կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-22 13:21
Քաղաքական

Այդ մարմինները վարչապետի քաղցր աչքի տակ պահելու միջոց է. ԱԺ, ՍԴ, ԲԴԽ նախագահները կպարգևատրվեն պետական պարգևներով

Այդ մարմինները վարչապետի քաղցր աչքի տակ պահելու միջոց է. ԱԺ, ՍԴ, ԲԴԽ նախագահները կպարգևատրվեն պետական պարգևներով

ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող` արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ նախագիծն առաջին ընթերցումից հետո հեղինակի` կառավարության կողմից փոփոխությունների չի ենթարկվել, առաջարկություն ներկայացրել է միայն ՀՅԴ-ն: «Առաջարկել են նախագծի 6-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` հանրապետության նախագահը, վարչապետը, ԱԺ-ի ՍԴ-ի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահներն իրենց պաշտոնավարման ընթացքում չեն կարող պարգևատրվել ՀՀ պետական պարգևներով»,- ներկայացրեց նա:

Հովհաննիսյանը նշեց, որ գործող օրենքը հանրապետության նախագահին է արգելում, որպեսզի պարգևներով պարգևատրվի, այն պարզ պատճառով, որովհետև հանրապետության նախագահն ինքն է պարգևատրողը և պարգևատևողն ու պարգևատրվողը համընկնում են:

«Մենք նախագծում ավելացրել ենք նաև վարչապետը, որովհետև վարչապետին պարգևատրելու համար նախագահին միակ միջնորդողը հենց նույն վարչապետն է, սակայն ԱԺ, ՍԴ, ԲԴԽ նախագահների պարագայում, այո, նրանք միջնորդում են նախագահին` իրենց ոլորտներում  պարգևատրելու համար, սակայն վարչապետն իրավունք ունի միջնորդելու նախագահին` նրանց պարգևատրելու համար: Այսինքն` մենք վարչապետին թույլ ենք տվել ԱԺ նախագահին պարգևատրելու համար միջնորդել նախագահին: Սա է պատճառը, որ մենք այս սահմանափակումները չենք դրել: ՀՅԴ առաջարկությունը չենք ընդունել, կարծում ենք, որ կլինեն դեպքեր, երբ վարչապետը կառաջարկի այս անձանց պարգևատրել»,- պարզաբանեց նա:

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանին էլ չէր գոհացնում վարչապետին չպարգևատրելու դրույթը, նա հետաքրքրվեց. «Նպատակահարմար չէ՞ր այդ դրույթը հանել»:

Հովհաննիսյանը պատասխանեց` ոչ, քանի որ վարչապետը միակ անձն է, որ կարող է միջնորդել իրեն պարգևատրելու համար:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին հետաքրքրում էր, թե ինչո՞ւ նախագահին վարչապետը պետք է  միջնորդի բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձանց պարգևներ տրամադրելու հարցում: «Սա այդ մարմինները` ԱԺ, ՍԴ, ԲԴԽ, վարչապետի քաղցր աչքի տակ պահելու մի միջոց է: Առաջարկում եմ` նախագահին առընթեր մարմին լինի և այն պարգևների ներկայացնի անձանց: Չէ՞ որ ՍԴ նախագահը, ԲԴԽ նախագահը, ԱԺ նախագահը վարչապետից անկախ գործող պետական մարմինների ղեկավարներ են, ուրեմն ինչո՞ւ պետք է անկախ մարմինների ղեկավարներին վարչապետը ներկայացնի պարգևատրման»,- ասաց նա:

Փոխնախարարը պատասխանեց, որ այս հարցը առաջին ընթերցման ժամանակ էլ է քննարկվել: «Սահմանադրության պահանջ ենք կատարում»,- ասաց նա:

Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց առանց փոփոխությունների: