կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-01 12:36
Հասարակություն

Այդ քաղցր բանը՝ վարկանիշ

Այդ քաղցր բանը՝ վարկանիշ

Վարկանիշախտը մեր իրականության մեջ խորանում է և ընդարձակվում` նորանոր ոլորտներ գրավելով: Վաղուց արդեն դա մի բան է, որով հեշտ փակում են, ասենք, դժգոհ քաղաքացու բերանը, որը բողոքում է սոցիալական ծանր իրավիճակից: Կառավարությունն այդպիսի դեպքում դեմ է տալիս իր ամենազոր փաստարկը` բա չգիտե՞ս, մեր երկիրը, միջազգային մի կազմակերպության տվյալներով, տնտեսական ազատության սանդղակում բարելավել է իր դիրքերը` 100-րդից իջնելով 99-րդ տեղ: Եվ որևէ նշանակություն չունի, թե այս «երջանիկ» առաջընթացը բառի ուղղակի իմաստով քանի կոպեկ արժե քաղաքացու համար, կառավարության համար կարևորը վարկանիշային հաղթանակն է:

 

Վարկանիշախտով բռնված է լրատվադաշտը: Վերջերս հավանության փոխարեն հանդգնեցի կասկածել մեր հրապարակագիրներից մեկի մի նյութի բարոյական լինելուն` համոզումս գրավոր մեկնաբանելով և անզգուշաբար այն պայմանավորելով հեղինակի` հնարավորինս շուտ և շատ լայք հավաքելու մարմաջով: Հանդգնությունս, ինչպես ասում են, թանկ նստեց վրաս. հավանողների մի կատաղի գումարտակ տեղնուտեղը հաշիվներս մաքրեց` իմ մոլորված լինելը փաստարկելու համար շեշտելով, որ սույն հրապարակագիրը «գիտե՞ս լայքի քանի կարմիր գիծ է վառել», ասել է թե` վարկանիշի գելերից է:

 

Վարկանիշախտով բռնված է մարզական ոլորտը: Ահավասիկ, հայկական ֆուտոբոլի ավելի քան համեստ նվաճումների պայմաններում մենք բավական տպավորիչ առաջընթացներ ենք գրանցում, միայն թե, ավաղ, ոչ մրցաշարային, այլ վարկանիշային աղյուսակներում: Օրերս համարյա համազգային տոնի վերածելու ակնկալիքով հանրությանը ծանուցվեց, որ մեր ազգային հավաքականն արդեն մտել է աշխարհի երկրների հավաքականների լավագույն երեսնյակ: Ընդ որում` մենք երեսուներորդ տեղում հայտնվել էինք բացարձակապես ոչինչ չանելով` չխաղալով, չհաղթելով, գոլ չխփելով: Պարզապես մեզնից առաջ մի քանի երկրների հավաքականներ սայթաքել էին, և դրա արդյունքում «առաջադիմել» էինք մենք:

 

Այսօր էլ, ահա, համացանցում լրատվանյութ է պտտվում, թե շախմատի մեր առաջատար Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում աշխարհում երկրորդն է` աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից հետո: Եվ այնպիսի տպավորություն է, որ Խանտի Մանսիյսկի հավակնորդների մրցաշարում Լևոնի չափազանց անհաջող ելույթի պատճառները քննարկելու փոխարեն մենք դարձյալ մեզ ինքնօրորում ենք ինչ-որ աղյուսակում երկրորդը լինելու փաստով: Եվ թե ինչպես ենք կարողանում այդ փաստից նորից հիացմունքի ու բավարարվածության առիթներ պեղել, այնքան էլ պարզ չէ: Թեև, ըստ ամենայնի, դա արդեն վարկանիշախտով վարակված լինելու ստույգ նշան է:

 

Լևոն Սարգսյան