կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-06 12:29
Քաղաքական

Վախկոտ մարդիկ են արտագաղթում, դրանց համար ա՞ սրտներդ ցավում. Սուրեն Խաչատրյան

Վախկոտ մարդիկ են արտագաղթում, դրանց համար ա՞ սրտներդ ցավում. Սուրեն Խաչատրյան

Yerkir.am-ի զրուցակիցն է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը:

 

- Պարո'ն Խաչատրյան, այսօրվա Հայաստանի ամենացավոտ խնդիրներից մեկն արտագաղթն է: Դուք գիտե՞ք ինչ պետք է անել:

-Ո՞վ ա արտագաղթում, վախկոտ մարդիկ են թողնում, գնում: Երկու կոպեկ ունեն, թողնում, գնում են: Ո՞ր մի աղքատ մարդն է գնում: Փող ունեցողն է գնում: 1991-92թթ. ովքե՞ր արտագաղթեցին, հիմնականում ռայկոմի կռիսները, հրահանգիչներն ու կոմսոմոլները, որոնք փող ունեին, վախեցան, փախան: Բայց մենք պայքարի մեջ էինք ու հիմա էլ պայքարի մեջ ենք: Վախենալ ու փախչել չի կարելի: Վախկոտ մարդկանց արտագաղթը սարքել եք ամենօրյա թեմա: Լրագրողներդ հացի շուրջ նստում եք` դրանից եք խոսում, քնելուց դրա մասին եք խոսում:

 

-Պարո'ն Խաչատրյան, իմ երկրի քաղաքացիներն են արտագաղթում, իմ հայրենակիցը, հասկանո՞ւմ եք: Այո, մենք` լրագրողներս, հացի շուրջ էլ ենք այդ թեմայից խոսում, որովհետեւ մարդիկ հաց վաստակելու համար են արտագաղթում, դա ամենացավոտ հարցն է` երկիրը դատարկվում է:

- Արտագաղթը մեր ազգային բնավորությունն ա: Համ էլ ո՞ւմ համար ա սրտներդ ցավում` վախկոտ մարդկանց համա՞ր, դրա՞նց համար, որ երկու կոպեկ ունեն, թողնում, փախնում են: Էն մարդկանց համար ա՞ սրտներդ ցավում, որ էստեղ չեն ուզում առաջին կարգի մարդ լինել, գնում են այլ երկրիր, դառնում երրորդ, չորրորդ կարգի մարդ` ստորացած ապրելով: Դրա՞նց համար ա սիրտդ ցավում:

 

- Մարդիկ անվերադարձ են գնում:

- Արևմտյան Հայաստանից որ գնացել են, վերադարձել ե՞ն:

 

-Համեմատությունը տեղի՞ն էր: ՀՀ-ն դատարկվում է:

- Չի դատարկվի, նախկին Սովետական միության երկրներից ամենաապահով ու ծաղկուն տեղն է Հայաստանը:

 

-Ես Ձեզ ճի՞շտ լսեցի` ՀՀ-ն ամենաապահովն է ու ծաղկո՞ւնը:

-Այո, հիմա` այո:

 

-Իսկ չե՞ք կարծում, որ մարդիկ վախկոտ չեն, պարզապես երկրում տիրող անարդարությունից ու ամենաթողությունից են զզվում ու թողնում, գնում:

- Ի՞նչ անարդարություն, ի՞նչ անարդարություն կա էս երկրում: Դու որ օրվա մեջ 24 ժամ քայլես էս երկրի փողոցներով, մեկը քեզ կնեղացնի՞: Ամեն մարդ իրա վաստակի տերն է, չէ՞: Էդպիսի բան չկա, չէ՞, որ մեկը գնա, մյուսից խլի, վերցնի:

 

-Ինչպե՞ս թե, իշխանությունն ամեն օր խոսում է կոռուպցիայի ու թալանի մասին:

- Չէ, նման բան չկա, բոլորն էլ պետք է գան օրինական դաշտ: Հարցրու, տես, թե եվրոպաներում աշխատող մարդկանց ոնց են կեղեքում, այ էն ժամանակ կզգաս, որ ապրում ես հրաշք երկրում: Մի քիչ խորացեք, թե չէ` միշտ վատ, վատ ասելով` չի լինի:

 

- Վերջերս մամուլը շարունակ գրում է, որ Դուք էլ եք արտագաղթելու:

- Ես ո՞ւր եմ գնում, ոչ մի տեղ էլ չեմ գնալու: Ես ո՞ւմ եմ թողնելու էս երկիրը:

 

-Ի դեպ, ինչո՞ւ եք անտրամադիր, դեմքի մռայլ արտահայտությամբ:

- Դե անտրամադիր արտահայտությունը միշտ էլ ինձ մոտ եղել է, բայց էս վերջին դեպքերից հետո...../նկատի ունի Բուդաղյանների հետ կատարվածը. Մ.Մ/:

 

- 10 տարի Սյունիքի մարզպետի աթոռը Ձերն էր: Կարոտո՞ւմ եք:

- Հիմա էլ ես անում եմ էն, ինչ հնարավոր ա: Իմ գործը Սյունիքին ծառայելն ա: Որ գաք Սյունիք, կտեսնեք, թե ինչեր ա կառուցվում Սյունիքում իմ կողմից` հրապարակներ, փողոցներ, զոհվածների հուշարձաններ:

 

-Չե՞ք կարծում, որ մեր երկրին պակասում է ուժեղ ձեռքի ունեցող լիդեր:

- Հիմա մենք ունենք այդ ուժեղ ձեռքը, դա մեր նախագահն է: Եվ հետո, հիմա, երբ ազատ արարելու ու ապրելու հնարավորություն է տրված, դուք պահանջում եք ուժեղ ձեռք: Համո Սահյանը մի լավ խոսք ուներ. «Մեկ-մեկ էս ժողովրդին ասեք, որ իրանց կանանց հետ գիշերը պառկեն, որ չասես` չեն պառկելու»:

 

-Եթե Դուք լինեիք երկրի նախագահ, կպատժե՞իք թալանողներին եւ ապօրինություն թույլտվողներին:

- Նախագահը էդ ճանապարհին ա ու պատժում ա:

 

- Բայց մենք չենք տեսնում պատժվողներին:

- Հավատացեք, որ պատժում ա թեշ թալանողներին, թեշ ապօրինություններ անողներին: Գուցե միանգամից չի երևում, բայց մի օր կերևա, կտեսնեք:

 

 Զրուցեց Մելանյա ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ