կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-19 20:07
Տնտեսական

Բիզնեսով զբաղվողները ջուրը արդյունավետ պետք է օգտագործեն

Բիզնեսով զբաղվողները ջուրը արդյունավետ պետք է օգտագործեն

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Արարատյան դաշտում ձկնաբուծական տնտեսությունների կողմից ջրային ռեսուրսների պահպանության նկատմամբ ուսումնասիրությունների արդյունքներն ու ստորերկրյա ջրային ռեսուրսների վերականգման ուղղված միջոցառումները: 
Զեկուցվել է, որ Արարատի և Արմավիրի մարզերի ջրային ռեսուրսների փաստացի վիճակի պահպանության նկատմամբ ուսումնասիրություն է իրականացվել 239 ձկնաբուծական տնտեսությունների 584 խորքային հորերի նկատմամբ:

Նշված ձկնաբուծական տնտեսություններից գործում է 124-ը, 160 ձկնաբուծական տնտեսություն ունի ջրօգտագործման թույլտվություն (ՋԹ-ով սահմանված ջրաքանակը 24207 լ/վ): Այս տարվա ընթացքում 584 խորքային հորից փաստացի գումարային ջրաելքը կազմել է մոտ 23973 լ/վ և այն նվազեցվել է` հասցվելով մոտ 22499 լ/վ ջրաքանակի, որը 15 չգործող ձկնաբուծական տնտեսությունների 18 խորքային հորերը փականային ռեժիմի բերելու և 3 խորքային հոր կոնսերվացնելու արդյունք է: Նշվել է, որ ձկնաբուծական նպատակով օգտագործվող փաստացի ջրաքանակը շուրջ 21607 լ/վ է, ինչը տարեկան կազմում է մոտ 681.4 մլն մ3 ջրաքանակ: 582 խորքային հորից կատարվել է 230 ինքնաշատրվանող խորքային հորի վրա տեղադրված փականների կնքում և հաշվառում, նախկինում կնքված 115 խորքային հորեր ևս մեկ անգամ հաշվառվել են:

 2017 թվականի հունվարի 1-ից առ այսօր խորքային հորերի փականային ռեժիմի բերելու, լուծարման և կոնսերվացման արդյունքում խնայվել է շուրջ 140 մլն մ3 ջրաքանակ:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ 
կատարելու մաuին» ՀՀ oրենքի նախագծին, որով առաջարկվում է ըստ գույքագրման արդյունքների՝ ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակները գերազանցող փաստացի արդյունահանված ջրի ծավալի համար 2018թ. հունվարի 1-ից կիրառել սահմանված դրույքաչափի (1մ3 համար 0.5 ՀՀ դրամ) եռապատիկը, իսկ ապօրինի ջրօգտագործման նկատմամբ` տասնապատիկը:

Առաջարկի իրագործման դեպքում պետական բյուջե կվճարվի հավելյալ՝ ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակները գերազանցող փաստացի արդյունահանված ջրի ծավալի դեպքում՝ 110 մլն դրամ և ապօրինի ջրօգտագործման դեպքում՝ 66 մլն դրամ: Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է նախագիծը դնել շրջանառության մեջ: 
Կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել շարունակել Արարատյան դաշտավայրում բնապահպանական իրավիճակի բարելավմանը և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ուղղված քայլերը, մասնավորապես, խորքային հորերի կոնսերվացման ու փականների տեղադրման գործընթացը: Կարեն Կարապետյանը հանձնարարել է պետական բյուջեից հատկացնել անհրաժեշտ միջոցներ՝ ջրաչափիչ սարքեր տեղադրելու նպատակով: 

«Մենք չենք ցանկանում խեղդել բիզնեսին, սակայն անհրաժեշտ է վերջինիս առավելագույնս մոտիվացնել, որպեսզի ջուրն արդյունավետ օգտագործի»,- ընդգծել է վարչապետը՝ ավելացնելով, որ պետք է բոլոր խնդիրներին տալ հնարավորինս պարզ լուծումներ:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է նաև «Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի 2017-2022 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը: