կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-16 16:30
Քաղաքական

Մենք մանր բիզնեսով զբաղվելու գայթակղություն չունենք. Գագիկ Խաչատրյան

Մենք մանր բիզնեսով զբաղվելու գայթակղություն չունենք. Գագիկ Խաչատրյան

ԱԺ հերթական քառօրյայի նիստում, երբ քննարկվում էր 2016թ. բյուջեի նախագիծը, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` ՀՀ ֆինանսներ նախարար Գագիկ Խաչատրյանին: Նա նախ նշեց, որ հնչեցվող հարցը պատվիրակված հարց է, այսինքն` Հայաստանի մի քանի մարզերում տարբեր գործարարներ խնդրել են այդ հարցը տալ: «Ինչպե՞ս է լինում, որ, լինելով ֆինանսների նախարար, Դուք զբաղվում է ՀԴՄ-ների թղթի ներմուծմամբ, արդյո՞ք դա կոռուպցիայի, հովանավորչության կամ խմբակային կառավարման ցայտուն օրինակ չէ»,- հարցրեց պատգամավորը:

Նախարարը պատասխանեց, որ այդ կապակցությամբ իսկապես մամուլի հրապարակումներ են եղել: «Ես կամ իմ ընտանիքը որևէ առնչություն չունենք ՀԴՄ-ների թղթի բիզնեսի հետ: Առաջին էտապում, երբ ՀԴՄ-ների կտրոններն էինք թողարկում, մեր համար կարևոր էր, որ դրանք չկեղծվեն, մենք մրցույթ անցկացրեցինք, և նրանք, ովքեր հաղթեցին այդ մրցույթում, պատահականությամբ էին գրանցված մեր շենքում: Այդ թղթի ներմուծման բիզնեսը մանր բիզնես է, հավատացնում եմ` մենք նման մանր բիզնեսներով զբաղվելու գայթակղություն չունենք»,- ասաց Գագիկ Խաչատրյանը:

Նիկոլ Փաշինյանը արձագանքեց. «Փաստորեն, կռուպնի բիզնեսով եք զբաղվում»: «Գոնե մանր բիզնեսի մեջ մեզ մի մեղադրեք»,- ի պատասխան նշեց նախարարը:

Փաշինյանը հարցրեց. «Ո՞նց եղավ, որ պատահական գրանցվեց այն բնակարանում, որտեղ գրանցված է «Յուքոմ» ընկերությունը, որի առնչությունը Ձեր ընտանիքի հետ գոնե հրապարակայնորեն հաստատված է»: Նախարարը պատասխանեց. «Երիտասարդը, ով զբաղվել է ՀԴՄ կտրոններով, այն երիտասարդն է, ով մրցութային կարգով հաղթել է: Հետագայում նա սկսել է աշխատել էլեկտրոնային համակարգերի ոլորտում, մասնավորապես` «Յուքոմ»-ի հետ»: