կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-01 12:09
Հասարակություն

Հարկային ու մաքսային պաշտոնյաները շարունակում են ապօրինաբար զբաղվել բիզնեսով. օմբուդսմեն

Հարկային ու մաքսային  պաշտոնյաները շարունակում են ապօրինաբար զբաղվել բիզնեսով. օմբուդսմեն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարածել է օմբուսմենի զեկույցը ՊԵԿ-ում առկա թերությունների եւ խնդիրների վերաբերյալ: Զեկույցն ամբողջությամբ` ստորեւ:

 

Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

 

• Ստվերային գործունեության վերաբերյալ ՊԵԿ-ն ուսումնասիրել է 225 դեպք, որոնցից միայն 25-ով են հարուցվել քրեական գործեր, քանի որ եղած գործերի 89% քննել է մակերեսորեն: Արդյունքում ստվերային տնտեսության ցուցանիշը տարիներ շարունակ գրեթե չի փոփոխվել՝ կազմելով շուրջ 35 - 40%:

 

• Հարկային կամ մաքսային մարմինների որոշ պաշտոնյաներ կամ նրանց հարազատները՝ ամուսինը, զավակները, ծնողները, քույրերը, եղբայրները, միաժամանակ զբաղվել են նաև ձեռնարկատիրական գործունեությամբ: Արդյունքում, այդ անձինք անօրինական առավելություններ են ստացել միևնույն շուկայում գործող այլ գործարարների նկատմամբ:

 

• ՊԵԿ-ը գործարարների նկատմամբ կայացրել է չափազանց մեծ քանակի՝ 5712 հարկային արգելանքի որոշումներ՝ առանց սպառելու սահմանափակման այլ միջոցները, ինչպես օրինակ՝ տույժեր, կրկնապատկվող տույժեր: Ընդ որում, գործարարների գույքի և ամբողջ դրամական միջոցների վրա դրված արգելանքը զգալիորեն գերազանցել է հարկային պարտքի չափը: Արդյունքում գործարարները տևական ժամանակով զրկվել են թե իրենց բանկային հաշիվները, թե գույքը տնօրինելու հնարավորությունից:

 

• Օրենսդրական բացի հետևանքով ՊԵԿ-ին տրվել է հայեցողություն՝ տուգանքը կիրառել ոչ միայն խախտումը կատարելու, այլև այն բացահայտելու օրվանից երկու ամսվա ընթացքում: Արդյունքում, ՊԵԿ-ը, ոչ բարեխղճորեն օգտագործելով իրեն տրված հայեցողությունը, մի դեպքում մարդկանց ենթարկել է պատասխանատվության, մյուս դեպքում՝ ոչ:

 

• Մի շարք դեպքերում ՊԵԿ-ը նույն արարքի համար գործարարներին ենթարկել է և վարչական, և հարկային պատասխանատվության՝ խախտելով նույն արարքի համար կրկին չպատժվելու Սահմանադրության սկզբունքը:

 

• «Շրջանառության հարկի մասին» օրենքում կիրառվող «անձ» հասկացության ոչ հստակ մեկնաբանության արդյունքում գործարարները ստիպված են եղել վճարել թե´ ԱԱՀ-ի գումարները և թե´ շրջանառության հարկը՝ տույժերով ու տուգանքներով: Նշվածի հետևանքով գործարարները կրել են լուրջ ֆինանսական վնասներ, իսկ որոշները նույնիսկ հայտնվել են սնանկացման վտանգի առաջ:

 

• Նոր հաշվիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) ներդնումը իրականացվել է մի շարք թերություններով՝ ՀԴՄ-ների գները չեն եղել մատչելի, նրանց տեխնիկական սպասարկումը եղել է թերի, գործարարների և այլ շահագրգիռ անձանց հետ նոր ՀԴՄ-ների վերաբերյալ պատշաճ քննարկումներ չեն կազմակերպվել:

 

• ՊԵԿ-ը չի ներկայացրել որևէ մատչելի փաստաթուղթ, որտեղ հստակ նշված կլինեն ապրաքների և մեքենաների մաքսային արժեքները և դրանց որոշման կանոնները: Արդյունքում մարդիկ հնարավորություն չեն ունեցել կանխատեսելու իրենց գնած ապրանքների կամ մեքենաների մաքսազերծման գումարի չափը և դրա որոշման կարգը: Արձանագրված դրական զարգացումները

 

• ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվել են հարկային և մաքսային ծառայողների բոլոր հիմնական մասնագիտական խմբերի (հարկ վճարողներին սպասարկող անձնակազմ, ստուգումներ, իրավաբաններ, օպերատիվ հետախուզական անձնակազմ, ՏՏ մասնագետներ և այլն) գծով նախապատրաստական և վերապատրաստման դասընթացներ, որի շրջանակներում ընդգրկվել է ընդհանուր առմամբ 4073 ունկնդիր:

 

• Միջոցներ են ձեռնարկվել ՀՀ ողջ տարածքում բացօթյա վայրերում խաղային ավտոմատների միջոցով ծխախոտի խաղարկություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հայտնաբերման և նրանց նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան միջոցների կիրառման ուղղությամբ:

 

• «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի «բ» ենթակետում նշված «անձ» եզրույթի օրենսդրական հստակեցման նպատակով մշակվել և ՀՀ արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննության է ներկայացվել մի շարք նախագծերի փաթեթ: