կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-05 11:15
Քաղաքական

Հավատարիմ մնալով ժողովրդի շահերին` մեր երկիրը կդարձնենք ավելի ուժեղ. Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը

Հավատարիմ մնալով ժողովրդի շահերին` մեր երկիրը կդարձնենք ավելի ուժեղ. Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը

Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է: Այդ առիթով ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասված է.

 

«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ  մեր պետական կարեւորագույն տոներից մեկի` Սահմանադրության օրվա առթիվ:

 

Սահմանադրությունը որպես մայր օրենք իրապես համարվում է պետության ընթացքն ուղղորդող, քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ապահովող եւ երաշխավորող վճռորոշ փաստաթուղթ: Ժամանակի պահանջով սահմանադրական բարեփոխումները կենսական անհրաժեշտություն են դառնում պետական ու հասարակական-քաղաքական կյանքի առաջընթացի համար: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումից եւ դրանում կատարված փոփոխություններից հետո  միջպետական ու հասարակական հարաբերություններում, քաղաքականության ասպարեզում, տնտեսության ոլորտում, մարդկանց գիտակցության մեջ զգալի տեղաշարժեր են կատարվել: Եւ ներկայումս ՀՀ Նախագահի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները նպատակ ունեն մեր երկրի զարգացման ընթացքն ավելի համահունչ դարձնել ժամանակին:

 

Այն, որ առաջարկվող բարեփոխումների շուրջ քաղաքական տարբեր քննարկումներ, բանավեճեր ու տեսակետների բախումներ են տեղի ունենում, լավագույնս է վկայում Սահմանադրությամբ  նախատեսված` մարդու իրավունքների ու ազատությունների անկաշկանդ ու անխոչընդոտ իրացման մասին, փաստելով, որ ժողովրդավարությունը մեզանում բավականին հասունացել է, որ հասարակությունը քաղաքական ու քաղաքացիական զարգացման մեծ դպրոց է անցնում:

 

Սիրելի հայրենակիցներ, իրավունքների, պարտականությունների ու ազատությունների օբյեկտիվ ըմբռնումը, սեփական գործողությունների նկատմամբ քաղաքացու, պետության ու հասարակության պատասխանատու եւ գիտակցված վերաբերմունքը Հայաստանի առաջընթացի կարեւոր  գրավական են: Համոզված եմ, որ, հավատարիմ մնալով մեր ժողովրդի շահերին համապատասխանող իրական ժողովրդավարության սկզբունքներին, միասին մեր երկիրը կդարձնենք ավելի ուժեղ,  մրցունակ ու բարեկեցիկ:

 

Մաղթում եմ ձեզ խաղաղություն, երջանկություն, լավատեսություն եւ հաջողություն հանուն յուրաքանչյուրիս ընտանիքի, հանուն հարազատ երկրի բարօրության եւ զարգացման»: