կարևոր
1000 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-21 00:07
Հասարակություն

Անկախության տոնին կեղծ ճառեր կլինեն, սա՞ էր մեր ակնկալիքը ՀՀ-ի հարցում, 91-ի «Այո»-ն կվերահաստատենք. Բագրատ Սրբազանի ուղերձը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության 33-րդ տարեդարձի կապակցությամբ, որում ասվում է.

«Շնորհավորում եմ բոլորիս ՀՀ վերանկախության և ինքնորոշման օրվա առիթով։

Այսօր, ինչպես նախորդող տարիներին, վստահաբար կհնչեն բազմաթիվ ուղերձներ, կլինեն սրտից բխող խոսքեր, անկեղծ ապրումներ ու մաղթանքներ, բայց անխոս՝ քիչ չեն լինի սուտն ու կեղծիքը, փարիսեցիությունը, մեծախոսությունը լավ ապրելու մասին, կեղծ ճառերը, և այս ամենը այն պայմաններում, երբ գողացված է մեր ուրախությունն ու պատիվը, զրկված ենք Արցախ աշխարհից, գերության մեջ են մեր զավակները և պատանդառված մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Ես այսօր չեմ պատրաստվում որևէ մաղթանք, կամ ուղերձ հղել, այլ ցանկանում եմ իմ մտորումները բաժանել ձեզ հետ։

Վերանկախությանից ի վեր մենք արդյո՞ք հասցրել ենք կամ կարողացել ամբողջությամբ գիտակցել մեր իսկ ստեղծած պետության արժեքը, հասցրե՞լ ենք հասկանալ, թե ինչու են մեր նախնիները դարերով ձգտել անկախ պետականություն ունենալուն, իսկ այն, ինչ մենք այսօր ունենք, մեր ձգտումների, պատկերացրածների և տեսիլքների հետ արդյո՞ք աղերս ունի։ Ես ցանկանում եմ դիմել մի պարզ խնդրանքով, հորդորով՝ մի՛ կողմ թողեք քաղաքական տեսակետները, դիրքորոոշումներն ու տարբերությունը, յուրաքանչյուրս ունենք անհրաժեշտությունը՝ ինքներս մեզ պատասխանելու՝ արդյո՞ք հասկանում ենք անկախության, պետականության արժեքը, ցանկանո՞ւմ ենք՝ մեր զավակները ծնվեն, ապրեն, մեծանան սեփական ազատ, անկախ երկրում։

Եթե մենք այս պատասխանն ունենք, ազնիվ ենք ինքներս մեզ հետ, մնացած ամեն բան ավելիով կտրվի մեզ, ինչպես պատգամում է մեր Տերը։

 Շատ հուսով եմ, որ առանձնացման ու մտորումների այս պահին, միևնույն է, հանրության ճնշող մեծամասնությունն ասելու է՝ ցանկանում է ունենալ, փափագել ու պահպանել 1991-ի արյունով վերագտած ազատությունն ու անկախությունը։

Մենք Այո-ն վերահաստատելու խնդիր ունենք՝ ինքներս մեզ հետ, մեր սրտերում, այս անգամ ոչ թե քվեատուփերի առջև, այլ մեր և մեր զավակների, մեր պատմության, մեր նահատակների, մեր տառապանքների, մեր ժառանգության և մեր Աստծու առջև։

Պատահական չէ, որ «Սրբազան պայքարը» վաղը՝ սեպտեմբերի 22-ին, նախանշած միջոցառում ունի, և եթե մենք մեր մեջ հաստատում ենք այդ վճռական Այո-ն, ապա շատ հուսով եմ, որ վաղը առիթ կունենանք նաև միասին նայելու միմյանց աչքերի մեջ և կրկին վերահաստատելու մեր հավաքական Այո-ն և տեր լինելու մեր հաստատումին  և մեր հավատամքին»։