կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-04 17:19
Աշխարհ

Մեր հայրենակցի նոր նվերը` Պետերբուրգի բնակչությանը

Մեր հայրենակցի նոր նվերը` Պետերբուրգի բնակչությանը

Մեծ Հայրենականի մասին հիշողությունը՝ որպես դրանում հաղթանակած ժողովուրդներին միավորող ուժ: Այս գաղափարի ներքո փետրվարի 20-ին ՌԴ Լենինգրադի մարզի Սինյավինո ավանում բացվեց Խորհրդային Միության առաջին կրկնակի հերոս, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Գրիգորի Կրավչենկոյի հուշարձանը: Դրա կանգնեցմանն օժանդակելու առաջարկով պետերբուրգաբնակ բարերար եւ հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանին են դիմել «Շրջափակված Լենինգրադի բնակիչներ» եւ «ՌԴ ու ԽՄ հերոսների խորհուրդ»  կազմակերպությունները՝ հաշվի առնելով նրա զգալի ներդրումը Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակի հավերժացման գործում:

 

«Կրավչենկոն ծնվել է Ուկրաինայում, մեծացել Ղազախստանում ու զոհվել Ռուսաստանում, եւ ի դեմս այս հերոսի` ցանկանում էի միավորել մեր երկրները, որպեսզի վերադարձնենք նրանց միջեւ եղած սերն ու փոխըմբռնումը»,- ասում է ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալի խորհրդական եւ բարերար Հրաչյա Պողոսյանը:

 

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովում ՌԴ Դաշնային խորհրդի ներկայացուցիչ Պյոտր Ռյաբուխինը խոստովանեց, որ երազում է հուշարձանի կողքին տեսնել ԱՊՀ բոլոր պետությունների դրոշները: «20 տարուց ավելի է` աշխատում եմ Միջխորհրդարանական վեհաժողովում եւ գիտեմ, որ մասնակից պետությունների եւ նրանց քաղաքացիների համար չկա ավելի ուժեղ միավորող գործոն, քան Մեծ Հայրենականի եւ դրանում տարած հաղթանակի մասին հիշողությունը»,- վստահ է նա:

 

Ուկրաինացի օդաչու Կրավչենկոյի քանդակը ստեղծել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստա-արդյունաբերական ակադեմիայի պրոֆեսոր Լյովա Բեյբությանը: Հուշարձանի հանդիսավոր բացումը կատարեցին ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւը, բարերար Հրաչյա Պողոսյանը, Սինյավինոյի ղեկավար Վալենտինա Եմելյանովան եւ Մոսկվայի ռազմական վաստակավոր օդաչուների ակումբի նախագահ, ավիացիայի գեներալ-գնդապետ Նիկոլայ Մոսկվիտելյովը:

 

Ալեքսեյ Սերգեեւի կարծիքով` խորհրդանշական է, որ հուշարձանի պատվիրատուն այնպիսի փառապանծ ազգի ներկայացուցիչ է, ինչպիսին հայ ժողովուրդն է: «Այսօր ԱՊՀ մասնակից պետությունները պետք է կառուցեն իրենց ապագան՝ չմոռանալով ընդհանուր անցյալի մասին: Եվ այդ անցյալի միավորող գործոններից մեկը հաղթանակն էր Մեծ Հայրենականում, երբ մեր պապերն ու հայրերը՝ հայեր, ռուսներ, ղրղզներ եւ տասնյակ այլ ազգերի ներկայացուցիչներ, կռվում էին ընդհանուր թշնամու՝ նացիզմի դեմ»,- ընդգծեց նա իր ելույթում: 

 

Հուշարձանի օծման կարգը կատարվեց  Տիխվինի եպիսկոպոս Մստիսլավի հանդիսապետությամբ: Միջոցառմանը ներկա էին ԱՊՀ ՄԽՎ պատվիրակությունը, Արեւմտյան ռազմական օկրուգի հրամանատարի օգնականը, վետերաններ, հերոսներ, բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր Ուկրաինայից եւ Ղազախստանից, հերոսի զարմուհին՝ Օլգա Կրավչենկոն: «Մեր ընտանիքի համար այս հուշարձանի բացումը շատ մեծ տոն է: Անչափ շնորհակալ ենք բոլոր նախաձեռնողներին», - ասաց նա:  

Գրիգորի Կրավչենկոյի կյանքի ուղին նկարագրող` 500-էջանոց աշխատության հեղինակ Կալերիա Բոբրովան օդաչուի անունը կրող դպրոցին նվիրաբերեց նրա բարեկամների մոտ պահվող մասունքը՝ հերոսի պարաշյուտից մի կտոր: Չբացված այդ պարաշյուտն էլ դարձել է Գրիգորի Կրավչենկոյի մահվան պատճառը: «Հուշարձանները պետք են ոչ այնքան հերոսներին, որքան ներկայումս ապրող եւ ապագա սերունդներին, որպեսզի ճանաչեն նրանց, ումից արժե օրինակ վերցնել», - համոզված է Բոբրովան:

 

Բացման նախաշեմին Սանկտ Պետերբուրգից Մոսկվա էր այցելել բարերար Հրաչյա Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը եւ ծաղիկներ դրել Կրեմլի պատի մոտ, որտեղ հանգչում է Կրավչենկոյի աճյունը: Նրանք հարգել են նաեւ նույն վայրում հուղարկավորված` Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակը:  

 Գ. Մ.