի 8-ին:
* * *
Ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն ու Հրայր Մարուխյանը հանդիպեցին փարիզյան նեղ բնակարանում․ կին դաշնակացական գործչի Մարտի 8-յան պատմությունները
Շաղիկ Մարուխյանի փարիզյան փոքրիկ բնակարանում, որտեղ երկտեղանոց մի բազմոց էր միայն տեղավորվում, հանդիպեցին Լևոն Տեր-Պետրոսյանն ու Հրայր Մարուխյանը և իրար կողքի նստեցին այդ բազմոցին։
Այս պատմությունը Yerkir.am-ին պատմեց ՀՅԴ Բյուրոյի ավելի քան 20 տարիների ներկայացուցիչ, Դաշնակցությունը 1990-ականներին Հայաստան բերած, 1992 թ. նույն Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից արտաքսված դաշնակցական գործիչ Հրայր Մարուխյանի դուստրը՝ Շաղիկ Մարուխյանը։ Շաղիկն այժմ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ է։
Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի, առիթով Շաղիկ Մարուխյանը հիշեց իր ընտանիքի այն մթնոլորտը, որն իրեն՝ ընտանիքի կրտսեր դստրիկին, կոփեց իբրև սեփական դիրքորոշումն ունեցող անհատ ու քաղաքական գործիչ։
1991-ի այն շրջանն էր, երբ ՀՀՇ-ն Լևոն Տեր-Պետրոսյանին պետք է առաջադրեր ՀՀ նախագահի թեկնածու։ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանին Փարիզում հայտնեցին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ևս այցով այնտեղ է և ուզում է տեսնել իրեն։ Առաջարկեց դստեր սենյակ-ստուդիոյում հանդիպել, որտեղ Շաղիկն ապրում էր ուսման տարիներին։
Դուռը թակեցին։ Շաղիկը բացեց ու մի քանի ոտնաչափ սենյակ հրավիրեց բարձրահասակ Լևոն Տեր-Պետրոսյանին, որի պարանոցին այն ժամանակ շարժումները սահմանափակող ֆիքսատոր կար։
Հայրիկն ու ՀՀ ապագա առաջին նախագահը նստեցին նեղլիկ բազմոցին։ Մարուխյանն ասաց՝ ես իմ աղջկանից գաղտնիքներ չունեմ, Տեր-Պետրոսյանն ասաց՝ գուցե ես ունեմ։ Շաղիկն առաջարկեց՝ թեյը բերել ու առանձնանալ խոհանոցում։
Խոհանոց կոչվածը սենյակի մի անկյունն էր՝ դռնով առանձնացված, որտեղ ակամա կարելի էր լսել ամբողջ խոսակցությունը։
«Նախագահական ընտրություններից առաջ էր, երբ փորձում էին համոզել Դաշնակցությանը, որ միանա Հայոց համազգային շարժմանը՝ մտնի ՀՀՇ-ի մեջ։ Ես շատ լավ հիշում եմ, որ ընդհանուր հայտարարի չեկան, որովհետև Մարուխյանը փորձում էր համոզել, որ Դաշնակցությունը համահայկական կուսակցություն է և ուժ է, որը որևէ շարժման մեջ մտնելու խնդիր չի դրել, ինքնուրույն է։ Առաջարկում էր՝ համահունչ, միասին քայլելով գնալ, բայց ՀՀՇ-ի մեջ մտնելու խնդիր չդնել, այլ, հակառակը, օգտվել Դաշնակցության հնարավորություններից և թույլ տալ, որ Դաշնակցությունն իր պատկերացրած ձևով առաջ տանի իր գաղափարախոսությունը և օգտակար լինի ժողովրդին անկախության այդ առաջին տարիներին։ Այդ էր այդ օրվա խոսակցության թեման և չեկան որևէ հայտարարի, որից հետո եղավ այն՝ ինչ եղավ․ նախագահական ընտրություններին Դաշնակցությունն ունեցավ իր առանձին թեկնածուն, ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, որից հետո սկսվեցին կոնֆլիկտները, որովհետև նա այդպես էլ չընկալեց այն փաստը, որ Դաշնակցությունը, որն ուներ այդքան ազդեցություն և ուժ Սփյուռքում, պետք է Հայաստանում լիներ առանձին քաղաքական միավոր, առավել ևս՝ ընդդիմություն իրեն»,-պատմեց Շաղիկ Մարուխյանը։
Տարաձայնությունները Շաղիկի հետ հայրիկն ինքն էր հրահրում՝ իմանալով որ նա կամ քույր-եղբայրներից որևէ մեկը այլ կարծիքի են, կարծես մղում էր վիճաբանության, որպեսզի գուցե նաև այդ կերպ սովորեցնի վիճելու ժամանակ արգումենտներ ներկայացնել, լսել հակափաստարկները․ «Փոքրուց դա դրված էր՝ ինչ-որ ձևով անպայման կարծիքն արտահայտել, լինել ակտիվ քաղաքացիական կյանքում։ Մեծ սիրով եմ հիշում հիմա, մի քիչ հուզմունքով՝ իմ և հորս «հակասությունները»։ Երբ ես հասուն տարիքում էի, ինքն արդեն ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ էր, հաճախ ճամփորդությունների մեջ էր և այն քիչ ժամանակը, որ հասցնում էր անցկացնել ընտանիքում, շատ հարցերում մենք ունեցել ենք հակադիր կարծիքներ։ Ավելի ուշ, երբ ես արդեն Փարիզում դարձա դաշնակցական, կուսակցական հարցերի շուրջ չէինք համաձայնում։ Հաճախ շատ բուռն էին մեր վեճերը․ ես դա շատ մեծ սիրով եմ հիշում»։
Մի առիթով վեճը հասավ նրան, որ Շաղիկն ու հայրիկը գժտվեցին՝ դադարեցին խոսել իրար հետ․ ասելիքը փոքրիկ թղթիկների վրա գրում էին, թողնում սեղանին, մյուսը գալիս էր՝ կարդում։
Դա այն շրջանն էր, երբ 1988-ի շարժման տարիներին Սիլվա Կապուտիկյանը և այլ մտավորականներ կոչ էին արել գործադուլներ չանել՝ բողոքել այլ կերպ, քանի որ գործադուլները թուլացնում էին հենց այն երկրի տնտեսությունը, որում բողոքավոր մարդիկ ևս պետք է ապրեին և դա լավ տեղ չէր տանում։ Դաշնակցությունը միացել էր այս կոչին։ Երիտասարդ սերունդը, սակայն, համաձայն չէր։
«Դաշնակցությունը ձայնակցել էր այդ շարժմանը, որ, այո՛, մեզ անկախությունը պետք է, բայց այնպես չանենք, որ երկիրը տնտեսապես վերջնականապես քանդվի։ Այդ ժամանակ մենք 18-19 տարեկան էինք և բավական բուռն էինք հակազդում, որ՝ ո՞նց, մենք հեղափոխական կուսակցություն ենք, մենք, այո՛, պետք է կանգնենք ժողովրդի կողքին և ժողովուրդն ինչ ասում է՝ պետք է անվերապահորեն պաշտպանենք։ Եվ այդտեղ ոչ միայն ես, այլև իմ սերնդակից ընկերները, ունեցել ենք վեճեր։ Եվ ինքը մեծ սիրով էր մեզ հետ նստում և բացատրում, որ հարցը հեղափոխականության մեջ չէ, հարցն այն է, որ, այո՛, մենք ժողովրդի կողքին ենք, մենք քաջալերում ենք, որ շարժումը թափ ստանա, և, ի վերջո, բոլորս գիտեինք, որ դա տանելու է անկախության, որովհետև քաղաքական կոնտեքստն էր դա թելադրում։ Նա փորձում էր բացատրել մեզ, որ Դաշնակցությունն անվերապահորեն կանգնած է ժողովրդի կողքին, բայց նաև իր պարտականությունների մեջ է մտնում զգաստ պահել ժողովրդին և այն խնդիրները, որոնք կարող են առաջացնել, օրինակ, գործադուլային ակցիաները երկրի ընդհանուր տնտեսության համար, որի մեջ հետո նույն ժողովուրդը պիտի խնդիր ունենա, մենք պարտավոր ենք՝ որպես կուսակցություն, զգաստացնել»,-պատմեց Շաղիկ Մարուխյանը։
Շաղիկի պապիկը՝ Թորգոմ Մարուխյանը, երբեմն բացում էր Փետրվարյան ապստամբության քարտեզն ու ցույց տալիս։ Նա ևս մասնակից էր եղել բոլշևիկների ապօրինություններին հակազդելու՝ դաշնակցականների այդ գործողությանը։ Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատման հետ պապիկն այդպես էլ չհաշվեց։
«Հայրիկս շատ էր բացակայում տանից, բայց փոխարենը միշտ մեր կողքին էր պապիկս, որը Փետրվարյան ապստամբության մասնակից էր և Հայաստանից տարագիր՝ Թավրիզ էին տեղափոխվել, Իրանում էր ընտանիք կազմել, դրա համար էր հայրիկս Իրանում ծնվել, որից հետո բոլորով տեղափոխվել էին Բեյրութ։ Պապիկս, ճիշտ է՝ շատ դրվագներ չէր պատմում, բայց իր համար շատ կարևոր էր, որ բոլորս մեծանայինք այդ շնչով՝ մեր դաստիարակության հիմնաքարը դրել է մեծ պապաս՝ ինչպես իրեն ասում էինք»,-հիշեց Շողիկ Մարուխյանը։
Նա շատ, շատ անգամ է փորձել մեծ պապային խոսեցնել, բայց ոչինչ չէր պատմում փետրվարյան ապստամբությունից, որովհետև երբ այդ ամենը վերհիշում էր, հետո վատ երազներ էր տեսնում։
«Ինքը երբեք չհարմարվեց Հայաստանից դուրս իր գտնվելուն, 20 տարեկանում տարագրվել էր, մահացավ 82 տարեկանում՝ Բեյրութում, երբեք չհարմարվեց․ ո՛չ Իրանում էր հարմարվել, ո՛չ Լիբանանում հարմարվեց։ Պատմում են, երբ նա առաջին անգամ Հայաստան էր վերադարձել արդեն մեծ մորս հետ՝ 1971 թ-ին, և երբ հետ էր վերադարձել, շատ ծանր սրտով էր վերադարձել, որովհետև Սովետական Հայաստանն իր համար ընկալելի չէր։ Ասում էին, որ վերադարձել էր ու ասում էր՝ ես այլևս չեմ գնա, ինչքան էլ որ ինձ հարազատ է, ինչքան էլ որ իմ ընտանիքն է այնտեղ, որովհետև պապիկիս եղբայրներն այստեղ են եղել, միայն ինքն է դաշնակցական ուղղությամբ գնացել, Սովետական Հայաստանի գաղափարին պապիկս երբեք չհարմարվեց, իր համար այն էր Հայաստանը, որն ինքը թողել էր, որի համար ինքը պայքարել էր։ Հնարավոր է՝ այդ ամեն ինչը նաև անուղղակիորեն մեր մեջ է անցել»,-ասաց Շաղիկ Մարուխյանը։
Կուսակցական լինել-չլինելու հարցը ընտանիքում երբեք չի դրվել, ընդհակառակը, միշտ ասվել է, որ պետք է իմանան, որ Սփյուռքը ժամանակավոր գաղթօջախ է, որ իրենց տունը Հայաստանում է, որ ֆիդայիների արածը իզուր չի անցել։
Ընտանիքում այդ դաստիարակությունն է եղել, հիշում է Շաղիկ Մարուխյանը, իսկ դաշնակցական լինելու որոշումը եղել է անհատական և դա չեն էլ քննարկել։ Թեպետ, սովորաբար, Սփյուռքում դաշնակցական ընտանիքների երեխաների համար կուսկացական դառնալու հիմքը դրվում է պատանեկան միություններով, ՀՄԸՄ-ով, մշակութային տարբեր միջոցառումներով և նաև դպրոցից են ներարկում հայապահպանման արժեհամակարգը։
Արդեն 1998-ին, երբ Շաղիկ Մարուխյանը, հայրիկի մահից հետո, հաստատվեց Հայաստանում, նրա համար անհասկանալի էր՝ ինչու են Մարտի 8-ը նշում որպես կանանց մեծարման տոն․ «Չեմ փորձում ժխտականը գտնել այդ ամենի մեջ, ուղղակի միակ խնդիրն այն է, որ Մարտի 8-ի իմաստը կորել է այստեղ, մոռացվել է՝ ինչի համար է այն Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օր։ Կնամեծարության օր չէ, հակառակը, այն օրն է, երբ ամբողջ աշխարհում տարիներ շարունակ իրավունքներից զուրկ կանայք ոտքի են ելել, իրենց իրավունքներն են պաշտպանել»։
Հայաստանում հասարակական տարբեր կազմակերպություններ կանանց իրավունքների պաշտպանության ծրագրեր են իրականացնում և, հաճախ, հանդիպում են հասարակության հակազդեցությանը՝ ընկալվում են իբրև ընտանիքի գործերին միջամտող, կանանց արժեհամակարգը խաթարող խմբավորումներ։ Շաղիկ Մարուխյանի համար հասկանալի է, թե ինչու է այդպես․ «Կանանց իրավունքների պաշտպանությունը որևէ մեկի մենաշնորհը չէ, ցանկացած իրավունքի պաշտպանության գործընթացում պետք է նկատի ունենալ կոնտեքստը, որում դու պայքարում ես և բարձրաձայնում ես այդ հարցերը և քաղաքական իրավիճակը։ Եթե դու որևէ արհեստական օրակարգով ես մտնում, այդ դեպքում այդ ամեն ինչը դառնում է արհեստական և առաջացնում է զգայունություն, առաջացնում է ռեակցիա, որը վնասում է գործին։ Ցավոք, այսօր կանանց իրավունքների պաշտպանության գործում այդպես է արվում, որովհետև կանանց իրավունքների պաշտպանությունը բոլորիս նպատակն է․ նույն Դաշնակցությունը, որ եղել է ընկերվարական կուսակցություն, դեռևս 130 տարի առաջվանից հստակ նշել է իր ծրագրում, որ դա մաս է կազմում իր անելիքների։ 1918-ին առաջին անգամ դաշնակցական կառավարության մեջ ունեցել ենք կին դեսպան, խորհրդարանում 3 կին պատգամավոր, բացի կին գրողներից ունեցել ենք նաև դաշնակցական գործիչների կանանց ազդեցությունը ամուսինների վրա։ Այդ ամենը մեզ բերում է այն եզրակացության, որ մենք երբեք չենք թերագնահատում կնոջը իբրև կուսակցություն և գաղափարախոսություն։ Իրական կյանքում ես տեսնում եմ, որ այդ երևույթը, այո, կա, դա շրջանցել հնարավոր չէ, կա երևույթը և պետք է մատը դնել վերքի վրա, բայց թե ինչ ձևով ենք ուզում այդ վերքը բուժել, այդտեղ է, որ ես հարց ունեմ»։
Շաղիկ Մարուխյանը վստահ է, որ կանանց իրավունքների հարցը բարձրաձայնելը բացարձակապես ընտանիքի հարցերին միջամուխ լինել չէ, այլ հակառակը՝ կամաց-կամաց հասարակությանը բերել այն մտածողության, որ կինը և տղամարդը տարբեր են, բայց ունեն հավասար իրավունքներ։
«Շոկային գործառույթներով չի կարելի, այդ ամենը հակառակ ուղղությամբ է գնում։ Եվ հիմա մենք տեսնում ենք այդ ծայրահեղական ֆեմինիստական շարժումները, որ ես չգիտեմ ինչքանով են հաջողության հասնում։ Իսկ եթե շատ ավելի խորքային, հանգիստ վերլուծված, կամաց-կամաց հասարակության մեջ մտայնություն փոխվի, կգնանք ճիշտ ուղղությամբ»,-ասաց նա։
Շաղիկ Մարուխյանը ավանդական արժեքները կնոջ իրավունքի հետ բացարձակ չի հակադրում․ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ դա էլ է կեղծ օրակարգերից՝ հակադրել կանանց իրավունքը և ավանդական արժեքները։ Թե ինչքանով այդ ավանդությունները չափազանցված են, խեղված են, դա ուրիշ հարց է, բայց ավանդությունը, հայկական ընտանիքը և կանանց իրավունքը իրար հակադրել, չեմ կարծում, որ ճիշտ օրակարգ է»։
Հարցազրույցը` Աննա Բալյանի