կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-08 16:25
Քաղաքական

Գլխավոր դատախազը սիրելու բան չէ. ՀՀԿ-ական

Գլխավոր դատախազը սիրելու բան չէ. ՀՀԿ-ական

Այսօր ԱԺ հերթական քառօրյայում, երբ քննարկվում էր գլխավոր դատախազի` 2014թ. գործունեության զեկույցը, ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը նախ գովեց այն երևույթը, որ ԱԺ-ում առաջին անգամ ներկայացվում է գլխավոր դատախազի զեկույցը, ապա հիշեցրեց, որ նախկինում գլխավոր դատախազները գալիս էին` ԱԺ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու:

«Գլխավոր դատախազը, ընդհանրապես, սիրելու բան չէ, սա հիմնականում չսիրվող պաշտոն է, որովհետև գործ ունի ինչ-որ մեկին մեղադրանք ներկայացնելու, շղթայելու և այլնի հետ: Բայց, մյուս կողմից, մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը գլխավոր դատախազի նկատմամբ: Անկախ նրանից` ով ինչ տոնայնությամբ է խոսում նրա մասին, ես նրա մասին լավ կարծիք ունեմ: Համաձայն կարող եք լինել կամ չլինել գլխավոր դատախազի փաստարկներին, նրա խոսելու ոճին, ամբիոնի մոտ կանգնելու ոճին, դա ճաշակի հարց է: Գուցե իմ կանգնելու ձևն էլ ուրիշ մարդկանց դուր չի գալիս, դա բնական է: Բայց ես ինձ վիրավորված եմ զգում, որ մեկին դիտողություն են անում»,- ասաց պատգամավորը:

Նա կարծիք հայտնեց, որ գլխավոր դատախազը չի արհամարհում պատգամավորների հարցերը, հեգնական վերաբերմունք չունի, այլ հարցերին պատասխանում է մանրամասն ու մասնագիտորեն:

«Այո, գլխավոր դատախազը նաև նրա համար է, որ հարցերին պատասխանի, բայց և չպատասխանի: Գլխավոր դատախազը պարտավոր չէ իր սիրտը բացել այնպես, որ բոլորի քիմքին հաճելի լինի, նա պարտավոր չէ իր ունեցած բոլոր տեղեկությունները ներկայացնել»,- ասաց Մարգարիտ Եսայանը: