կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-14 13:47
Քաղաքական

Խանդի տեսարաններն անխուսափելի են

Խանդի տեսարաններն անխուսափելի են

Այն, ինչ քննարկվում և համաձայնեցվում է քաղաքական ոչ իշխանական չորս ուժերի միջև, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի կարծիքով, չի կարող հանրությունից դուրս լինել: «Անշուշտ, հանդիպումներ քաղաքացիների հետ կլինեն: Մենք բաց ենք նաև հանրության, ԶԼՄ-ների, մասնագիտական քննարկումների առաջ, որպեսզի նաև հանրությունը տեղյակ լինի օրակարգից»,- ԱԺ ավանդական ճեպազրույցում ասաց նա` պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե նախատեսվո՞ւմ են հանդիպումներ քաղաքացիների հետ՝ ոչ իշխանական չորս ուժերի միասնական օրակարգը նրանց ներկայացնելու նպատակով:

 

Աղվան Վարդանյանի խոսքով՝ իշխանությունը ընդունի, թե չընդունի` հասարակության մեջ կա մեծ բողոք, մեծ ընդվզում իրենց հանդեպ: Եվ եթե չորս ուժերը միասնաբար հանդես գան, իրենցից հզոր ուժ կներկայացնեն, որն անհնար է պատկերացնել առանց հանրության աջակցության: «Իշխանություններն էլ թարսի նման իրենց ամեն մի քայլով մի բան ավելացնում են: Քիչ էր կուտակայինը, գազի հետ կապված խնդիրները, Մարտի 1-ը, ընդամենը վերջերս պոլիկլինիկաներում փորձեցին համավճարի ինստիտուտը մտցնել, որը խելամտորեն հետաձգեցին: Քիչ էին այս դժգոհությունները, հիմա հետ քայլ են անում` ընդունելով թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը հեռուստատեսությամբ»,- ասաց Աղվան Վարդանյանը:

 

Խոսելով հանրության աջակցության մասին` պատգամավորը մատնանշեց «Դեմ եմ պարտադիրին» շարժումը, որը, ըստ նրա, լայն թափ է հավաքում: Եվ քաղաքացիական շարժումներին հաջորդող զարգացումները, Աղվան Վարդանյանի կարծիքով, հանգեցնելու են երկրում արմատական փոփոխությունների: Նա նաև նշեց, որ եթե իշխանությունները հավանություն տան իրենց առաջարկներին, Դաշնակցությունը միայն կողջունի իշխանությունների այդ քայլը, միայն թե իշխանություններն այդ քայլը անեն՝ երկիրը ծանր վիճակից դուրս բերելու համար:

 

«Մենք հրաշալի տեսնում ենք, որ և' իշխանության մեջ, և' ընդդիմադիր դաշտում, ուժերը տարբեր են՝ իրենց գաղափարախոսությամբ, պատմությամբ, մոտեցումներով ու մարդկային տեսակներով: Բնականաբար, ինչ-որ խանդի տեսարաններ առաջանալու են, ինչ-որ մեկը կփորձի վերմակն իր վրա քաշել, առաջ ընկնել: Սրա վրա կենտրոնանալ մենք չենք ուզում, որովհետև այս փուլում պետք է գտնել համաձայնություն կարևոր հարցերի շուրջ, և խնդիր չկա, եթե այդ համաձայնությունը դուռ կբացի 4-ի, 5-ի, 6-ի համար»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ դա է միակ ճիշտ ճանապարհը, ուստի պետք չէ ուշադրություն դարձնել ռեպլիկներին, սարկազմին: