կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-19 17:31
Հասարակություն

Արդարադատության մեր «ակադեմիկոսների» ծիրանիները կլինեն կեղծ

Արդարադատության մեր «ակադեմիկոսների» ծիրանիները կլինեն կեղծ

Երևանում բացվել է Արդարադատության ակադեմիա, բացման արարողությանը մասնակցել է նաև երկրի նախագահը:

 

Ակադեմիայի դուռը բացել է արդարադատության նախարարը, և այնպիսի տպավորություն է (այդ տպավորությունն ստեղծում էին իշխանական լրատվամիջոցները, որոնք, մեկը մյուսին հերթ չտալով, տարփողում էին իրադարձությունը), թե Արդարադատության ակադեմիայի դռները բացվելու հետ վերջապես բացվել են նաև արդարության դռները, և հայ մարդու համար ուրիշ հոգս ու կարիք այլևս չկա, քան այդ դռները միշտ բաց պահելը:

 

Մինչդեռ ամբողջ խնդիրն այն է, որ արդարադատության համակարգում վերջին տարիների հսկայական ներդրումներն ու դրամաշնորհները առայժմ սոսկ «սիրունացնում» են համակարգը, մինչդեռ քաղաքակիրթ աշխարհը վաղուց է գիտակցել, որ արդարադատության կառույցները՝ գուցե, սակայն արդարությունն ինքը սիրունության կարիք չունի, որովհետև հենց փորձում ես սիրունացնել, այն արագ և անմիջապես փոխակերպվում է իր հակոտնյային՝ անարդարությանը: (Չեմ մոռանում տարիներ առաջ մեր դատավորներից մեկի այն արտահայտությունը, թե եվրոպական ստանդարտներին համապատասխանող նոր դատարանների շենքերը նպաստելու են ավելի արդար վճիռների կայացմանը):

 

Ինչ վերաբերում է Արդարադատության ակադեմիային, դա առայժմ ընկալվելու է իբրև անտեղի շռայլություն, հատկապես` եթե դեպի այն տանող ճանապարհը չի սկսվում… արդարության «մանկապարտեզից»: Այո, արդարության այբուբենն ու նախաքայլերը չսերտած, դրանցով չապրելով, ավելին՝ քամահրելով ու զանցառելով դրանք՝ մենք արդարադատության ակադեմիական բարձունքներին չենք հասնելու երբևէ, հետևաբար` արդարադատության մեր «ակադեմիկոսների» ծիրանիները կլինեն կեղծ, քանզի չեն «կարվել» արդարության մանկապարտեզներում:

 

Ի դեպ, քանի որ նորաստեղծ Արդարադատության ակադեմիայի խնդիրն է կյանքի կոչել դատավորների և դատախազների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման որակապես նոր մոտեցումները, այդ ակադեմիան շատ բաներով հիշեցնում է մեր կրթական համակարգում վաղուց ավելորդ օղակ դարձած Կրթության ազգային ինստիտուտն ու նրա մարզային մասնաճյուղերը, որոնց ո՛չ արածն է տեսանելի, ո՛չ գոյությունը՝ հասկանալի: Մի ավելորդ բերան էլ ավելացավ երկրիս աղքատ բյուջեին:

 

Լ. Սարգսյան

 

Լուսանկարը` news.am-ի: