կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-28 11:14
Քաղաքական

Հոլանդահայության պահանջագիրը գցվեց Ադրբեջանի դեսպանատան փոստարկղը

Հոլանդահայության պահանջագիրը գցվեց Ադրբեջանի դեսպանատան փոստարկղը

Նիդերլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը փետրվարի 27-ին հանրահավաք և բողոքի ցույց էր կազմակերպել Հաագայում Ադրբեջանի դեսպանատան առջև: Ցույցը նվիրված էր 1988 թվականի Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին և ուղղված Արցախի հարցում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության դեմ:

 

Հոլանդիայի բոլոր նահանգներից հարյուրի հասնող ցուցարարներ Հաագա էին եկել և, չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, բողոքի հզոր ցույց անցկացրեցին: Ելույթ ունեցան նաև ՀՅԴ ՆԵՄ «Գարեգին Նժդեհ»-ի անդամները և դատապարտեցին Ադրբեջանի նենգ քաղաքականությունը, պատմությունը կեղծելու և սեփական ժողովրդին և աշխարհին մոլորության մեջ գցելու փորձերը:

 

Հայ Դատի հանձնախմբի կողմից նախօրոք դիմում էր կատարվել Ադրբեջանի դեսպանություն` պահանջագիր ներկայացնելու համար, սակայն այն մնացել էր անպատասխան: Ցուցարարների և ամբողջ հոլանդահայության անունից պահանջագիրը ընթերցվեց և գցվեց դեսպանության փոստարկղը:

 

 Հաագայում Ադրբեջանի Հանրապետության դեսպան պարոն Միր Համզա Էֆենդիևին

ՊԱՀԱՆՋԱԳԻՐ

27 փետրվարի 2014 թ.

 

Մեծարգո պարոն դեսպան

 

Նիդերլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը հոլանդահայության անունից ձեզ է ներկայացնում հետևյալ պահանջագիրը:

 

ՊԱՀԱՆՋԱԳՐԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Արցախի հայ ազգաբնակչությունը հազարամյակներ շարունակ ապրել և արարել է Արցախ աշխարհում և այդ երկրամասի լիարժեք իրավատերն է: Դրա վառ ապացույցներն են հազարամյա պատմական կոթողներն ու հուշարձանները, որոնք չնայած ասպատակումների դեռ մեծ թվով կանգուն են և նշմարելի Արցախի յուրաքանչյուր հատվածում:

 

2. Որպես անկախ և ինքնավար պետություն Արցախը սակայն պատմության ընթացքում չի ստացել իր իրավական կարգավիճակը և միշտ գտնվել է  տարբեր զավթիչների տիրապետության տակ: Այդուհանդերձ պահպանել է իր գերակշռող հայ ազգաբնակչությունը և բոլոր ժամանակներում եղել է հայկական տարածք՝ հատկապես իր բնակչության կազմով:

 

3.  Վերջին պատմական զավթիչը խորհրդային բռնապետությունն էր, որը հայ և ադրբեջանցի ժողովուրդների մեջ թշնամանք առաջացնելու և բորբոքելու հստակ միտումով ստալինյան խայտառակ հրամանագրով Արցախը բռնակցեց Ադրբեջանի խորհրդային հանրապետությանը:

 

4. Ինչպես երբեք, այս անգամ էլ Արցախի ազատասեր ժողովուրդը չհաշտվեց նման անարդարության հետ և տարիներ շարունակ պայքարելով վերջապես արտահայտեց իր կամքը՝ ինքնավար, ազատ և անկախ ապրելու համար:

 

5. Ադրբեջանի կառավարությունը ըմբռնումով մոտենալու փոխարեն Արցախի ժողովրդի արդար պահանջին, գնաց խնդիրը արյունահեղ հակամարտության վերածելու ճանապարհով և 1988 թվականի փետրվարի 26-ից 29-ը ընկած ժամանակահատվածում Սումգայիթում հարյուրավոր հայ քաղաքացիների սպանդի ենթարկելով փորձեց խեղդել արցախահայության ազատատենչ ոգին: Չլիներ այս արյունահեղությունը, հնարավոր էր թերևս խնդիրը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծել: Սակայն այս սպանդով սկիզբը դրվեց ատելության և թշնամանքի, որը վերածվեց ահեղ պատերազմի:

 

6. Հետագա տարիներին Ադրբեջանը չհրաժարվեց իր հարձակողական քաղաքականությունից և փորձեց ուժի և բռնության միջոցներով ճշնել արցախահայության ազատ կամքի արտահայտության իրավունքը: Այս կեցվածքը հանգեցրեց դաժան պատերազմի երկու հարևան ազգերի միջև և տասնյակ հազարավոր զոհերի պատճառ դարձավ երկու կողմերից:

 

7.  1994 թվականին կնքված հրադադարի միջոցով տիրում է համեմատական խաղաղություն, որը սակայն մշտապես խախտվում է Ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողություններով և մարդասպան դիպուկահարների դավադիր սպանություններով, որոնք խափանում են հարատև և կայուն խաղաղության ստեղծման գործընթացը:

 

8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չնայած Ադրբեջանի ռազմատենչությանը քսան տարիների ընթացքում վերածվել է կայացած մի պետության և կայուն քայլեր է կատարում ժողովրդավար և իրավական պետության ստեղծման ճանապարհին:

 

9. Ադրբեջանի ներկայիս իշխանությունները որդեգրել են խիստ  ոչկառուցողական դիրքորոշում և սպառազինությունների մրցավազքով և հայատյաց քարոզչությամբ սեփական ժողովրդին մոլորության մեջ են գցում նոր պատերազմի ծրագրերով:

 

Ելնելով վերոհիշյալից այսօր մենք ողջ հոլանդահայության անունից ձեզ ենք ներկայացնում հետևյալ պահանջները.

 

ՊԱՀԱՆՋԱԳԻՐ

 

1. Անմիջապես դադարեցրեք բռնությունների և ուժի բոլոր տեսակի դրսևորումները և խնայեք ո՛չ միայն հայ զինվորների կյանքը, այլ նաև ձեր սեփական զինվորներինը, քանի որ յուրաքանչյուր ռազմական գործողություն ստանում է իր համարժեք պատասխանը և երիտասարդ կյանքներ են ոչնչանում:

 

2.  Ճանաչե՛ք և հարգե՛ք Արցախի ժողովրդի ազատ, անկախ և ինքնուրույն ապրելու իրավունքը և բանակցություններ սկսեք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության հետ:

 

3.  Դադարեցրեք հայատյաց քաղաքականությունը ամբողջ աշխարհում և մի գցեք ձեր ժողովրդին մոլորության մեջ՝ նրանց սնելով պատերազմը վերսկսելու մոլուցքով: Պատերազմի վերսկսումը առաջին հերթին մեծագույն ողբերգություն կլինի հենց Ադրբեջանի ժողովրդի համար:

 

4. Փորձեք հարևան ժողովրդների միջև խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հիմքեր դնել և ոչ թե նոր պատերազմներ սանձազերձել:

 

Սույն պահանջագիրը ողջ հոլանդահայության անունից հանձնվում է ձեզ 2014 թվականի փետրվարի 27-ին տեղի ունեցած հանրահավաքի արդյունքում:

 

ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբ