Փոխարժեքներ
06 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 403.03 |
EUR | ⚊ | € 424.19 |
RUB | ⚊ | ₽ 3.92 |
GBP | ⚊ | £ 512.57 |
GEL | ⚊ | ₾ 143.55 |
Սայաթ-Նովայի «Քամանչա» երգի մեղեդին վաղուց են ադրբեջանցիները գողացել եւ այն համարում են իրենց ազգայինը: Այս անգամ, սակայն, ադրբեջանցի երգչուհի Ազերինի «Քամանչան» թուրքականացրած` «Ալեկոծվեց Սեւ ծովը» երգի կատարումը աղմուկ է բարձրացրել Ադրբեջանում, քանի որ թուրք հայտնի երաժիշտ Ուղուր Ըշըլաքը Բաքվում խոստովանել է, որ երգի իրական հեղինակը հայ է:
Yerkir.am-ի հետ զրույցում «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը նշեց, որ արդեն «նորմալ» է դարձել, որ բոլորը մեզնից պետք է գողանան:
«Բայց դա նրանից չէ, որ մենք տեր չենք կանգնում մեր ազգային արժեքներին: Սայաթ-Նովան թուրքերեն «Քամանչա» չունի գրած, այն հայերեն է գրել, եւ Սայաթ-Նովայի օրերից մինչ այսօր այն պահպանվել է հայերեն. բազմաթիվ ձայնագրություններն այդ են փաստում: Առաջին դեպքը չէ, որ նրանք գողանում են հայկական երգերի մեղեդին: Շերամի երգերը նույնպես գողանում են: Ի՞նչ պետք է անել, եթե մարդու արյան մեջ գողանալը նստած է»,- ասաց Պողոսյանը:
Նրա հավաստմամբ` այսօր թուրքական երաժշտությունը բավականին զարգացել է` սրբելով հարեւան ժողովուրդների /հայերի, հույների, պարսիկների, արաբների, ասորիների, քրդերի/ մշակույթը, այնտեղից սերուցքը, երաժշտական լավագույն պատառիկները վերցնելով: Պողոսյանը նշեց` ադրբեջանցիներն ու թուրքերը պետականորեն ազգային երաժշտության ստեղծման եւ պահպանման քաղաքականություն են վարում, քարոզում ազգային երաժշտությունը եթերով, մի բան, որը, ցավոք, մենք չենք անում:
«Նրանք ազգային երաժշտության մշակույթ են ստեղծել չեղած տեղից: Պատմությունից հայտնի է, որ նրանք իրենց հետ բերել են մեկ լարանի շերեփանման մի գործիք, իսկ հիմա աշխարհի շքեղ նվագարանները, հատկապես` արեւելյան, համարում են իրենցը: Նրանք կայացել են գողության միջոցով` որպես մշակութային ազգ: Թուրքալեզու հայ աշուղների բազմաթիվ գործեր վերագրում են իրենց, քանի որ աշուղի անունն էլ թուրքերեն է եղել, ինչը լավ օրից չի եկել` մեր աշուղներին պարտադրել են անվանափոխվել»,- ասաց Պողոսյանը:
Նա հիշեց նաեւ ուշագրավ մի դեպք. տարիներ առաջ թուրքական մի հաղորդման հյուրը «Գորշ գայլեր» կուսակցության ղեկավարն է եղել, եւ հաղորդման սկզբում հնչել է կուսակցության հիմնը, որը մեր «Քամանչա»-ն է եղել: Երբ ուղիղ եթերում մեկը զանգահարել եւ բողոքել է, թե` որքան գիտեմ, դա ինչ-որ հայ աշուղի երգ է, ի՞նչ է, մենք չունե՞նք մեր ազգայինը, որ նրանցն ենք վերցնում, կուսակցության ղեկավարը պատասխանել է. «Այո, դա նրանց էր, իսկ հիմա մերն է»: