կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-29 13:04
Հասարակություն

Բեգլարյանը պատմեց, թե ինչ է արել իր կյանքում

Բեգլարյանը պատմեց, թե ինչ է արել իր կյանքում

 

Այսօր` ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ, լրագրողների հետ զրույցում պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին, թե արդյո՞ք չկա անհարմարության զգացում, որովհետև ընդդիմությունը սկսել է կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը պատասխանեց. «Որքան քաղաքականության մեջ եղել եմ, միշտ նույն բանն եմ ասել` յուրաքանչյուր մարդ թող լինի իր տեղում, այս հանրապետության ու պետության համար մի բան անի՝ իր տեղում լինելով: Թեկուզ կան մարդիկ, ովքեր քարը քարի վրա եթե դրած լինեին իրենց կյանքում, աշխատանքի իմաստն ու դժվարությունը կհասկանային, և իրենց խոսելու արժեքը կհասկանային: Յուրաքանչյուր մարդ, ըստ Սահմանադրության, իրավունք ունի ամեն ինչ հայտարարել ու խոսել, որի համար ոչ մեկ չի դատապարտում նրան: Բայց ես՝ որպես կառավարության անդամ, իմ տեղում անում եմ ամեն ինչ՝ՙ հանուն մեր պետության, մեր ազգի, իսկ դրա գնահատականը տալիս է ժողովուրդը: Թե ով ինչ ասեց, ոնց ասեց, դա գնահատելու է միայն ու միայն ժողովուրդը: Դրա համար խնդրում եմ, յուրաքանչյուր ոք, ով հայտարարություն է անում, միկրաֆոնը պահեք ու հարցրեք՝ իսկ Դուք ձեր կյանքում կարո՞ղ եք մի դրվագ հիշել, թե ինչ եք արել Հայաստանի Հանրապետության համար: Անկախ պաշտոնից, տեղից ու դիրքից, սոցիալական վիճակից` յուրաքանչյուրը, որ խոսում է, հարցրեք»:

 

Մեր այն դիտարկմանը, որ կարելի է սկսել հենց իրենից, Գագիկ Բեգլարյանը պատասխանեց. «Լավ, սկսեք ինձնից: Մտովի հետ գնանք 2002 թվական: Հիշեք Կենտրոն համայնքը, աղբամանները, մաքրությունը, կանաչապատումը, տանիքների ու շքամուտքների վիճակը, ու մտովի գանք այսօր, կտեսնեք` ինչ է արել Գագիկ Բեգլարյանը»:

 

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ իր ժամանակ էլ կանաչ տարածքները վերածվեցին սրճարանների, Գագիկ Բեգլարյանն արձագանքեց, որ համայնքի ղեկավարն այդ ժամանակ իր թուլտվութամբ չէր դա անում: «Հատ- հատ ասեցի այն, ինչ եղել է համայնքի ղեկավարի լիազորության ներքո, և եթե Դրամատիկական թատրոն եք գնում, նայեք կողքի պուրակը ու հարցրեք` ո՞վ է կառուցել այս պուրակը»,- հայտարարեց Բեգլարյանը: