կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-28 18:02
Հասարակություն

Գազի հարցերով հանձնաժողովն իր հերթական դռնփակ նիստը գումարեց. մանրամասներ

Գազի հարցերով հանձնաժողովն իր հերթական դռնփակ նիստը գումարեց. մանրամասներ

Այսօր ԱԺ-ում հրավիրվել է գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի հերթական դռնփակ նիստը, որին հրավիրված էին նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գազի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը լրագրողներին հայտնեց, որ հանդիպման բուն նպատակն էր բոլոր մեծաքանակ հարցերը քննարկել այդ երկու պաշտոնյաների հետ:

 

«Նիստի նպատակն էր քննարկել հարցերը, ներկայացնել, թե մենք յուրաքանչյուր ենթահարցի մեջ ինչ բովանդակություն ենք տեսնում, և եթե մենք ունենք տարընթերցում `գրավոր տեքստի հետ կապված, հստակեցնել մեր ձևակերպումները: Նիստի նպատակն էր նաև ուրվագծել, թե որ մարմիններն են, որ կարող են այս կամ այն հարցին պատասխան տալ»,- ասաց նա՝ հավելելով, որ հարցերը կձևակերպեն և կուղարկեն համապատասխան կառույցներին՝ սպասելով պատասխաններին:

 

Հարությունյանը նշեց, որ նախարարը և ՀԾԿՀ նախագահը հասկացել են, թե հիմնականում ինչին են վերաբերում իրենց հարցերը՝ ընդգծելով, որ դա շատ կարևոր նշանակություն ունի: «Եթե զուտ գրավոր ես աշխատում, գրում ես հարցերը և ուղարկում, իսկ ստացողը քո տեքստից չի հասկանում, թե ինչ ասպեկտով ես դու հարցը դիտարկում, կարող ես կրկին ստանալ մի պատասխան, որի դեպքում ևս մեկ գրավոր հարց ուղարկելու կարիք կարող է առաջանալ»,- ասաց նա:

 

Պատգամավորը տեղեկացրեց, որ հաջորդ նիստը տեղի կունենա մյուս շաբաթ, սակայն լինելու է շատ ավելի սահմանափակ նիստ, որովհետև քննարկվելու է փորձագետի հետ:

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ կան հարցաշարեր, որոնք գազի հանձնաժողովը գրավոր պետք է ուղղի համապատասխան մարմիններին, որպեսզի պատասխաններ ստանա: «Մենք հիմա ճշտում ենք հասցեատերերին: Մենք տարբեր հարցեր ունենք, որոնք պետք է ուղղենք տարբեր հասցեատերերի, օրինակ` «Գազպրոմ Արմենիա», Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, էներգետիկայի նախարարություն»,- ասաց նա: