կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-22 16:58
Հասարակություն

Մեկը տատիկն է կտակել, մյուսը՝ հորեղբայրը. Դավիթ Հարությունյանը պատմեց իր ունեցվածքի մասին

Մեկը տատիկն է կտակել, մյուսը՝ հորեղբայրը. Դավիթ Հարությունյանը պատմեց իր ունեցվածքի մասին

Այսօր լրագրողների հետ զրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց իր ունեցվածքի մասին տարատեսակ հրապարակումներին ու խոսակցություններին:

 

Նա նշեց, որ սկզբում կթվարկի այն ունեցվածքը, որը չի կարող լինել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, մասնավորապես` Մոսկվայում գտնվող մեկ սենյականոց մի բնակարան, որն իրեն է կտակել հորեղբայրը, Երևանում գտնող մեկ կիսավարտ հին տուն, որը Դավիթ Հարությունյանի տատիկն է կտակել իրեն դեռևս մինչև քաղաքականությամբ զբաղվելը, մեկ տուն ունի, որտեղ ապրել է ինքը` ութ տարեկանից սկսած, և իր սեփականությունն է, ինչպես նաև Դիլիջանում գտնող հողատարածք, որն ինքը գնել է աճուրդով` երեք տարի առաջ:

 

«Երկու տուն, այն տունը, որտեղ ես եմ ապրում, և այն բնակարանը, ուր ես տեղափոխվեցի նախարար եղած ժամանակ: Ձեր ծնողների մեծ մասը կիմանա Երևանում ապրող հայտնի դասախոս Էդոնիս Հարությունյանին, ում մահվանից հետո որոշեցինք վաճառել այդ բնակարանը և դրա փոխարեն գնեցինք ինձ համար բնակարան: Գնեցինք բնակարան, ապրեցինք այնտեղ: Իսկ այն տունը, որտեղ ես հիմա եմ ապրում, Դավթաշենում է: Այդ հողատարածքը գնել եմ շատ ավելի վաղ` դեռևս մինչև նախարար դառնալը, և դարձյալ գնել եմ աճուրդով` չնչին գումարներով, որովհետև այդ տարածքը համարվում էր ամենաանհետաքրքիր տարածքներից մեկը: Ես դա գնել եմ իմ երեք ընկերների հետ միասին, այսինքն՝ մի հարևանս մի ընկերս է, մյուս հարևանս` մեկ այլ ընկեր է»,- մանրամասն ներկայացրեց Դավիթ Հարությունյանը:

 

Նա նշեց, որ հայտարարագրել է պատշաճ կարգով իր ունեցվածքը և որևէ բիզնես չունի:

 

Ինչ վերաբերում է «Էյր Արմենիա» ընկերությանը, նա նշեց, որ իսկապես նման ընկերություն գոյություն ունի, մասնավոր ընկերություն է, որի սեփականատերերից մեկը իր եղբայրն է, իսկ ընկերության հետ ինքն առնչություն չունի:

 

Նաև հավելեց, որ Հյուսիսային պողոտայում որևէ սեփականություն չունի, չի էլ ունեցել: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ իր կապի մասին հարցին էլ պատասխանեց. «Ընդհանրապես, Զանգեզուրում եղել եմ մանկությանս տարիներին մեկ անգամ, պղնձամոլիբդենային կոմբինատի էդ գործարքներին մասնակցել եմ ընդամենը որպես կառավարության անդամ, երբ կոմբինատում թույլտվություններ էին տրվում և այլն: Որևէ մասնակցություն, որևէ գործարք՝ լինի դա պայմանագրային, ծառայությունների մատուցման, որևէ փոխկապակցված անձի միջոցով, չունեմ»: