կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-10 11:15
Առանց Կատեգորիա

Հայ ֆեմինուհիների կեղծ ու վտանգավոր օրակարգ

Հայ ֆեմինուհիների կեղծ ու վտանգավոր օրակարգ

Մարտի 8-ի տարբեր միջոցառումների շարքում մայրաքաղաքում այդ օրը մի ուշագրավ ակցիա է իրականացվել` «Ամոթ չէ պաշտպանել քո իրավունքները» խորագրի ներքո անցկացվել է քայլերթ-ֆլեշմոբ, որ կազմակերպել են հայ ֆեմինիստները:

 

«Մենք ինչպես ամեն տարի, այս տարի էլ իրականացնում ենք քայլերթ՝ նվիրված կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Պայքարում ենք հասարակությունում գոյություն ունեցող կարծրատիպերի դեմ, որոնք նպաստում են կանանց նկատմամբ բռնության տարածմանը: Եթե մենք համարում ենք, որ ամոթ է խոսել բռնության մասին, ամոթ է աշխատել, ամոթ է աղջիկ երեխա ունենալ, դրանով նպաստում ենք կանանց նկատմամբ բռնության տարածմանը»,- լրատվակայքերից մեկին ասել է «Ֆեմինիստ պլատֆորմ» նախաձեռնության անդամ Էլվիրա Մելիքսեթյանը:

 

Ֆեմինիստները մայրաքաղաքի փողոցներում անցորդներին գունավոր թերթիկներ են բաժանել, որոնց վրա գրված են եղել «Ամոթ չէ աշխատելը», «Ամոթ չէ չամուսնանալը», «Ամոթ չէ ուշ տուն գալը», «Ամոթ չէ սովորելը» կարգախոսները։ Այսպիսով` գենդերային հավասարության կեղծ գաղափարի ներքո հայ հասարակության մեջ արմատավորվող այլասերումներին զուգընթաց մի կեղծ օրակարգ էլ հայ ֆեմինիստներն են, փաստորեն, ձևավորում` հրապարակ գալով վերոհիշյալ կարգախոսներով: Նրանց համոզմամբ` հայ իրականության մեջ կնոջ կրթություն ստանալը «ամոթ» է:

 

Ապշեցուցիչ պնդում, որ հերքվում է հայ իրականության մեջ կանանց կրթության շուրջ երկուհարյուրամյա պատմությամբ, հերքվում է նույնիսկ էթնիկ օտար միջավայրերում հայ կանանց կրթական գործի տարածման բազում օրինակներով` դեռևս 19-րդ դարի կեսերին Ռ. Պերպերյանի, Մ. Մամուրյանի և շատ այլ նշանավոր հայ մանկավարժների գործունեությամբ հավաստված: Եվ հիմա` մեր դարում, երբ հայ կինն ստանում է առնվազն միջնակարգ կրթություն, իսկ բուհական կրթական համակարգի բացարձակ մեծամասնությունը կազմում են հենց նրանք, պնդել կարծրատիպի գոյության մասին, թե` հայ հասարակության մեջ կանանց ուսանելն «ամոթ» է, մեղմ ասած, ծիծաղելի է և կեղծ: Հայ հասարակությանն ուղղված զրպարտանքի նման է հնչում քայլերթի մասնակիցների մեկ այլ պնդումը` «Աղջիկ ունենալը ամոթ չէ»: Հայ կնոջ համար այդ ե՞րբ է աղջիկ ունենալը դիտվել ամոթ, որ հորինել ու մի բան էլ դրա դեմ «պայքարում» եք, ֆեմինուհի մեր քույրեր: Ընդհակառակը, եթե ամոթի խնդիր էլ կա, հայ հասարակության մեջ դա կարող է կատակով դիտվել իբրև տղամարդու ամոթ, սակայն երբեք` կնոջ: Նույնքան կեղծ է «Ամոթ չէ աշխատելը» կարգախոսը:

 

Կարելի է մտածել, որ այսօրինակ կարգախոս հրապարակ բերելը պատվեր է` ցույց տալու համար, թե մեր երկրում այնքան աշխատատեղեր կան, որ կարող էին նաև կանայք զբաղեցնել, եթե միայն չլիներ հասարակության պարսավանքն այդ երևույթի հանդեպ` կանանց աշխատանքն ամոթ է: Մինչդեռ իրականությունն այն է, որ հասարակությունն ապրում է սոցիալական այնպիսի անմխիթար պայմաններում, որ կանանց համար նույնիսկ հույժ ամոթալի աշխատանքներն արդեն ամոթալի չեն ընկալվում: Օրինակ` հարևան երկիր «աշխատանքի» մեկնելը: Հետևաբար, ոչ միայն կեղծ, այլև բարոյազուրկ պնդում է «Ամոթ է չաշխատելը», և նույնքան բարոյազուրկ` դրանով հրապարակ իջնելը:

 

Մարտյան այդ ակցիայում ամենավտանգավորը, սակայն, «Ամոթ չէ չամուսնանալը» կարգախոսն է: Դարձյալ փաստենք` հայ իրականության մեջ չամուսնացած կինը երբեք պարսավանքի չի ենթարկվել, որովհետև ամուսնանալ-չամուսնանալու խնդիրն առավելապես իրենից կախված չի եղել: Սակայն այս կարգախոսի վտանգավոր բովանդակությունը դրա այնպիսի ենթատեքստում է, որից կարելի է հետևություն անել, թե չամուսնանալն ամոթ չէ, ինչպես նաև այդ կարգավիճակում երեխա ունենալը: Ահա մի մտայնություն, որ առայժմ զգուշորեն, սակայն ակնհայտ հետևողականությամբ ամրակայվում է հանրային գիտակցության մեջ, և նշված կարգախոսը դրա վկայություններից մեկն է: Ակնհայտ է նաև, որ այս մտայնությունն ուղղված է հայի ինքնության պահպանման ամենաամուր հաստատություններից մեկի` ավանդական ընտանիքի քայքայմանը: Հայ գենդերականները վաղուց ի վեր հերոսական պայքար են սկսել ավանդական արժեքների, օրինակ` կարմիր խնձորի ավանդույթի դեմ, հիմա նրանց են միանում հայ ֆեմինուհիներն իրենց «հրատապ» օրակարգով, որը որքան կեղծ է, նույնքան էլ վտանգավոր:

 

Լ. Սարգսյան