կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-10 13:50
Քաղաքական

Քոչարյան-Պուտին հանդիպում նախատեսված չէ

Քոչարյան-Պուտին հանդիպում նախատեսված չէ

Yerkir.am.-Պարո'ն Սողոմոնյան, անցած շաբաթվա վերջին տեղական կայքերից մեկը տեղեկություն տարածեց, համաձայն որի` օրերս Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի հետ: Վերջինս, ըստ նույն կայքի տեղեկությունների, գումար է ստանում Ռոբերտ Քոչարյանից՝ ԱՄՆ-ում նրա լոբբինգն անելու և ամերիկյան կազմակերպությունների միջոցով Ռոբերտ Քոչարյանի PR-ը կազմակերպելու համար: Որքանո՞վ են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը:

 

Վիկտոր Սողոմոնյան.- Այդ տեղեկությունները որևէ աղերս չունեն իրականության հետ: Նախագահ Քոչարյանը Ջոն Էվանսի հետ չի հանդիպել, թեև պարոն Էվանսը, իմ կարծիքով, այն անձնավորությունն է, ով միշտ էլ կարող է բարձր ընդունելությունների արժանանալ Հայաստանում: Այդ հոդվածի մնացած «մանրամասները» ևս հորինված են: Հեղինակը չի ստել միայն երկու դեպքում` Ռոբերտ Քոչարյանը, իրոք, ՀՀ նախկին նախագահն է, Ջոն Էվանսն էլ՝ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ նախկին դեսպանը:

 

Yerkir.am -Անցած շաբաթ օրը «Հրապարակ» օրաթերթում հարցազրույց էր տպագրվել Ձեզ հետ, որտեղից տեղեկացանք, որ մոտ օրերս Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի հերթական նիստին: Ըստ օրաթերթի` այդ այցը հիմնականում հետաքրքրական է այն առումով, թե կկայանա՞ արդյոք այցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ունե՞ք այս հարցի պատասխանը:

 

Վիկտոր Սողոմոնյան. - Նախ պետք է ասեմ, որ «Հրապարակի» լրագրողը ինձ նման հարց չի ուղղել, սակայն, ինչպես տեսնում եք, չի վարանել ներկայացնել իր հրապարակումը հենց այդ հարցի շեշտադրմամբ: Կարող էր հարցնել և անմիջապես ստանալ պատասխանը` ոչ, Ռուսաստանի նախագահի հետ հանդիպում այս այցի ընթացքում նախատեսված չէ: Բայց այդպես, թերևս, այնքան էլ հետաքրքիր չէր լինի, ինտրիգը կկորչեր: Ի դեպ, այդ հարցազրույցը վատ իմաստով պարզապես ցուցադրական է: Թերթում հրապարակված նյութը միայն մոտավորապես կապ ունի իմ տված պատասխանների հետ: Նույն հաջողությամբ կարելի էր առանց չարչարվելու և ինձ զանգահարելու՝ կռահելով հարցազրույց հրապարակել «ինձ» հետ: Ցավոք, այս ամենը հերթական անգամ ցուցադրում է այն աղետալի վիճակը, որում հայտնվել է մեր արդի լրագրությունը: