Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կինոքննադատ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանը, Մհեր Մկրտչյանի այրին' Թամար Հովհաննիսյանը, եւ «Անտարես» հրատարակչությունը պատրաստվում են իրականացնել մի մեծ նախագիծ, որը ենթադրում է 3 գրքի հրատարակում եւ երկու ֆիլմի պատրաստում' նվիրված Մհեր Մկրտչյանին: Նախագիծն իրականացնելու գաղափարը 20 տարվա պատմություն ունի:
Լրագրողների հետ զրույցում Զավեն Բոյաջյանը, ով նաև հրատարակվելիք գրքերի խմբագիրն է, տեղեկացրեց, որ առաջին գիրքը, որում ընդգրկված է լինելու Թամար Հովհաննիսյանի անձնական արխիվից 250-300 լուսանկար' մեկնաբանություններով, լույս կտեսնի այս տարվա առաջին կեսին:
«Գիրքը ֆոտոալբոմի բնույթ կկրի, այնտեղ շեշտված է վիզուալ-տեսողական կողմը: Գրքում տեղ գտած լուսանկարները երբևէ չեն հրապարակվել, դրանք ներկայացնում են Մհեր Մկրտչյանի եւ Թամար Հովհաննիսյանի ինչպես անձնական, այնպես էլ Մկրտչյանի ստեղծագործական կյանքի դրվագները: Թամարը հսկայական արխիվ ունի, որը լավ կլիներ, որ ոչ միայն իր սեփականությունը լիներ, այլ նաև' հանրության»,- ասաց Բոյաջյանը' հավելելով, որ գիրքն ավանդական պատկերացումներով ալբոմի նման չէ լինելու, քանի որ այստեղ ոչ թե լուսանկարն է զուգորդելու տեքստին, այլ' հակառակը:
Ի դեպ, արդեն պատրաստ են լուսանկարների մեկնաբանությունները, եւ գիրքն այժմ խմբագրման փուլում է, նաեւ պատրաստվում են ձևավորման աշխատանքներին: Գիրքը կհրատարակվի երեք լեզվով' հայերեն, ռուսերեն և անգլերեն:
Բոյաջյանը տեղեկացրեց նաև, որ գիրքն առանձին բաժիններ է ունենալու, որոնցից մեկն, ասենք, նվիրված է լինելու Մհեր Մկրտչյանի հյուրախաղերին, որոնց ժամանակ նա հանդիպել է Անրի Վերնոյին, Ազնավուրին, Ռոզի Վարդին:
Խոսելով երկրորդ գրքի մասին' Բոյաջյանը նշեց, որ այնտեղ տեղ են գտնելու Հովհաննիսյանի հուշերը Մկրտչյանի մասին, որտեղ, բնականաբար, տեքստն ավելի շատ կլինի: «Թամարը քայլող հանրագիտարան է, և չափազանց հետաքրքիր պատմություններ կան' Մկրտչյանի հետ կապված: Պարզ է, որ այն ավելի անձնական բնույթ կկրի, քանի որ լինելու են պատմություններ' նրանց համատեղ կյանքի հետ կապված: Այս գիրքը ճոխ նկարազարդումներով կլինի»,- ասաց նա:
Իսկ երրորդ գիրքը կներկայացնի Մհեր Մկրտչյանին' որպես 20-րդ դարի լավագույն դերասանի: Բոյաջյանի հավաստմամբ` շատերը Մհեր Մկրտչյանին կապում են զվարճալի ինչ-որ պատմությունների հետ և այդ պատմությունների ներքո մոռանում Մկրտչյանին' որպես մեծ դերասանի:
Ինչ վերաբերում է ֆիլմերին, ապա առաջին ֆիլմի նյութն արդեն կա: Տարիներ առաջ ամերիկահայ մի ռեժիսոր' Աննա Տերյանը, նկարահանել էր Թամար Հովհաննիսյանի հուշերը Մկրտչյանի մասին, սակայն նյութը, ինչ-ինչ պատճառներով այդպես էլ չի օգտագործվել:
«5-6 ժամանոց տեսանյութ է դա, որը Թամարն իր հետ բերել է Հայաստան: Կարծում եմ' հեռուստանախագծի միջոցով դա կյանքի կկոչվի եւ մաս-մաս կներկայացվի: Ռեժիսոր Արման Երիցյանի հետ արդեն պայմանավորվել ենք, նա էլ կիրականացնի այս նախագիծը»,- ասաց Բոյաջյանը:
Մհեր Մկրտչյանին նվիրված ևս մի ֆիլմ կնկարահանվի, որի հետ կապված, սակայն, դեռ փակագծերը չեն ուզում բացել:
Մհեր Մկրտչյանի այրին' Թամար Հովհաննիսյանը, իր հերթին նշեց, որ առաջին գիրքը կկոչվի «Չտեսնված Մհերը»:
«Յուրաքանչյուր լուսանկար մեկնաբանելիս ես վերապրում էի այդ ակնթարթը, որ լուսանկարը կենդանացնող և կյանք տվող լինի: Մհերը մինչ օրս էլ ինձ համար գոյություն ունի: Երբ մեծանում ես, հասկանում ես, որ հարաբերությունների ուրիշ ձև էլ կա' դու կարող ես մարդու հետ խոսել քո ներսում, ստանալ պատասխաններ նրանից: Մհերը նման էր ինչ-որ տարերքի, ասենք' հեղեղի, որ իր անկասելի հոսքով իր հետ բերում էր ամեն ինչ: Մհերը մի գիրք է, որը դեռ կարդում եմ, և վերջը չի երևում: Մի անգամ, երբ ինչ-որ առիթով ինձ հարցրեց' դե, ասա' սիրո՞ւմ ես ինձ, պատասխանեցի' այո, իսկ նա հավելեց' որ մեռնեմ, ավելի շատ ես սիրելու: Եվ էդպես էլ կա»,- ասաց Հովհաննիսյանը:
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ երբ վերջերս մի հարցման ժամանակ, թե' Խորհրդային միության ժողովուրդները Հայաստանն ո՞ւմ հետ են ասոցացնում, հարցվողների 90 տոկոսը Ֆրունզիկին են հիշել' չհիշելով անգամ նրա իրական անունը: «Գիրքը պետք է աուդեովիզուալ մշակույթի արդյունք լինի, այն պետք է խոսի, շարժվի: Եթե մինչև Մհեր Մկրտչյանի ծննդյան օրը /հուլիսի 4-ին/ կհասցնենք այն հրատարակել` լավ, սակայն գիրքը նվիրված չի լինի նրա ծննդյան տարելիցին, քանի որ գիրքը պետք է ունենա իր ծնունդը»,- ասաց նա: