կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-22 15:34
Տնտեսական

Հայաստանում բիզնեսով զբաղվելու ամենալավ ժամանակն է. Կարեն Կարապետյանի հարցազրույցը` РИА Новости-ին

Հայաստանում բիզնեսով զբաղվելու ամենալավ ժամանակն է. Կարեն Կարապետյանի հարցազրույցը` РИА Новости-ին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել РИА Новости-ին, որում ասել է, որ Հայաստանը մտադիր է օտարերկրյա ներդրումների համար առավելագույն հարմար պայմաններ ստեղծել: 

 Պատասխանելով հարցին` ինչպիսի՞ առավելություններ կարող է առաջարկել Հայաստանը ռուսաստանցի գործարարներին` հաշվի առնելով ԵԱՏՄ անդամակցությունը, Կարապետյանը նշել է, որ եվրասիական ինտեգրացիոն նախագիծն ընդլայնել է Հայաստանի տնտեսական սահմանները. ներկայումս ԵԱՏՄ-ի շրջանակում քննարկվում է համագործակցությունը Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի, Սինգապուրի և այլ երկրների հետ:

«Բարենպաստ ներդրումային և բիզնես կլիման հնարավորություն կտան Հայաստանին մեկնարկային հարթակ դառնալու ռուս գործարարների համար, որ դեպի նոր շուկաներ մուտք ունենան»,- նշել է ՀՀ վարչապետը:

Կարապետյանի խոսքով` Հայաստանը առևտրի արտոնյալ ռեժիմ ունի ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի և Ճապոնիայի հետ: 

«Անցյալ տարվա վերջին հայ-իրանական սահմանին` Մեղրիում, սկսեց գործել ազատ տնտեսական գոտի, որը, կարծում ենք, լավ հարթակ է ռուսական բիզնեսի և կապիտալի համար, որի նկատմամբ հետաքրքրություն կա Իրանում: Ռուս գործարարները կարող են օգտվել ազատ տնտեսական գոտու հնարավորություններից և Իրան արտահանել ապրանքների մեծ խմբաքանակ, իսկ իրանական կողմն արտոնյալ պայմաններով կարող է արտահանել իր ապրանքները ԵԱՏՄ և այլ երկրներ»,- նշել է նա:

 Խոսելով գյուղատնտեսության և Ռուսաստան գյուղմթերք արտահանելու ծավալների ներուժի մասին` վարչապետը նշել է, որ գյուղատնտեսական ոլորտը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է, ներկայումս իրականացվում են մի շարք նախագծեր, որոնք ուղղված են ժամանակակից, եկամտաբեր և արդյունաբերական գյուղատնտեսության ստեղծմանը, և այդ ծրագրերը կազդեն նաև Ռուսաստան հայկական մթերքների արտահանման վրա, որը դինամիկ աճում է:

Խոսելով էներգետիկ ոլորտում ներդրումների մասին`Կարեն Կարապետյանը հիշեցրել է, որ նոյեմբերի 13-ին Երևանում «Տաշիր» ընկերությունների խումբը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, «Հայաստանի ներդրողների ակումբ» նախաձեռնության շրջանակում, ներկայացրել են հանրապետության էներգետիկ ոլորտում ներդրումային ծրագիր՝ ավելի քան 1 միլիարդ դոլար ծավալով: «Հայաստանի էներգետիկ ոլորտում «Տաշիր» ընկերությունների խմբի ևս մի ներդրումային նախագիծ կդառնա «Շնող» ՀԷԿ-ի կառուցումը: Կներդրվի մոտ 200 միլիոն դոլար»,- նշել է Կարապետյանը:

«Այդ ամենից բացի, իրականացվում են խոշոր ենթակառուցվածքային նախագծեր, ինչպիսիք են՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը, մայրաքաղաքում նոր բնակելի համալիրի կառուցումը, իրականացման փուլում է Երևանում նոր «Նոյ» էթնիկ թաղամասի կառուցման նախագիծը: Գյումրիում իրականացվում է «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցի վերականգնման նախագիծը, նախապատրաստման փուլում են նաև Հայաստանի մի քանի մարզերում այլ հիմնական զբոսաշրջային ուղղություններով ներդրումային ծրագրեր»,- ասել է վարչապետը:

Ըստ նրա` Հայաստանում օր օրի ավելի մեծ տարածում է ստանում օրգանիկ և ջերմոցային գյուղատնտեսությունը, Հայաստանը միջազգային հեղինակություն ունի միրգ-բանջարեղենի վերամշակման, կոնսերվացման, չրերի և հյութերի արտադրության ոլորտներում, իսկ տեղի ջուրը և ալկոհոլային արտադրանքը դարձել են Հայաստանի այցեքարտը:

«Ընդհանրապես, պետք է ասեմ, որ մեր հիմնական նպատակներից մեկը երկրում բիզնես վարելու համար առավելագույն հարմարավետ պայմանների ստեղծումն է: Կարող եմ վստահեցնել, որ այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում բիզնեսով զբաղվելու համար»,- ասել է Կարեն Կարապետյանը: